«Ուզում եմ, որ լինենք առաջին հերթին դուխով, վճռական, եւ հաղթանակը ապահովված է լինելու». իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում դիմելով ժողովրդին՝ ասում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Տեսանյութում ԱՀ նախագահը խոսում է նաեւ ստեղծված իրավիճակի, թշնամու կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ահաբեկչության եւ մեր պատասխան գործողությունների մասին:
Խոսելով առաջնագիծ մեկնելու մասին՝ Հարությունյանն ասաց, որ ոչ մի մտահոգվելու բան չի եղել, նպատակ է ունեցել ոգեւորել առաջնագծում գտնվողներին:
Ընդգծեց՝ բոլորը գեներալից մինչեւ շարքային փայլուն կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը: Իր խոնարհումը հայտնելով բոլոր զինվորների առջեւ՝ նշեց, Արցախի բանակը ամենապրոֆեսիոնալ բանակն է:
«Ուզում եմ ասել՝ ձեր ցավը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք: Գտնվելով առաջնագծում, ամեն վայրկյան վտանգելով ձեր կյանքը, ամեն մի սանտիմետրի համար դուք պայքարում եք»,- զինծառայողների մասին խոսելով ասաց ԱՀ նախագահը:
Անդրադառնալով սպայական կազմին՝ նշեց, որ սպաները եւս իրական հրաշքներ են գործում: Ըստ նրա՝ բոլորը պետք է պատրաստ լինեն զոհվելու հանուն հայրենիքի:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօր իր հրամանագրերով 5 հոգի պարգեւատրվել են «Արցախի հերոս» կոչմամբ:
ԱՀ նախագահը թվեց հերոսների անունները եւ խոսեց նրանց կատարած սխրանքների մասին:
Դավիթ Լյովայի Գրիգորյան- սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով՝ հասցրել է Կարախամբիլիի եւ ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ եւ 1 հետեւակի մարտական մեքենա: Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում:
Էդգար էդվարդի Մարկոսյան- Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը:
Յուրա Հայկարամի Ալավերդյան-Կարախամբիլիի եւ ֆիզուլիի հատվածում 9 տանկ եւ 1 միավոր ավտոտեխնիկա է խոցել:
Գնդապետ Շաքարյան- Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է: Կազմակերպել է հակառակորդի դեմ բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ պատճառելով մեծ կորուստներ: «Պարոն Շաքարյան ձեզ գնահատում է ամբողջ ազգը, դուք իրական հերոս եք»,- ասաց Հարությունյանը:
Դավիթ Վանիկի Ղազարյան-Ղազարյանը, ըստ ԱՀ նախագահի, ցավոք պարգեւատրվում է հետմահու: Նա վարել է մարտը ոչ մի քայլ հետ սկզբունքով: Հարությոյնյանը վստահեցրեց, որ հերոսներին գնահատելու աշխատանքը կոչումներով չի սահմանափակվելու: