
Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանը նվաճել է Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության անհատական բազմամարտի չեմպիոնի տիտղոսը: Ռուսաստանը 1999 թվականից հետո չէր ունեցել աշխարհի չեմպիոն անհատական բազմամարտում:
Պուտինը շնորհավորել է Արթուրին, նշելով, որ նա վերադարձրեց Ռուսաստանի ոսկին. «Դուք վերադարձրիք մեր երկրին ոսկին, որը չէինք ունեցել գրեթե 20 տարի: Սա մեծ, հիրավի նշանակալի իրադարձություն է մարմնամարզության հայրենական դպրոցի համար, արժանի ավանդ` նրա հաղթական ավանդույթների շարունակության համար», ասել է նա:
Թենիսի Փարիզի մասթերս մրցաշարի եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովն առավելության է հասել սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ: Խաչանովը 2009 թվականից սկսած առաջին ռուսաստանցի թենիսիստն է, ով տիտղոս է նվաճել տղամարդկանց մասթերսում:
Նման իրավիճակ է նաեւ այլ «էլիտար» սպորտաձեւերում:
Ռուսաստանի կյանքում հայերն ընդհանրապես առանձնահատուկ դեր են խաղացել այդ երկրի ստեղծման ու զարգացման հարցում: Հայերը քրիստոնեություն տարածեցին Ռուսաստանում, Լոռիս-Մելիքովը կարգի բերեց փնթի ու հետամնաց իմպերիան, տասնյակ հայ գեներալներ ու մարշալներ կռեցին հաղթանակը երկրորդ աշխարհամարտում, հայ գիտնականները մեծ ներդրում ունեցան ռուսական միջուկային ռումբի ստեղծման գործում: Եվ այլն:
Որքան տարածքային ու մարդկային կորուստներ են ունեցել հայերը Ռուսաստանի քաղաքականության հետեւանքով: Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ դաշնակից Իսրայելին դիպչողը գործ կունենա ԱՄՆ-ի հետ: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դաշնակցին հիշեցնում է, որ եթե ագրեսիա կամ հարձակում լինի Հայաստանի ու Արցախի դեմ, դրա համար պատասխանատու է Ռուսաստանը: Դա հենց այնպես հիշեցում չէ՝ ադրբեջանցիներն ու թուրքերը Հայաստանի ու հայերի դեմ վերջին հարյուրամյակում ոչ մի կրակոց չեն արձակել առանց Ռուսաստանի համաձայնության:
Հայերը կրկին վերադարձնում են Ռուսաստանի ոսկին: