
Այսօր կառավարության առջև իր համախոհների հետ բողոքի ակցիա էր իրականացնում նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, նա էլ բողոքում էր Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու կառավարության մտադրության դեմ։ Խզմալյանի խոսքով՝ դա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը․
«Մենք սեպտեմբերի 13-ից այստեղ կանգնած ենք և բողոքում ենք կառավարության մտադրության դեմ՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու մասով։ Մենք համարում ենք, որ դա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը, դա դեմ է ՄԱԿ-ի, արևմտյան դաշինքի և ընդհանրապես մարդասիրական տրամաբանությանը։ Այն պարզաբանումները, որ դա մարդասիրական համագործակցություն է, միանգամից հարց է առաջացնում՝ ո՞ւմ հետ ենք մենք պատրաստվում մարդասիրական համագործակցություն անել, մարդակերների ու մարդասպանների՞ հետ, Պուտինի և Ասադի՞ հետ։ Դա դեմ է և իսլամական աշխարհի ճնշող մեծամասնությանը, դա վտանգի տակ է առնում աշխարհասփյուռ հայությանը, և դեմ է ՀՀ ազգային և պետական բարձրագույն շահերին»։
Խզմալյանին հարցրինք, թե բնական չի՞ համարում, որ նման նախագիծ պետք է վաղ թե ուշ լիներ՝ նկատի ունենալով, որ մշտապես ասվում է, թե Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և երկու պետությունների միջև համագործակցությունը նորանոր վերելքներ է արձանագրում․
«Նախ ձեր ասածը այնքան էլ համոզիչ չէ, քանի որ ամեն անցած օր սահմանին մեր ունեցած զոհը հակասում է այդ ծեծված հայտարարությանը, դա իրականությանը վաղուց արդեն չի համապատասխանում։ Պատմականորեն Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի անկախությունը վերացնող քաղաքական ուժ։ 1920 թվականին հենց Սովետական Ռուսաստանն է զավթել Հայաստանի անկախությունը, Սովետական Ռուսաստանը ստեղծեց սովետական Ադրբեջանը։ 1988-90 թվականների «պագրոմները» Սումգայիթում, անշուշտ, կազմակերպված էին սովետական ղեկավարության կողմից։ Ռուսաստնաը փաստորեն ժառանգեց այդ քաղաքականությունը և շարոնակում է առ այսօր, մենք չենք համարում Ռուսաստանը մեզ ռազմավարական դաշնակից, և կարծում եմ՝ հատկապես հիմա, երբ որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, համենայնդեպես կառավարությունը այդպես է պնդում, և այդպես է մտածում ազգի մեծամասնությունը, մենք պարտավոր ենք նախ և առաջ ազատել մեր երկիրը օկուպացիայից։ Մենք համարում ենք, որ սա Հայաստանի օկուպացման արդյունքն է»։
Պետք է խզե՞լ հարաբերությունները Ռուասատանի հետ․
«Ոչ, պետք է ընդամենը հարաբերությունները դարձնել իրավահավասար, ինչպես ձգտում էր Վրաստանը, ինչպես ձգտում է Մոլդովան, Ուկրաինան»։
Այն դիտարկմանը, որ իր բերած օրինակները ավարտվել են միմյանց դեմ ռազմական գործողություններով, Խզմալյանը պատասխանեց․
«Մենք անցել ենք այդ էտապը։ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց հենց այդ պատճառով, որպեսզի պատժի մեզ, և մենք հաղթեցինք այդ պատերազմում։ Այսինքն մեր վախերը ուշացած են, դա ինչ-որ ֆոբիա է, դա ենթագիտակցական սարսափ է, որը Ռուսները փորձում են ամրապնդել մեր ազգի մեջ, բայց դա անհեթեթություն է։ Աշխարհի պատմության մեջ ոչ մի անկախ երկիր թույլ չի տվել, որ թշնամու հետ նրա սահմանները հսկեն 3-րդ երկրի սահմանապահները, դա անհեթեթություն է և մեծագույն սպառնալիք է մեր անկախությանն ու ազգային անվտանգությանը։ Կամ Գազի օրինակը․ ունենալով մեր կողքի բարիդրացիական հազարավոր հարաբերություններով հայտնի Իրանը, որի գազը շատ ավելի էժան է, մենք գերադասում ենք 3 անգամ թանկ գազ գնել Սիբիրից, դա նույնպես անհեթեթություն է, որը ցույց է տալիս, որ սա ծուղակ է, որի մեջ մեզ մտցնում են, որպեսզի հետո ասեն, որ ելք չունենք։ Իհարկե, մենք ելք ունենք, մենք կարող ենք և պարտավոր ենք հրաժարվել դրանից հանուն անկախության»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Խզմալյանը։
Կորյուն Սիմոնյան