
Հայաստանի համար ստեղծված նոր իրողությունների պայմաններում սպասել պետք չէ, պետք է գործել: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով անկախության խորհրդին:
«Ես այն կարծիքին եմ, որ անկախության զգացողությունը դա ներքին հարց է: Եվ երկիրը երբեք չի վարի ոչ անկախ տնտեսական, ոչ անկախ արտաքին ու ներքին քաղաքականություն, եթե մենք՝ քաղաքացիներս, ներքուստ անկախ չլինենք: Անկախ երկիրը դա անկախ հասարակությունն է, իսկ անկախ հասարակությունը դա անկախ քաղաքացիների համախմբումն է: Այնպես որ, այս օրվա առթիվ, որը ես շատ բարձր եմ գնահատում, պարզապես բոլորիս կցանկանայի ավելի անկախ, ավելի ինքնուրույն լինել դատողությունների մեջ, հույս չկապել ուրիշի հետ, լինի ուրիշ անձնավորություն, թե ուրիշ երկիր: Միայն սեփական ուժերի վրա պետք է վստահ լինել՝ չթշնամանալով, բարեկամանալով բոլորի հետ, բայց ամեն ինչ անել՝ ելնելով մեր երկրի ու հասարակության շահերից», ասաց Բաբայանը:
Ապրիլյան հեղափոխությունը, նրա խոսքով, այս առումով Հայաստանի համար շանս է: Երբեք չի կարող ամեն ինչ փոխվել մեկ կամ երկու ամսվա ընթացքում:
«Կարող է սկիզբ դրվել, որպեսզի մենք փորձենք վերագտնել մեզ, մեր արժանապատվությունը: Կարծում եմ՝ ապրիլյան հեղափոխության ամենամեծ իմաստը նրա մեջ է, որ այն հույս ու ճանապարհ է բացում: Բայց պետք է գործել: Չի կարելի մասնակցել հեղափոխությանը և հետո ձեռքերը ծալած նստել և սպասել, թե երբ են գալու նոր ժամանակները: Այնպես որ, սա միայն ճանապարհի սկիզբն է: Եվ այդ ճանապարհը մենք արագ կանցնենք այնքանով, որքանով առաջին հերթին կաշխատենք ինքներս մեզ վրա»,- հավելեց նա: