Հրաժարվեք պարոն վարչապետ այդ քայլից

Իրավապաշտպան, ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչին:

«Այն, որ Ռ.Քոչարյանի աջակիցների դաշինքը ստեղծվել էր մայիսի 13-ին դատական նիստի ժամանակ հավաքվելու դատարանի մոտ և ճնշում գործադրել դատարանի վրա, չեմ կասկածում:

Առաջին օրը միայն Վարդգես Գասպարին էր փաստորեն հակացույց անողը, որի նկատմամբ բռնություն գործադրվեց, որից հետո հաջորդ օրը արդեն ավելի մեծ թվով հակացույցի մասնակիցներ հավաքվեցին:

Այս ամենը վկայում է իրապես դատական իշխանության և դատարանի նկատմամբ բացառիկ անվստահության մասին: Բայց արդյոք այդ անվստահության հարցը կարելի՞ է լուծել նույն ճնշման մեթոդներով, միանշանակ ՈՉ:

Այդ պատճառով, կոչ եմ անում, հրաժարվել նույն մեթոդներից, որը կիրառեցին Ռ.Քոչարյանի կողմնակիցները: Խնդիրը լուծելու համար կա Ազգային Ժողովը՝ որպես մարմին, քննարկման տեղը ԱԺ-ում է:

Իսկ դատական իշխանության կտրուկ փոփոխությունների մեխանիզմները կարող են միմիայն լինել իրավական: Առանց իրավական մեթոդների, մնացած ցանկացած մեթոդները ոչ միայն անթույլատրելի են լեգիտիմ օրենսդիր մարմնի առկայության պայմաններում, այլ նաև խիստ վտանգավոր:

Հրաժարվեք պարոն վարչապետ այդ քայլից: Նախ և առաջ, թե ինչու չեն արվել համարժեք քայլերը իրավական լուծումներ տալու դատական կտրուկ, արմատական բարեփոխումների համար, դա պետք է քննության առնել և լուծել այդ պատճառի խնդիրը»,- գրել է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: