
Ծառուկյանի հարգանքի տուրքը
ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ն ցանկանում էր սեպ խրել ԲՀԿ-ի եւ Քաղաքացիական պայմանագրի միջեւ, սակայն դա չստացվեց, եւ կարողացան արագ հիասթափեցնել շահառուներին:
Սերգեյ Բագրատյանը մեկն էր այն ԲՀԿ-ական պատգամավորներից, որոնք կողմ են քվեարկել հոկտեմբերի 2-ի աղմկոտ օրենքին: Հիշենք, որ այդ օրենքը դե ֆակտո վերաբերում էր վարչապետի հրաժարականի տարբերակով ԱԺ լուծարմանը, եւ դրա ընդունման նպատակն այն էր, որ հնարավոր չլինի վարչապետի հրաժարականից հետո հասնել խորհրդարանի լուծարման: Սերգեյ Բագրատյանն ու ԲՀԿ մեկ տասնյակից ավելի պատգամավոր կողմ են քվեարկել այդ օրենքին, այսինքն ԱԺ լուծարմանը խոչընդոտելու մտադրությանը: Ընդ որում, ԲՀԿ-ն եղել է նաեւ այդ օրենքի համահեղինակ:
Այժմ, երբ Գագիկ Ծառուկյանը շտապեց Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվելու, Սերգեյ Բագրատյանը հայտարարում է, թե ՀՀԿ-ն չկարողացավ սեպ խրել իրենց ու փաստացի Նիկոլ Փաշինյանի միջեւ:
Իրականում ՀՀԿ-ն կարողացավ այն, ինչ ուզում էր, ու Սերգեյ Բագրատյանը խոսելով այն մասին, թե ՀՀԿ-ին հիասթափեցրել են, չի էլ պատկերացնում թերեւս, որ հենց դրանով իսկ արտացոլում է ՀՀԿ նպատակի իրականացումը: Հոկտեմբերի 2-ին մի դիրքորոշում ունեցող պատգամավորը հոկտեմբերի 10-ին ունի մեկ այլ դիրքորոշում: ՀՀԿ-ին այլ բան պետք չէր, քան ցույց տալ, որ ԲՀԿ-ն որպես քաղաքական ուժ խորքային առումով իր հայելային արտացոլումն է եւ պատրաստ է ըստ իրավիճակի լինել ՀՀԿ-ի կամ ՔՊ-ի կողքին, կախված, թե որտեղ է ուժը կամ իշխանության հեռանկարը:
ՀՀԿ-ն իրականում սեպ չի խրել, այլ հանել է սեպը, եւ ԲՀԿ-ն, հետն էլ ՀՅԴ-ն իհարկե, ուղղակի փլվել են հանրության առաջ:
Ներկայում թվում է, որ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածությամբ ոտքի կանգնեցնել փլուզվածը: Սերգեյ Բագրատյանի գնահատականը հուշում է, որ կա համոզում, թե Ծառուկյանը ԲՀԿ-ն էր փրկել հանրային պարսավանքի հետեւանքով պատմության լուսանցքում հայտնվելու հեռանկարից:
Գագիկ Ծառուկյանն իրականում փրկել է իրեն, ոչ թե ԲՀԿ-ն, շատ լավ պատկերացնելով, որ ԲՀԿ-ն փրկելն այլեւս ուղղակի անհնար է: Փաշինյանի հետ Ծառուկյանի հուշագիրը ԲՀԿ-ն թերեւս ընկալել է որպես խորհրդարանական մուտքի ճանապարհ: Իրականում այդ հուշագիրը քաղաքականությունից Ծառուկյանի սահուն հեռանալու ճանապարհն էր: Մի բան, որի անթաքույց, բավական թափանցիկ կոչը ԲՀԿ նախագահը հնչեցնում էր իր վերջին հարցազրույցում, գրեթե երդվելով եւ ընդհուպ «հայհոյանք գրավադրելով» կոչ անելով, որ հանրությունն օգնի դուրս գալ քաղաքականությունից:
Նրա հայտարարությունը, թե «անբարոյական ընտանիքի զավակ լինի», եթե իր միջոցով Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Սերժ Սարգսյանը վերադառնալու են իշխանության, գործնականում ազդարարում էր քաղաքական «առաքելության» ավարտը: Որովհետեւ 2006 թվականից աշխույժ շրջանառության մեջ դրած Ծառուկյան քաղաքական նախագիծը խոշոր հաշվով ունեցել է Հայաստանում հաստատված եւ խորքային առումով «երեք նախագահների եռանկյունի» պատկերող տնտեսա-քաղաքական համակարգի վերարտադրության եւ կենսագործունեության ապահովման նշանակություն, իմաստ, իսկ հարկ եղած դեպքում՝ նրանց իշխանության վերադարձնելու առաքելություն: Պատասխանատվության ժողովրդական խստագույն նշաձողով հայտարարելով նրանց իշխանության չբերելու մասին, Ծառուկյանը փաստացի ազդարարեց, որ ավարտում է իր առաքելությունը, ընդհուպ պատրաստակամություն հայտնելով իր հետ միասին հեռացնել նաեւ մի շարք այլ ուժերի, հայտարարելով արտախորհրդարանական ուժերի հետ ԱԺ ընտրության դաշինք կազմելու մտադրության մասին:
Վարչապետի հետ հուշագիրն ու դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունը Գագիկ Ծառուկյանի հարգանքի տուրքն էր իր կուսակցությանը: