
Այո´, մարտի 1-ը յուրաքանչյուրիս ճակատագրում վճռական նշանակություն է ունենցել` սարսափելի հետևանքներով: Այդ օրը մեզ բոլորիս գնդակահարեցին` թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես: Մարտի 1-ից տասը տարից անց` 2018 թվականի մարտի 1-ին, հեռացա իմ երկրից, քանի որ ինձ թվում էր, թե քրեաօլիգարխիկ համակարգին վերջ չկա, ազատում չկա: Սոցիալ-տնտեսական ստեղծված վիճակն էլ ինձնից լավ գիտեք: Ինչևէ:
Եթե հիշում եք, մարտի մեկից հետո մարդիկ անգամ վախենում էին բացահայտ ասել, որ այդ օրը ներկա են եղել քաղաքապետարանին հարող հրապարակում կատարված իրադարձություններին: Կար վախ, որ Քոչարյանը և նրա սիամական համախոհը վենդետա կանեն, և անում էին: Դա մի վախ էր, որ շուրջ տասը տարի հետապնդել է մեզ, բոլորիս, յուրաքանչյուրիս չափ առ չափ: Այդ շարժման յուրաքանչյուր ներկայացուցչի մատով էին ցույց տալիս, ըստ տեղի` մեկուսացնում, ակնարկում, որ դու լևոնական ես եղել, համակարգին դեմ ես եղել, հետևաբար` ինքնին վտանգ ես քեզնից ներկայացնում և այլն:

Կայծակնային արագությամբ լուրը տարածվեց, որ լուսադեմին օպերայում խաղաղ ցուցարարներին վենդետիստ իշխանությունները ցրել են: Կյանքում չեմ մոռանա քաղաքապետարանին հարող տարածքում հայտնված տանկերը, իսկ երեկոյան օդում սլացող լուսավոր ‹‹հրթիռները››, իրոք, սարսափ ֆիլմերի տեսարաններ էին հիշեցնում: Չէինք պատկերացնում, թե ինչ էր կատարվում կամ ինչ էր տեղի ունենալու: Մեզնից յուրաքանչյուրին կարող էին խոցել այդ հրթիռները, կարող էինք լինել մարտի մեկի զոհերից մեկը: Գիշերվա 11-12-ի կողմերը լքեցինք էպիկենտրոնը, ոստիկանները և զորքերը տարբեր կողմերից դարանակալել էին հրապարակը: Իրոք, ահավոր էր այդ ամենը տեսնելը:
Հիմա երբ այդ ամենի կազմակերպիչը չքմեղանում է և տարբեր անհեթեթ շահարկումներ ճոճում, մարդ զարհուրում է: Նույնիսկ նա նշում է, որ գիրք է գրել: Գրքեր մենք էլ կարող ենք գրել, թե ինչպես գնդակահարեցիք հայ ազատ քաղաքացուն այդ օրը և հետագայում ձեր ոճի մեջ մարդկանց մատնեցիք մաքառումների, բանտերը լցրիք անմեղ ցուցարարներով, և ով ձեր ստրուկը չէր, ճանապարհներ կանխորոշեցիք` կա´մ արտագաղթ, կա´մ տառապանք, կա´մ մաքառում:
Քոչարյանից հարցազրույց վերցրած լրագրողը ճիշտ կաներ նաև հարց տար, թե այս ընթացքում ինչպես եղավ, որ նրա ընտանիքը դարձավ գերմիլիարդատեր: Ա՜խր, հարցեր կան, է՜, շա՜տ հարցեր, որոնց համար պետք է Քոչարյանը և նրա հոգևոր ժառանգը պատասխան տան սերունդների, արդար դատաստանի առաջ:
Իսկ այսօր Քոչարյանը գութ է փորձում առաջացնել, իրեն սրբի տեղ դնում, իբր երկիրն իր օրոք տնտեսական աճ է ունեցել և այլ հեքիաթներ, սպառնում, որ իրեն ձերբակալելը մեր պետականությանը վտանգ է ներկայացնում: Հասկանալի է, թե Քոչարյանի նման հրեշը ինչ է պլաններ է մտմտում: Հույսը մեկն է` հայ ժողովուրդը պետք է միասնական լինի ներքին թշնամու դեմ պայքարում, քանի որ մինչ աշխարհը և ազգերը զարգանում էին համաչափորեն, մենք քոչարյանների ու սերժերի ղեկավարությամբ տառապում էինք, նահանջում, մեռնում…Իսկ մենք աշխարհի եզակի ազգերից ենք, որ բոլոր պաշարներն ունենք լավ ապրելու, մեր երկիրը հզորացնելու, մեր սերունդներին հավերժացնելու:
Անհամբեր եմ, թե երբ պետք է լսեմ Սերժիկի նկատմամբ քրգործ հարուցելու ավետիսը….
Գարիկ Մկրտչյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք