Լուծարումն սկսված է. մի վախեցրեք հանրությանը

«ԱԺ արձակման բոլոր տարբերակները վարչապետի իրավաբան-խորհրդատուները մանրակրկիտ ուսումնասիրել են և համարում են, որ ամենաիրատեսականը վարչապետի հրաժարականն է», lragir.am-ին տված հարցազրույցում ասել է ՔՊ անդամ, ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, խոսելով ԱԺ արտահերթ ընտրության հեռանկարի մասին:

Իր հրաժարականի տարբերակի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հոկտեմբերի 2-ին, ԱԺ բակում երեկոյան հանրահավաքի ժամանակ: Դրանից հետո հասարակության շրջանում տրամադրությունն ու մոտեցումները հակասական են: Կա զգալի հատված, որը տագնապում է վարչապետի հրաժարականի առիթով, ասելով, թե հին իշխանությունից սպասելի է ամեն ինչ, եւ ըստ այդմ հրաժարականից հետո կարող է լինել նոր վարչապետի առաջադրում, եւ հեղափոխությունը կկանգնի փաստի առաջ:

Ակնառու է նաեւ, որ կան տարբեր շրջանակներ, որոնք աշխուժորեն գեներացնում են տագնապը, փորձելով ստեղծել խուճապային տրամադրություն եւ ձեւավորել հանրային ճնշում վարչապետի վրա, որ նա չգնա հրաժարականի տարբերակով: Այլ կերպ ասած, առկա է շատ հետաքրքիր մի իրավիճակ՝ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին փաստացի հրապարակել է իր հրաժարականի միջոցով ԱԺ լուծարման ճանապարհային քարտեզը, որից հետո տեղի է ունենում ուշագրավ գործընթաց, եւ շատ տարբեր շրջանակներից «հանուն հեղափոխության» կոչ են անում թույլ չտալ վարչապետի հրաժարական:

Ուշագրավ տրամաբանություն է՝ Նիկոլ Փաշինյանը, որը հեղափոխությունն է առաջնորդել ու առաջնորդում արդեն վարչապետի կարգավիճակով, ուզում է գնալ մի ճանապարհով, որից նրան փորձ են անում հետ պահել «հանուն հեղափոխության»:

Դա էլ առաջացնում է կասկածներ, որ «հանուն հեղափոխության» Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տաբերակը մերժող եւ հանրությանը մերժման կոչ անող շրջանակների շարքում կան ուժեր, որոնք ոչ թե անկեղծ են իրենց մտավախությունների արտահայտման առումով,- իսկ այդպիսիք անկասկած կան, որ մտահոգ են անկեղծ,- այլ պարզապես փորձում են հրաժարականի տարբերակով ԱԺ լուծարումն արգելակել այսպես ասած հակառակ կողմից:

Բանն այն է, որ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ խմբերը հոկտեմբերի 2-ին հայտնի, աղմկոտ օրինագծով փորձեցին արգելակել վարչապետի հրաժարականի տարբերակով ԱԺ լուծարման հեռանկարը: Սակայն ինչպես միշտ ստացան հակառակ էֆեկտ եւ ավելի արագացրին գործընթացը:

Այդպես չստացվեց, այժմ թերեւս փորձ է արվում «հակառակ ծայրից»՝ վարչապետի հրաժարականի տաբերակը արգելակել հանրային խուճապի եւ դրանից բխող ճնշման տեսքով, գեներացնելով միտքը, թե հրաժարականի դեպքում կխաբեն:

Այստեղ տարօրինակը նախ այն է, որ շատերը փաստորեն համարում են, որ Փաշինյանը չի գիտակցում, թե ինչ է անում: Իհարկե, Փաշինյանն անսխալական չէ, սակայն տվյալ պարագայում խոսքը վերաբերում է իշխանության լրջագույն խնդրին, որի առնչությամբ վարչապետն ունի թե բազմապատիկ անգամ ավելի իրազեկվածություն, քան որեւէ մեկը, ով դիտարկում է վտանգներն ու ռիսկերը, թե ունի դրանք գնահատելու եւ դրանց հակազդելու բազմապատիկ ավելի լծակներ: Ըստ այդմ, անկասկած հույժ կարեւոր է խոսել վտանգների եւ ռիսկերի մասին, հանրությանը պատրաստ պահել դրանց, սակայն ունենալ թերեւս փոքր ինչ զսպվածություն ու համեստություն եւ խնդիրը չներկայացնել այնպես, կարծես Նիկոլ Փաշինյանը չգիտե, թե ինչ է անում:

Ավելին, այն, որ ԱԺ այսպես ասած մեծամասնությունը փորձեց նրա հրաժարականի տարբերակը կանխարգելել օրենքով, վկայում է, որ ԱԺ մեծամասնություն կազմող խմբերը իրենք են տագնապած այդ տարբերակից, գիտակցելով դրա ուժն ու իրատեսականությունը:

Ըստ այդմ, հանրությանը վտանգների եւ ռիսկերի մասին հայտնելը, զգոնությունը պահելու ուղղությամբ աշխատանքը լինելով միանգամայն տեղին, բացարձակապես անտեղի է հանրությանը վախ եւ խուճապ հաղորդելը:

Ընդ որում, այստեղ կա խնդրի ավելի խորքային կողմը: Թավշյա հեղափոխության առանցքային ուժը եւ արդյունքը այն է, որ տարիներ շարունակ հուսահատության, իներտության, սեփական ուժի հանդեպ թերահավատության բարձրագույն աստիճանի հասցված հանրությունը հասկացավ, որ ինքը կարող է փոխել իրավիճակը, որ ինքը կարող է կանխորոշել իրավիճակը: Հետեւաբար, հույժ կարեւոր է պահել սեփական ուժի հանդեպ հանրության այդ վստահությունը, իրավիճակը տիրապետողի զգացումը:

Ըստ այդմ, հասկանալի է, թե ռազմավարական ինչ վտանգ կարող է ներկայացնել երեւույթը, երբ հասարակությանն անընդհատ փորձ է արվում կամա թե ակամա ներշնչել վախ նախորդ համակարգից, այդ համակարգի ամենակարողությունից: Ինչպե՞ս կարող է հաղթողը անընդհատ ապրել վախով: Վախը քայքայում է, մսխում հաղթանակը: Ու՞մ է դա պետք:

lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: