Կավելանա՞ ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը. Ռուսաստանը հեշտացնում է գործընթացը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որը թույլ է տալիս դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար առանց հրաժարվելու սեփական երկրի քաղաքացիությունից: Օրենքի նախագիծն առաջարկում է չեղարկել այն պահանջը, ըստ որի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է դիմել օտարերկրյա պետության լիազոր մարմնին քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Նման կանոն առաջարկվում է կիրառել նաև այն օտարերկրացիների համար, ովքեր ամուսնացած են ՌԴ-ում բնակվող Ռուսաստանի քաղաքացու հետ և այդ ամուսնությունից ունեն երեխաներ, ինչպես նաև այն օտարերկրացիների համար, որոնց ծնողներից մեկն ունի ՌԴ քաղաքացիություն և բնակվում է Ռուսաստանում։

Բացի այդ, ըստ օրինագծի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելիս Ռուսաստանում աշխատանքային գործունեության եռամյա ժամկետի պահանջը կրճատվել է՝ դառնալով մեկ տարի։

Նախկինում ՌԴ օրենքը պարտադրում էր հրաժարվել սեփական երկրի քաղաքացիությունից, այնուհետև դառնալ ՌԴ քաղաքացի։ Արդյոք այս օրենքի ընդունումից հետո Հայաստանը միգրացիոն խնդիր կունենա՞, և արդյոք ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը կավելանա՞։

ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը կարծում է, որ այս  փոփոխությունները կազդեն   ինչպես  Հայաստանի, այնպես  էլ   նախկին ԽՍՀՄ   բոլոր  պետությունների  վրա,  քանի  որ  օրենքն   ուղղված  է առաջին հերթին  ռուսալեզու և  Ռուսաստանի  հետ  կապեր  ունեցող անձանց։

«Տեսականորեն  այդ  թիվը կարող  է ավելանալ,  սակայն  մյուս  կողմից՝  պետք  է  հաշվի  առնել,  որ  ՌԴ  քաղաքացիության  ձեռք  բերման  այս  հեշտացված  կարգից  կարող  են  օգտվել միայն արդեն  իսկ   Ռուսաստանում  բնակվող,  աշխատող,  ընտանիք  ունեցող   ՀՀ  քաղաքացիները։  Միաժամանակ ընդունված օրենքի 1-ին հոդվածի 3-րդ  կետի ժ. ենթակետի համաձայն՝ չի վերացվել ՌԴ  քաղաքացիությունից  զատ այլ երկրի քաղաքացիության մասին ՌԴ  իրավասու մարմիններին տեղեկացնելու վերաբերյալ քաղաքացու վրա դրված պահանջը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ միգրացիոն ծառայության պետը։

Հայաստանը միգրացիայի առումով արդյոք կանգնա՞ծ է ռազմավարական խնդրի առջև՝ հաշվի առնելով ունեցած վիճակագրությունը։ Այս հարցին Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ վիճակագրական  և  հետազոտական  տվյալները  ցույց  են տալիս, որ բարելավման   միտում  ունի ինչպես  սահմանահատումների  սալդոն (մեկնումների  և  ժամանումների  տարբերությունը),  այնպես  էլ արտաքին միգրացիոն գործընթացներում  Հայաստանի տնային տնտեսությունների ներառվածության մակարդակը։

«Այսպես, եթե  2017թ.-ին  միգրացիոն սալդոն կազմել  է -26,909,  ապա 2018թ,-ին  այն  արդեն վերափոխվել  է  դրականի՝  կազմելով  15,318,  իսկ 2019թ.-ին՝ 10,506։ Ինչ  վերաբերում  է   տնային  տնտեսությունների միգրացիոն գործընթացներում ներառվածության մակարդակին, ապա  համաձայն Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի  կողմից  2019թ. հրապարակած «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը» հետազոտության՝ Երևանում ներառվածության  մակարդակը  24.4%-ից  իջել  է  13.6%-ի,  մարզային քաղաքային բնակավայրերում՝ 40.8%-ից 28.6%-ի, գյուղական բնակավայրերում՝ 41.6%-ից 37.7%-ի»,- տեղեկացրեց Արմեն Ղազարյանը։

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը կարծիք հայտնեց, որ ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացողներ, անկախ որոշումներից ու օրենքներից, կան։ «Մենք հիմա բազմաթիվ ՀՀ և ՌԴ երկքաղաքացիներ ունենք։ Ես այդտեղ մեծ խնդիր չեմ տեսնում։ Էական փոփոխություն չկա»,- նշեց Եգանյանը։

Նա շեշտեց, որ մենք ավելի մեծ խնդիր կարող ենք առաջիկայում ունենալ՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ։

«Ես ավելի ծանր եմ գնահատում այն հետևանքները, որոնք մենք կունենանք կորոնավիրուսից ու դրա ավարտից հետո։

Նախ պետք է հասկանանք՝ այդտեղ ինչ է կատարվում, հետո նոր գնահատենք իրավիճակը։ Եթե այս իրավիճակը շարունակվի, Ռուսաստանի վիճակը կարող է այնքան վատանալ, որ կդադարի գրավիչ երկիր լինել մեր հայրենակիցների համար»,- ասաց Ռուբեն Եգանյանը և խորհուրդ տվեց սպասել մինչև այս իրավիճակի կայունացումը. «Եկեք սպասենք տեսնենք՝ մեր երկիրը, Ռուսաստանը և աշխարհն ինչպես դուրս կգան այս իրավիճակից, հետո նոր գնահատականներ տանք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: