Մենք խնդիրներ ունենք Հայաստանի ղեկավարության հետ․ եթե նրանք դրական քայլեր ձեռնարկեն, ապա մենք կարող ենք բացել մեր սահմանը Հայաստանի հետ․ Էրդողան

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում»,- այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Ես չեմ կարող մերժել Պուտինի մոտեցումները: Նրա դրական վերաբերմունքը նպաստեց այս գործընթացը դեպի դրական կողմ տանելուն: Ես նաև ուզում եմ կարևորել (տարածաշրջանային անվտանգության ապահովման համար) այն հարթակը, որի մասին խոսեց իմ եղբայրը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև): Այդ հարթակում կարող են լինել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և, եթե համաձայնի, նաև Հայաստանը», – շեշտել է Էրդողանը, ում ելույթը հեռարձակել է TRT հեռուստաալիքը:

Թուրքիայի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան հայ ժողովրդի հետ խնդիրներ չունի:

«Մենք խնդիրներ ունենք Հայաստանի ղեկավարության հետ: Եթե նրանք դրական քայլեր ձեռնարկեն, ապա մենք կարող ենք բացել մեր սահմանը Հայաստանի հետ», – հավելել է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: