
Իմ քայլը դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան, թե եթե մեծամասնություն չստանան, կոալիցիա կկազմե՞ն այլ ուժերի հետ, ասաց, որ պատրաստ են ցանկացած ուժի հետ ցանկացած ձևաչափով աշխատել: «Անձամբ ինձ համար և մեր թիմի համար ամենակարևորը մեր Երևանը կառուցելն ու մեր երազանքների քաղաք դրաձնելն է: Թե դա ինչ ճանապարով կլինի, կարևոր չէ: Մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել և բոլորի լավ ու պայծառ մտքերը անպայման օգտագործել»,- ասաց նա:
Մարությանի խոսքով՝ կան ուժեր, որոնք փորձում էին տապալել այս ընտրությունները, կլինեն հակահեղափոխական, սև, թե հակաժողովրդական, բայց այդ ուժերը կան: Թե ովքե՞ր են այդ ուժերը, հարցին, նա պատասխանեց՝ ամենալավն իրենք գիտեն, իրենք կհասկանան իրենք ով են:
Շատ ուժեր ասում են՝ այսպես կամ այնպես է եղել, բայց ես կասեմ, որ վստահաբար մեր թիմի հանդեպ սև փիարի էլոմենտներ են օգտագործվել: Ընդհանրապես ընտրարշավն այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում: Ամբողջ աշխարհում է այդպես, ուղղակի մենք սովոր չենք դրան: Կհիշե՞ք մեզ մոտ ոնց էր անցնում ընտրությունները: Ընտրարշավը՝ հանգիստ, հանդարտ, ոչ մի բան չկա, ամեն ինչ լավ ա, ընտրություններից հետո սկսվում էր: Հիմա դա տեղի է ունենում մինչև ընտրությունները»,- ասաց նա:
Հարցին, եթե իրենց ուժը չհաղթի, կարտագաղթի՞ Հայաստանից, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ես արդեն 14 տարի է, ինչ Պրահայում ունեմ կացության քարտ: Բոլոր հնարավորություններն ունեմ, եթե ես ուզենայի գնալ ու այնտեղ ապրել, կգնայի: Բայց մեր ընտանիքը միշտ ապրում է Երևանում և շարունակելու է ապրել Երևանում»: