Հունան Պողոսյանի սպառիչ պատասխանը Նաիրա Զոհրաբյանին

Չկա նման բան, չէր էլ կարող լինել, տիկին Զոհրաբյանի հայտարարությունը տարակուսանք է առաջացնում․  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ՝ հերքելով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե ինքը համայնքապետերին ուղղորդել է ընտրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներին։


«Տիկին Զոհրաբյանը որպես փորձառու քաղաքական գործիչ պետք է իմանար, որ սյունեցուն ուղղորդելը հակառակ էֆեկտ է տալիս, հավատացեք։ Ոչ մեկ չի ուղղորդել, ամեն ինչ բնականոն հունով է ընթացել։ Ես չեմ կարող ասել՝ ինչի հիման վրա է տիկին Զոհրաբյանը նման հայտարարություններ արել, ես տիկին Զոհրաբյանի հետ անձամբ չեմ զրուցել»,– ասաց Հունան Պողոսյանը։

Սյունիքի մարզպետը վստահեցրեց, որ ինքը նույնիսկ չի հանդիպել համայնքապետերի հետ. «Միայն իմ նշանակման օրը ներկայացման ժամանակ եմ հանդիպել։ Դրանից հետո քարոզարշավի ընթացքում բացառել ենք նույնիսկ ճանաչողական հանդիպումները, ֆիզիկապես նույնիսկ չեմ հանդիպել գերակշիռ մասի հետ, ուր մնաց խոսել, զրուցել»։

Հունան Պողոսյանը նշեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները նորմալ են անցել, մասնակցությունը բավականին բարձր է եղել, աղաղակող միջադեպեր էլ չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 9-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարել էր, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը քաղաքապետերին եւ համայնքապետերին հրահանգներ է տվել քաղաքացիներին ուղղորդել քվեարկելու «Իմ քայլը» դաշինքի օգտին։

Понравилась статья? Поделиться с друзьями: