Մոսկվայի նոր առաջարկը Բաքվին.

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Ռոսատոմին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել է, որ ընկերությունն Ադրբեջանի նախագահին արել է խաղաղ ատոմի ուղղությամբ գործակցության առաջարկ, որը ենթադրում է կամ միանգամից նոր ատոմակայանի շինարարության մեկնարկ, կամ քայլ առ քայլ գործակցության հաստատում: Ըստ Ռոսատոմի աղբյուրի, ադրբեջանական կողմը ներկայում մտածում է:

Համապատասխանում է տեղեկատվությունն իրականությանը, թե՞ ռուսները հող են շոշափում Ադրբեջանում, ցույց կտա ժամանակը: Ռոսատոմի մտադրությունը զարմանալի չէ թե քաղաքական, թե բիզնես տեսանկյունից: Ռուսաստանը փորձում է հնարավորինս շատ թելեր գցել Ադրբեջանի ուղղությամբ, ինչը պայմանավորված է մի շարք մարտահրավերներով, որոնք ի մի բերելով կարող ենք արձանագրել, որ Մոսկվան լուծում է ոչ միայն ռեգիոնալ խնդիրներ, այլ նաեւ փորձում հետ չմնալ Ադրբեջանում ազդեցության համար պայքարում: Իսկ մրցակցությունն այստեղ բավական խիտ է:

Միաժամանակ, Ռոսատոմի աղբյուրը նշել է, որ Ադրբեջանը համաձայնության դեպքում թերեւս վարկ չի վերցնի Ռուսաստանից, այլ կկառուցի իր փողով: Այստեղ թերեւս Ռոսատոմի բիզնես շահն է՝ Ադրբեջանը կարող է դիտվել վճարունակ հաճախորդ, իսկ ռուսական ընկերությունները միջազգային մեկուսացման քաղաքականության պայմաններում ունեն հաճախորդների մեծ կարիք:

Ադրբեջանին Ռոսատոմի առաջարկն առիթ է հիշել հայկական խաղաղ ատոմի շուրջ զարգացումները, որտեղ Ռոսատոմը նույնպես ունի ներկայացվածություն, ու բավական հետաքրքիր ներկայացվածություն: Խոսքն այն մասին չէ, որ ռուսական կողմը 270 միլիոն դոլարի վարկ եւ 30 միլիոն դոլարի դրամաշնորհ է տվել Հայաստանի կառավարությանը, որով աշխատանք է կատարվում Մեծամորի ատոմակայանի գործունեությունը տասը տարի երկարաձգելու համար:

Ռոսատոմը Հայաստանի հետ համաձայնագիր է ստորագրել նաեւ նոր ատոմակայանի կառուցման համար: Դա տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսին, երբ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Մեդվեդեւը: Համաձայնագրի ստորագրման առիթով հայտարարվել էր, որ Ռուսաստանը կապահովի շինարարության ֆինանսավորման 20 տոկոսը: Հաշվի առնելով այն, որ ատոմակայանի արժեքը այդ ժամանակ գնահատվել էր 5 միլիարդ դոլար, փաստացի ստացվում էր, որ Ռուսաստանը պատրաստ էր ֆինանսավորել մեկ միլիարդը: Մնացյալը պետք է գտներ Հայաստանի կառավարությունը:

Հայաստանի կառավարությունը չգտավ ոչինչ, թեեւ Սերժ Սարգսյանը նոր ատոմակայանի կառուցման ծրագրի մասին հայտարարել էր դեռեւս 2008 թվականին, ԱԺ-ում իր հայտնի ելույթի ընթացքում: Տասը տարի անց նոր ատոմակայանը դեռեւս թուղթ է, եւ ընդամենը աշխատանք է կատարվում հնի աշխատանքը առաջիկա տասնամյակով երկարաձգելու ուղղությամբ:

Թերեւս բազմաթիվ են պատճառները, թե ինչու Հայաստանի կառավարությունը չգտավ ներդրողներ: 4 միլիարդը անշուշտ փոքր թիվ չէ, սակայն միեւնույն ժամանակ խնդիր է նաեւ Ռուսաստանի գերազդեցությունը Հայաստանի վրա: Ո՞վ միլիարդ կներդնի երկրում, որն ունի ինքնիշխանության լուրջ խնդիր:

Թե ինչու շահագրգռված չէր շինարարությունն ամբողջությամբ իր վրա վերցնել Ռուսաստանը, թերեւս նույնպես պարզ է: Ատոմակայանը, անգամ իրավաբանորեն Ռուսաստանի հետ եւ ՌԴ փողով կառուցվող, Հայաստանի համար էներգետիկ եւ քաղաքական անկախության գործիք էր, եւ պարզ է, որ դրա համար Մոսկվան չէր ծախսի միլիարդներ: Փոխարենը, Ռուսաստանը զուգահեռ 20 միլիարդ դոլարի ատոմակայանի շինարարության ծրագիր էր իրականացնում Թուրքիայի հետ:

Այժմ Ռոսատոմը խաղաղ ատոմի շուրջ գործակցության առաջարկ է անում Բաքվին: Բաքուն թերեւս ունի դրա կարիքը, ինչն ակնհայտ էր անցնող տարվա ամռանը, երբ Մինգեչաուր ՀԷԿ-ում վթարի հետեւանքով Ադրբեջանի գրեթե կեսը, այդ թվում մայրաքաղաք Բաքուն հայտնվեց խավարի մեջ:

Մյուս կողմից, թերեւս վատ չէ, եթե Ռուսաստանն Ադրբեջանին անի ոչ թե միլիարդավոր դոլարների սպառազինության, այլ ատոմակայանի կառուցման ծրագրի առաջարկ: Ի վերջո, մեկով կամ մի քանիսով կավելանա այն օբյեկտների թիվը, որտեղ վթարի հետեւանքով Ադրբեջանը կարող է հոսանքազրկվել: Ռուս-ադրբեջանական այդ գործակցությունը, ի տարբերություն ռազմա-տեխնիկականի, խոցելի է դարձնում արդեն Բաքվին, ոչ թե Հայաստանին:

Այլ հարց է, որ դրա համեմատ բավականին սուղ է Հայաստանի հետ ՌԴ տնտեսական գործակցությունը, բայց դա թերեւս Երեւանի համար չպետք է դիտարկել լուրջ խնդիր: Այստեղ Հայաստանը պետք է ինտենիվ աշխատի իր համահայկական ռեսուրսի գեներացման ուղղությամբ, իսկ Ռուսաստանից պետք է ակնկալել ու պահանջել, որ Հայաստանի համար մի կողմից չստեղծի նոր սպառնալիքներ, մյուս կողմից կատարի եղած սպառնալիքները չեզոքացնելու հարցում իր դաշնակցային պարտավորությունը, ինչպես Հայաստանն է կատարում:

lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: