
«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ, Նորքի զինված խմբի գործով անցնող Գառնիկ Մարգարյանի հետ զրուցել է «Առաջին լրատվական»-ը։
– Պարոն Մարգարյան, կարծես՝ արդեն հստակ է, որ արտահերթ ընտրությունները անցկացվելու են դեկտեմբերին։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին, արդյո՞ք քաղաքական դաշտը պատրաստ է դրան։
– Վերջապես վերջին 20-25 տարիների ընթացքում մեր գաղութացված երկիրը արտահերթ ընտրությունների արդյունքում դուրս կգա այդ կարգավիճակից։ Հայ ժողովուրդը կսկսի ապրել մարդավայել՝ ունենալով իրավունք, պարտականություն։ Մեկի համար ընդունված Սահմանադրությունը պետք է մաքրվի ու նետվի աղբանոց։ Նրանք, ովքեր բռնազավթել էին իշխանությունն ու ամեն ինչ անում էին հանուն իրենց աթոռի ու իշխանության՝ պետք է նետվեն աղբանոց։

Սա որպես նախաբան, հիմա անդրադառնամ հարցին։ Միանշանակ պետք են արտահերթ ընտրություններ. վերջապես Հայաստան երկրում մարդը պետք է իրեն մարդ զգա։ Ընդհանրապես աշխարհում այսպես է՝ մարդիկ իրենց իրավունքի մեծ մասը տալիս են իշխանությանը, որպեսզի իշխանությունը իրականացնի իրենց բոլոր խնդիրները՝ լինի դա սոցիալական պաշտպանվածությունը, թե մնացածը։ Մենք այդ բոլոր իրավունքները տվել ենք նախկին բռնապետությանը, և հայ մարդը որևէ իրավունք չուներ, օտարվում էր, բերդեր գնում՝ իմ և տասնյակ այլ օրինակներով կարող եմ դա ապացուցել։ Վերջապես արտահերթ ընտրություններով, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը հասնելու է նրան, որ ամիսների ընթացքում հայ մարդն ունենալու է իրավունք։ Ո՞րն է այդ իրավունքը. մի ժամանակ խորհրդային իրավագետները դասագրքերում մի կարգավիճակ են դրել, հիմա ուրիշ է․․․ Մարդու իրավունքը, ըստ իս, առաջին հերթին, ապրելու, աշխատելու և օրենքով պաշտպանված լինելու հարցերն են, ինչպես նաև մյուս սոցիալական իրավունքները՝ բուժվելու և սովորելու։ Այս բոլորը մեր երկրում չկար, կար «չինովնիկների», նրանց զավակների՝ եվրոպական բուհերում սովորելը. սա պետք է վերանա արտահերթ ընտրություններով։ Թե ում կտա իր ձայնը հայ ժողովուրդը, ում կընտրի պատգամավոր՝ դա արդեն կլինի իր իրավունքը, համենայնդեպս՝ ոչ թե ճնշումներով, որ գյուղապետն ու դպրոցի տնօրենը ցուցակ կազմեն, այլ արդարացի լինի, որ մարդն իր խղճի առաջ պատասխան տա։ Վերջապես ամեն մարդ իր խղճի առաջ պետք է պատասխան տա՝ ինչ անել, ինչպես վարվել, ում է համակրում, ում նկատմամբ ունի վստահություն, ով կարող է վաղը երկրի համար դրական իմաստով քայլ անել, տնտեսություն զարգացնել, գիտություն, կրթություն և այլն։ Հայ մարդն իմաստուն մարդ է, ես գիտեմ, որ աշխարհում նման ազգերը մատերի վրա հաշված են, հայ ազգն իմաստուն է ու գնահատում է իրավիճակը՝ ինչ անել, ում ձայն տալ։ Ինչո՞ւ էին դրամ վերցնում ու ձայն տալիս, որովհետև սովի էին մատնել, Հայաստանում մեկ միլիոն մարդ սովի էր մատնված։ Եթե տասնյակ հարյուրավոր միլիարդներ չգնային առանձին մարդկանց գրպաններ՝ Հայաստանը Շվեյցարիային չէր զիջի, չեմ համեմատվում խոշոր երկրների՝ Չինաստանի, ԱՄՆ-ի հետ, բայց տարածքային առումով որոշ երկրների պետք է չափանիշ վերցնենք։ Նայեք Սկանդինավյան երկրները՝ ծաղկում են, մարդն այնտեղ մարդ է, իսկ այստեղ՝ ճորտ, մի քանի տոկոսը միլիարդեր, մյուս մասն էլ՝ բերդերում լցված։ Հուսով եմ՝ Փաշինյանը համաներում կանի ու մեծ մասշտաբով բաց կթողնի այն մարդկանց, որոնք անարդարացիորեն հայտնվել են ճաղերի հետևում։
Ահա արտահերթ ընտրությունները սա է տալու և նրանք, ովքեր դեմ են արտահերթ ընտրություններին՝ պետք է լավ մտածեն, իրենց խղճի առաջ պատասխան տան ու հասկանան, որ հայ մարդն իրավունք չունի նման գնահատական տալ։
– Իսկ դրանով վերջ կդրվի՞ հակահեղափոխականների ձգտումներին և ռևանշի հասնելու հնարավորություններին՝ երկրորդ նախագահը, նախկին իշխանությունները հենց դրան էին ձգտում։
– Ես չեմ ուզում լինել միամիտ՝ դա կազմակերպված հանցավոր բանդայի վերջն է, ընդհանուր առմամբ, բայց նրանք դեռ երկար թաքնվելու են և փորձելու են թիկունքից հարվածել պետական գործունեությանը։ Դրա համար կոչ եմ անում նորաստեղծ իշխանությանը, վարչապետին, ուժային կառույցներին զգոն լինել։ Նրանք կանցնեն ընդհատակ և տարբեր մեթոդներով կփորձեն երկրում ստեղծել անկայունություն, հույսներն էլ դրել են, որ վատ ձմեռ կլինի, սոցիալական պայթյուն։ Իշխանությունները միշտ պետք է պատրաստ լինեն հակահարված տալ, իսկ հակահարվածը օրենքով պատասխան տալն է։
– Կարծում եք՝ Մարտի 1-ի գործը այս ընտրություններից հետո նոր թափ կստանա՞, թե՞ այն արդեն հայտնվել է լուսանցքում։
– Չի հայտնվել լուսանցքում, պարզապես երբ Հայաստանը ամբողջ աշխարհի առաջ հայտնվել է լավագույն կարգավիճակում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված, այս պայմաններում խոսել Մարտի մեկի լուսանցքում հայտնվելու մասին՝ անիմաստ է և ճիշտ չէ։ Տասնյակ մարդիկ Մարտի մեկով պատասխան են տալու, բայց ես կոչ եմ անում ուժայիններին անպայման վերադառնալ Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը։ Մեր ազգի համար դա շատ կարևոր է, չէ՞ որ ազգը գլխատվել է։
– Քոչարյանն այս օրերին հանդիպումներ է ունենում մարդ-կուսակցությունների ղեկավարների հետ, ի՞նչ հնարավորություններ կունենա արտահերթ ընտրություններում։ Նա կարո՞ղ է լինել ընդդիմություն։
– Վարչապետը շատ ճիշտ ճանապարհ է ընտրել։ Եթե ուզում ենք լինել ուժեղ, հասարակությունը առողջ լինի՝ պետք է լինի կայունություն։ Իսկ կայունության համար հակառակորդներին չեն գլխատում, այլ բացատրում ու նստեցնում են սեղանի շուրջ ու ճանապարհ ցույց տալիս։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ճանապարհ է ընտրել, բանակցությունները ճիշտ ճանապարհ է, ես 25 տարի է՝ քաղաքականության մեջ եմ՝ 1994 թվականից ու միշտ դեմ եմ եղել նման մեթոդներին… Դուք հիմա կարող եք ասել՝ բանդայում ինչպե՞ս հայտնվեցի, բայց ես բանդայի հետ կապ չունեմ, դա երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական պատվերն է։ Ինձ նմաններին ցանկացել են մեկուսացնել, որպեսզի անկաշկանդ լինեն։ Փաշինյանի ընտրած ճանապարհը՝ երկխոսությունը ճիշտ է, ով կընդունի՝ բարի, ով ոչ՝ թող չընտրվի։ Իմ մոտեցումն այդպիսին է, այդ ժամանակ օրենքը կգերակայի բոլորի նկատմամբ, օրենքի առաջ բոլորն են հավասար ու բոլորը պետք է պատասխան տան։