Մոտեցել ենք 2-որդ փուլի վերջին, 4-րդ փուլում, ապրիլի կեսերից, մայիսի սկզբից հնարավոր է վերադառնանք բնականոն կյանքին

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին այսօր հարց ուղղվեց՝ արդյո՞ք կա գործողությունների պլան Բ՝ այն պարագայում, երբ կորոնավիրուսի համաճարակի տարածման ծավալներն ավելանան:
«Մենք մոտեցել ենք երկրորդ փուլի վերջին, մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումները, ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները, տնտեսական գործունեության սահմանափակումներ, անվտանգության և սանիտարահամաճարակային կանոններ, վերահսկողության մեխանիզմներ, տույժ-տուգանքներ»,- ասաց նա:

Ավինյանը նշեց՝ հաջորդ փուլն ապրիլի 14-ից՝ արտակարգ դրության ավարտից հետո կարող է լինել, հույս հայտնեց, որ այնքան արդյունավետ գործիքներ կկարողանան զարգացնել, որոնք թույլ կտան արդյունավետ ձևով կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել:

«Դրանք առկա են, մենք սպասում ենք օրենքի ընդունմանը՝ վարակակրի հետ շփում ունեցած հավանական անձանց շրջանակը րոպեների ընթացքում պարզելու համար, պետք է նաև հետևենք ինքնամեկուսացման կանոնի խստագույն պահպանմանը»,- ասաց Ավինյանը:

Պարետը նշեց, որ չորրորդ փուլում՝ փուլ-փուլ հանելով սահմանափակումները, հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին, եթե կարողանան կանխարգելման և մեկուսացման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնել:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: