Մարդիկ ահազանգում են. Գազալցակայաններում գործող խաղային ապարատները կհեռացվեն

Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում ոչ միայն գյուղական համայնքներում, դրանք պետք է ուղղակի հանվեն այդ տարածքներից հնարավորինս շուտ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես դա կազմակերպել, որպեսզի մենք այդ խնդիրն իսկապես ճիշտ լուծենք, շատ կարևոր հարց է: Ընդհանուր առմամբ, երբ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է՝ դրանում այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա ընդհանրապես աբսուրդ է, և մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը. մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մի կողմից, կներեք բառիս համար, ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկը խրախուսենք, ոչ էլ մյուսը, սա շատ լուրջ խնդիր է և տուժում են մարդիկ, ընտանիքներ, ճակատագրեր և այլն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ կազմակերպել: Ըստ վարչապետի՝ ահազանգեր կան, որ ոլորտի մի խումբ ընկերությունների շահերը հաշվի են առնված, մյուսներինը՝ ոչ:

«Ոչ մի խնդիր չկա, բաց, թափանցիկ, հրապարակային քննարկենք, հասկանանք ում շահերն են ավելի շատ հաշվի առնված, ումը՝ ոչ, որտեղ կան սուբյեկտիվ պահեր, դրանք բացառենք և լուծենք այս խնդիրը, որովհետև սա իսկապես լուրջ խնդիր է, և մարդիկ համատարած այս խնդրի մասին ահազանգում են»,- ասաց վարչապետը:

Հայ Ինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями: