
«Երբ կատարեցի հանձնաժողովի նախագահի հրահանգն ու մեկ քայլ առաջ եկա, վերցրեց իմ ամբողջ գործն ու ինչքան ուժ ուներ խփեց դեմքիս»
«Սեռական կողմնորոշման հիմքով բանակից ազատվելու ժամանակ հոգեբանական բռնությունն ու ճնշումները շատ հաճախ են լինում, իսկ ամեն երրորդը ենթարկվում է ֆիզիկական բռնության: Ես այդ «երրորդն էի»»…
Forrights.am-ի փոխանցմամբ, 18-ամյա Ադամ Առաքելյանն այս տարեսկզբին պետք է զորակոչվեր պարտադիր զինվորական ծառայության: Բժշկական հանձնաժողովի մոտ բուժզննում անցնելուց առաջ, Ադամը մոտենում է հանձնաժողովի անդամներից մեկին և ականջին ասում, որ նույնասեռական է, ինչից հետո սկսում է «կինոն»:
«Հենց իմացավ, որ գեյ եմ, էլ չթողեց խոսքս շարունակեմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ:

Չնայած իրենց իրավասությունների մեջ չի մտնում անձնական կյանքս քչփորելը, բայց սկսեցին շատ ինտիմ բնույթի հարցեր տալ, ծաղրել, վիրավորել ու ծիծաղել արտաքին տեսքիս վրա: Ամբողջ ընթացքում անընդհատ ոչ վայելուչ արտահայտություններ էի լսում հանձնաժողովի անդամների կողմից»,- Forrights-ին է պատմում Ադամը:
Նախնական բուժզննումից հետո Ադամին 2 օրով ուղարկում են Ավանի հոգեբուժարան՝ «բուժվելու»:
Սահմանված կանոնակարգի համաձայն, հոգեբանն ու հոգեբույժը պետք է մասնագիտական եզրակացություն տան այն մասին, որ անձն ունի հոգեկան խնդիրներ: Արտակի դեպքում եզրահանգել էին՝ սեռի շեղում, որը ձեռք է բերել 15 տարեկանում: Ըստ եզրակացության, նա հենց այդ տարիքում է «հիվանդացել»: