Մարիա Զախարովան Ադրբեջանին ասել է, որ Նիկոլը ճիշտ է

Lragir.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ռուսական Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին:

Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Ռուսաստանը որպես գերտերություն ունի Ադրբեջանին պատերազմ թույլ չտալու բոլոր հնարավորությունները եւ ինքը չի հավատում, որ Ռուսաստանը չի օգտագործի դրանք, եթե Ադրբեջանը փորձի գնալ այդպիսի քայլի:

«Բոլոր ջանքերը կենտրոնացած են միջնորդական դերի վրա, որի վերջնական նպատակն է երկու կողմի համար էլ ընդունելի պայմանավորվածությունների ձեռքբերումը: Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը գիտեն, որ Մոսկվան այդ առումով վստահելի գործընկեր է », ասել է Զախարովան:

Փաշինյանի հայտարարությունն արժանացավ տարբեր գնահատականների:

Միարժեք էր, որ Երեւանը խնդիրը դնում է շատ հստակ եւ ի տարբերություն օրինակ Սերժ Սարգսյանի, պատերազմի կանխարգելման ու ռեգիոնալ անվտանգության համար Ռուսաստանի պատասխանատվությունը՝

Նիկոլ Փաշինյանը շեշտադրում է պատերազմից առաջ, ոչ թե պատերազմից հետո, ինչպես արեց Սերժ Սարգսյանն ապրիլյան քառօրյայից հետո, այն էլ անուղղակի:

Խնդիրն այն է, որ պատերազմից հետո շեշտադրումը ընդամենը սեփական պատասխանատվությունը Ռուսաստանի պատասխանատվության շեշտադրման միջոցով հնարավորինս լղոզելն է:

Պատերազմից առաջ պատասխանատվության շեշտադրումը անձնական պատասխանատվություն ստանձնելու միջոցով Ռուսաստանի պատասխանատվությունն ընդգծելով հնարավոր ռիսկերը կանխարգելելու միջոց է:

Դա պատերազմը զսպելու ամենեւին ոչ հիմնական, սակայն առանցքային միջոց է, որին դիմում է Երեւանը, օգտագործելով նոր իշխանության լեգիտիմությունը:

Տողատակում դա է: Նոր իշխանությունը իրեն պահել եւ պահում է Ռուսաստանի հանդեպ միանգամայն բարեխիղճ (այդ առումով անբարեխիղճ չէր իհարկե նաեւ նախկին իշխանությունը),

բայց միեւնույն ժամանակ պատասխանատվությունը դնում է փոխադարձ ու հստակ, ցույց տալով, թե ինչ կարող է կորցնել Ռուսաստանը փոխադարձության սկզբունքը խախտելու դեպքում:

Ռուսաստանը կարող է կորցնել Հայաստանի հանրության լոյալությունը, ու կորցնել անվերադարձ:

Դա այն է, ինչ նախորդ իշխանությունն իրեն թույլ տալ չէր կարող, քանի որ նախորդ իշխանությունը լեգիտիմության գրեթե զրոյական մակարդակի պայմաններում կարող էր ինքը կորցնել՝ իր իշխանությունը, եթե Ռուսաստանի առաջ փոխադարձության խնդիրը դներ առավելագույնս հստակ:

Դրա փոխարեն փորձ էր արվում շրջանցել հստակությունը, դիմել զանազան միջնորդական ծառայությունների, եւ այդ միջնորդական խողովակներում էլ խոշոր հաշվով խեղվում էր հայ-ռուսական միջպետական հարաբերությունը:

Տեղի էր ունենում վտանգավոր նենգափոխում: Խորքային, բովանդակային, որակական առումով խեղվող հարաբերությունը ներկայացվում էր իբրեւ ջերմ ու բարեկամական:

Հարաբերությունը ներսից քայքայվում էր, առերեւույթ կարմրաթշության պահպանման ուղղությամբ ինտենսիվ ջանքերի պայմաններում:

Հայաստանի նոր իշխանությունն իրեն թույլ է տալիս հրաժարվել հայ-ռուսական հարաբերության կարմրաթուշ արտաքինից եւ խոսել ներսից քայքայվածության մասին,

Մոսկվայի հետ աշխատանքում փորձելով հասնել նրան, որ հայ-ռուսական հարաբերության ռեժիմն անցնի ներսից առողջացման ռեժիմի:

Իսկ դա ենթադրում է առերեւույթ խնդիրների, տարակարծությունների, տարընթերցումների, նույնիսկ չհասկացվածության դրսեւորումներ տարբեր մակարդակներում, ինչը սակայն ոչ թե հայ-ռուսական հարաբերություն է քայքայում, այլ հակառակը՝ քայքայված օրգանիզմի բուժման անխուսափելի կուրսն է:

Ընդ որում, պաշտոնական Մոսկվայի արձագանքները հուշում են, որ առնվազն կա այդ կուրսի առնչությամբ նախնական համաձայնություն,

ու թերեւս հենց դրա մասին էր նաեւ Պուտինի հետ շփումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ակնարկը, թե նրա հետ ավելի հեշտ ստացվեց հաղորդակցվելը, քան թվում էր մինչ այդ, որովհետեւ Պուտինը բաց ու անկեղծ զրուցակից է:

Գործնականում, Մարիա Զախարովան էլ ադրբեջանական գործակալության հարցին ի պատասխան դիվանագիտորեն ընդունում է ՌԴ պատասխանատվությունը եւ հաստատում է, որ «Նիկոլը ճիշտ» է, երբ ասում է, որ Ռուսաստանը կարող է կանխել:

Զախարովան իհարկե չէր կարող ավելի բաց ասել, թե թույլ չեն տա Ադրբեջանին գնալ ռազմական սադրանքի:

Մարիան իհարկե ճիշտ չէ, երբ ասում է, թե միշտ եղել են կառուցողական միջնորդ: Ապրիլի պատերազմից առաջ Ռուսաստանը եղել է ոչ թե կառուցողական միջնորդ, այլ ուղղակի Ադրբեջանին տվել է պատերազմի հնարավորություն եւ իրավունք:

Իհարկե, այդ հարցում մեծ դեր է ունեցել Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը, իսկ տողատակում էլ Հայաստանի այսպես ասած ոչիշխանական ընդդիմության գործունեությունը:

Սակայն դա այլ պատմություն է, իսկ Մոսկվան էլ ապրիլյան քառօրյայի ընթացքում տեսավ, թե այդ ամենի վրա Հայաստանում հենվելը ինչպիսի դատարկություն է առաջացրել ոտքի տակ, ընդ որում գործնականում Կովկասի մասշտաբում:

Понравилась статья? Поделиться с друзьями: