
Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպմանը, դատելով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունից, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ ուշադրություն է դարձրել Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցին։ Կողմերն, ըստ ամենայնի, վերջնական լուծումների չեն եկել ու հարցը թերևս վերջնական հանգուցալուծում կստանա հոկտեմբերին, երբ Հայաստանի կժամանի Պուտինը։

Դեռ Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը հարցազրույց էր տվել «ՌԻԱ Նովոստիին» ու կարևորել էր, այսպես կոչված, գազային քննարկումները։ «Ինչպես ես ասացի երեկ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, Հայաստանում առաջին եռամսյակում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,1 տոկոս: Սա ցույց է տալիս, որ մենք տնտեսական առաջընթացի շատ լավ հնարավորություններ ունենք: Մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն, և շատ կարևոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չի կոտրի տնտեսական աճի այս տեմպը», – ասել է Փաշինյանը, հույս հայտնելով, որ կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ: «Կարծում եմ՝ կկարողանանք ընդհանուր լեզու գտնել, չէ՞ որ մենք Ռուսաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք, և կարծում եմ, որ պետք է լուծենք նաև գազի ռազմավարական հարցը», – ասել էր Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի հարցադրումը միանգամայն ճիշտ է, նա խնդիրը տեղափոխում է քաղաքական հարթություն՝ խոսելով առանձնահատուկ հարաբերությունների մասին։ Տրամաբանությունը հուշում է, որ դաշնակից Ռուսաստանը պետք է նպաստի Հայաստանում տնտեսական հեղափոխության իրականացմանը։ ՀՀ-ի կողմից ՌԴ-ից ներկրվող գազը ՌԴ արտահանման էներգետիկ հաշվեկշռում բավականին փոքր ցուցանիշ է՝ մոտ 1․8 մլրդ խորանարդ մետր։ Բնականաբար այս համեստ ցուցանիշը թույլ է տալիս ՌԴ-ին ավելի շատ քաղաքական մեթոդաբանություն կիրառել ՀՀ-ի ուղղությամբ՝ սակագնային քաղաքականություն իրականացնելիս։ Այս հանգամանքը նշում են բոլոր փորձագետներն՝ ակնհայտ դարձնելով, որ գազի գնի հարցում Մոսկվայում կայացվելու է ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական որոշում։
Այստեղ էլ առաջանում են հիմնական հարցերը, որովհետև այնքան էլ ակնհայտ չէ՝ Մոսկվան ցանկանո՞ւմ է աջակցել Հայաստանի գործող իշխանության դիրքերի ամրապնդմանը, թե՞ գերադասում է իրականացնել քայլեր, որոնք ուղղված են մեր երկրի ողնաշարը կոտրելուն։