Ճակատագրական առաջարկ. Սերժ Սարգսյանի անձնազոհությունը

ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին արել է երկկողմ բանավեճի առաջարկ, հայտարարելով, որ պահպանում է առաջին դեմքերի մակարդակով հավաքական բանավեճի հանձնառությունը, որ լինելու է Հանրային հեռուստաալիքով:

Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է դրանից բացի բանավիճել երկկողմ ձեւաչափով՝ Հանրայինով, եւ կողմերի ընտրությամբ մեկական այլ հեռուստաընկերությամբ: Սարգսյանը առաջարկում է երկու հաղորդավարի՝ մեկական յուրաքանչյուրի ընտրությամբ, եւ 4-6 թեմաների ֆորմատը:

Սարգսյանն իր առաջարկը բացատրում է նրանով, որ քարոզարշավը փաստորեն տեղավորվեց Իմ քայլը-ՀՀԿ հակադրության կամ դիմակայության ֆորմատում, ասելով, թե Նիկոլ Փաշինյանն ընտրեց հանրությանը ՀՀԿ-ով «վախեցնելու» մարտավարությունը:

Վիգեն Սարգսյանն իրավացի է, որ քարոզարշավը ակնհայտորեն անցնում է Նիկոլ Փաշինյան-ՀՀԿ հակադրության կամ դիմակայության գերակայությամբ: Սա որոշակիորեն նաեւ անխուսափելի էր, եւ թերեւս օբյեկտիվ, նկատի ունենալով այն, որ անկախ այսպես ասած ծրագրային քաղաքական մրցակցության բարի ցանկություններից, ի վերջո գործ ունենք հեղափոխության հետ, որը պետք է կատարի իր եզրափակիչ ակտը եւ ձեւակերպի ամբողջական հաղթանակը:

Նիկոլ Փաշինյանն օբյեկտիվորեն լուծում է այդ խնդիրը, ըստ այդմ՝ ինչպես մայիսին, այսօր էլ դնում է առավելագույն արդյունքի խնդիր, որն էլ նշանակում է նախորդ համակարգի հետ շարունակվող պայքար, որովհետեւ հեղափոխության հակառակ կողմում հենց նախորդ համակարգն է: Այդտեղ է նաեւ հեղափոխության ուժը, եւ միանգամայն օբյեկտիվ իրողություն է, որ առաջնորդը փորձում է հեղափոխության ամբողջական ամրագրման խնդիրը վերջին ակտում լուծել այդ ուժը օգտագործելով, ամենավերջում որեւէ անցանկալի անակնկալից խուսափելու համար:

Այլ կերպ ասած, ՀՀԿ-ն գործնականում հեղափոխության յուրօրինակ «շարժիչ ուժ» է, եւ Վիգեն Սարգսյանի առաջարկը հետաքրքիր է դառնում հենց այդ տեսանկյունից: Ի դեպ, այդ իմաստով կա նաեւ հետաքրքիր նախադեպ, որի մասին եղել է խոսելու առիթ եւ որի գլխավոր հերոսն էլ Վիգեն Սարգսյանի ներկայիս կուսակցապետ, այն ժամանակ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետ Սերժ Սարգսյանն էր:

2003 թվականի խորհրդարանի ընտրության առաջին փուլում բավական թեժ իրավիճակ էր, եւ եթե ընդդիմադիր թեկնածուներ Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը միավորվեին, ապա Ռոբերտ Քոչարյանի համար իրավիճակը խիստ կբարդանար: Մինչ այդ Դեմիրճյանի օգտին իր թեկնածությունն արդեն հանել էր Արամ Զավենի Սարգսյանը: Այդ քայլին դիմելու իրավական հնարավորության ժամկետի վերջնագծում, երբ դրանից հետո այլեւս հնարավոր չէր լինի հանել անունը մեկ այլ թեկնածուի օգտին, Հանրային հեռուստաընկերության եթերում կազմակերպվեց բանավեճ թեկնածու Արտաշես Գեղամյանի եւ Քոչարյանի շտաբի պետ Սերժ Սարգսյանի միջեւ: Սերժ Սարգսյանը գնաց ինքնազոհաբերման, հանուն այն բանի, որ Գեղամյանը չմիանա Դեմիրճյանին:

Գեղամյանը բնականաբար ջախջախեց Սարգսյանին բանավեճի ընթացքում, եւ դրանից հետո նա աստղ էր, իսկ աստղը չէր միանա Դեմիրճյանին: Ի դեպ, ավելորդ է թերեւս հիշեցնել, թե որտեղ է հիմա Գեղամյանը:

Այդ իմաստով, բանավեճն իբրեւ տեխնոլոգիա ՀՀԿ զինանոցում թերեւս ունի պատմական փորձ: Իհարկե, ներկայում Վիգեն Սարգսյանը չունի Նիկոլ Փաշինյանի համար ինքնազոհաբերման գնալու անհրաժեշտություն, Փաշինյանը չունի Վիգեն Սարգսյանի աջակցության կարիքը:

Փոխարենը բանավեճի կարիքն ունի Սարգսյանը, թեկուզ պարտվելու գնով: Գլխավոր խնդիրը ՀՀԿ համար Փաշինյան-ՀՀԿ դիմակայությունն ավելի ու ավելի ընդգծելն է, որովհետեւ դրա միջոցով ՀՀԿ-ն բավական ծանր վիճակում է դնում մյուս մասնակից ուժերին: Իսկ Հանրապետականի համար բուն խնդիրը հենց դա է՝ հասնել իրավիճակի, երբ Նիկոլ Փաշինյանը կհավաքի հնարավորինս մեծ թվով ձայն եւ մյուսներին կմնա քիչ ձայն:

Որովհետեւ ՀՀԿ ձայների հույսը հեղափոխությունից այսպես ասած հիասթափվածները չեն, այլ հեղափոխությունը հենց սկզբից մերժածները: Դրանք շատ չեն, եւ տեսակարար կշռում շոշափելի լինելու համար պետք է, որպեսզի մյուս ձայները հնարավորինս շատ գնան Նիկոլ Փաշինյանին, ոչ թե այլ ուժերի: Այդտեղ է ՀՀԿ-ն փնտրում իր հաջողությունը:

Ընդ որում, դա բավական իրատեսական հաշվարկ է, որովհետեւ ռացիոնալությունը պահանջում է, որ հանրությունը ներկայում քվեարկի ոչ թե ՀՀԿ-ին կամ Սերժին մերժելու, ոչ թե նախորդ համակարգը մերժելու, եւ ոչ էլ հակակշիռ կամ ընդդիմություն ընտրելու արհեստական տրամաբանությամբ: Չի կարող լինել ընդդիմություն կամ հակակշիռ հեղափոխությանը, քանի դեռ այն չի դարձել ամբողջական եւ չի նույնականացել համարժեք ու լիարժեք իշխանական կարգավիճակով: Ըստ այդմ, հանրությունը պետք է ընտրությանը մոտենա այլ նոր իշխանություն հաստատելու տրամաբանությամբ, անկախ նրանից, թե մնացյալ ուժերից ով կօգտվի դրանից:

ՀՀԿ դեմ պայքարը մյուս ուժերի զուտ քաղաքական խնդիրն է: Հասարակության խնդիրը սեփական իշխանությունն ամբողջացնելն ու հեղափոխությունն ավարտելն է:

lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: