![]()
Այսօր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խիստ ուշագրավ հարցազրույց է տվել «Ազատությանը»՝ արձանագրելով, որ իրենք Նիկոլ Փաշինյանի միակ ընդդիմությունն են ու վստահություն հայտնելով, որ անպայման ներկայացված են լինելու ապագա խորհրդարանում։
Հարցազրույցի երկու շեշտադրում հատկապես էական է․ դրանց միջոցով Շարմազանովը փորձում է ցույց տալ, որ ՀՀԿ-ն սահմանազատվել է քրեաօլիգարխիայից ու ռևանշիզմի գաղափարից, այլ խոսքով՝ փորձում է հանդես գալ դասական ընդդիմության դիրքերից։ Ուշագրավ է նաև, որ տողատակում Շարմազանովն իրենց շահեկան դիրքերից, ըստ էության, փորձում է ֆորմալիզացնել «սպիտակների» ու «սևերի» հակադրությունը՝ ուղերձ հասցեագրելով Նիկոլ Փաշինյանի թիմին։
ՀՀԿ համամասնական ցուցակը ղեկավարելու են քաղաքական դեմքեր, որոնք վերջին վեց ամիսներին նույնացել են ընդդիմադիր գործունեության հետ։ «Այն անձինք, ում դուք օլիգարխ եք անվանել կամ մեծահարուստներ եք անվանել, դրանց ճնշող մեծամասնությունը այլևս նոր իշխանության ջատագով է դարձել, և դուք կարող եք դա տեսնել հենց պառլամենտում քվեարկությունների ժամանակ: Աստված իրանց հետ: Եվ էսօր Հանրապետական բացառապես մնացել է քաղաքական թևը, և սա շատ լավ է»,- ասել է խորհրդարանի փոխնախագահը:
Մի կողմից՝ Շարմազանովի ասածը խիստ համոզիչ է թվում, սակայն մյուս կողմից՝ օլիգարխիայի ինքնահեռացումը ՀՀԿ-ից դեռ չի նշանակում, որ ՀՀԿ-ն դադարել է ասոցացվել նախկին համակարգի հետ, մանավանդ որ կուսակցության ղեկին շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը, որն ուղղակիորեն ասոցացվում է քրեաօլիգարխիայի հետ։ ՀՀԿ-ում տեղի չի ունեցել ռեբրենդինգ, ու եթե արդիականացման ցուցիչ է համարվում միայն համամասնական ցուցակի տեսանելի, երևացող մասը, ապա ՀՀԿ համամասնական ցուցակը քաղաքական էր նաև 2017-ի խորհրդարանական ընտրություններում։
Երբեմնի կառավարող կուսակցության ներսում դեռևս ձևավորված չէ քաղաքական որոշումների կայացման լեգալ մեխանիզմը, այլ խոսքով՝ տակավին անհայտ են այն մեխանիզմները ու մոտիվները, որոնցով ՀՀԿ-ն դիրքորոշում է ձևավորում կամ, առհասարակ, որոշումներ է կայացնում։
«Մեր նպատակը իշխանությունը վերանվաճելը չի, մենք չենք գնում վաթսուն տոկոս հավաքելու: Մենք գնում ենք համապատասխան նորմալ ձայներ հավաքելու, որպեսզի ունենանք նորմալ ներկայացվածություն՝ որպես ընդդիմադիր խմբակցություն»,- ասել է Էդուարդ Շարմազանովը, ըստ էության՝ քաղաքական հարթության վրա ամրագրելով, որ դադարեցնում են հին համակարգի ռեստավրացիայի համար պայքարը:
Սակայն այս դիրքորոշումն ավելի շատ ոչ թե քաղաքական խորքային անալիզի արդյունք է, որի միջոցով ճանաչվել են անցյալի սխալները, այլ իրականության պրագմատիկ ընկալում։ ՀՀԿ փորձառու վերնախավը հասկանում է, որ հին համակարգի ռեստավրացիա տեղի ունենալ չի կարող, սակայն դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի թիմն ընդունում է հեղափոխության անշրջելիությունը։ Ու դա ակնհայտ է դառնում հենց Շարմազանովի հարցազրույցից։ «Մեր երկիրը իրական իշխանության և իրական ընդդիմության կարիք ունի, որոնք երկուսն էլ՝ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ, պետք է յուրաքանչյուրն իր գործառույթն անի և պաշտպանի Հայաստանի Հանրապետության շահը: Իսկ էդ ընդդիմությունը ես եմ, մենք ենք, ուրիշ չկա․․․ ո՞ւր ա, ո՞ր մեկն ա խոսել․․․ Եթե սևի-սպիտակի կռիվ ա, եթե մեծամասնությունը Փաշինյանն ա, իսկ մյուս կողմն էլ՝ ով որ համամիտ չի, պիտի ստեղ ըլնի: Ինձ պիտի պաշտպանի, ես եմ քննադատել»,- ասել է Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը, ինչպես տեսնում ենք, հենց ինքն է զարգացնում «սպիտակների» ու «սևերի» հակադրության թեզը՝ անուղղակիորեն ընդունելով, որ ոչ թե դասական ընդդիմություն են, որն անվիճարկելի է համարում հեղափոխության արդյունքները, այլ անցյալը խորհրդանշող ուժ, որի առաքելությունը հեղափոխությունից դժգոհ ընտրազանգվածին մոբիլիզացնելն է։
Իրականություն է դառնում այն կանխատեսումը, որի մասին խոսել ենք դեռ երկու շաբաթ առաջ։ «Սպիտակների» ու «սևերի» հակադրության բանաձևի շուրջ չձևակերպված, նույնիսկ անուղղակի կոնսենսուս գոյություն ունի Նիկոլ Փաշինյանի թիմի ու ՀՀԿ վերնախավի միջև։ ՔՊ-ն չի կարողանում դառնալ ինստիտուցիոնալ քաղաքական կուսակցություն, ՀՀԿ-ն չի ցանկանում կամ չի կարողանում արդիականացվել, արդյունքում՝ երկու ուժերն էլ իրենց կենսունակ են զգում ռացիոնալ հարթությունից դուրս։ Այս համատեքստում գործնականում անհնար է խորհրդարանական առաջիկա ընտրություններից ակնկալել քաղաքական համակարգի գոնե սաղմնային ձևավորում, ավելի շուտ՝ կայունացվելու է «սպիտակների» ու «սևերի» հակադրության ռեժիմը, ինչը նույնիսկ ընտրություններից հետո երկբևեռ համակարգի առանցքներից մեկը դարձնելու է նախկին համակարգի ներկայացուցիչներին՝ դրանից բխող ռիսկերով։
Աղբյուր՝ 1in.am