
Hraparak.am -ը գրում է
Երեկ հեռուստացույցով հարցազրույց էի լսում պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ։ Շատ հետաքրքիր, հոգեբանական հարց տրվեց նրան, բառացի չեմ կարող հիշել, բայց սա էր բովանդակությունը՝ ի՞նչ պատիժ կսահմանվի Մանվել Գրիգորյանի համար։ Նույնքան հետաքրքիր պատասխան՝ Մանվելը դա պիտի որոշի։
Հոգեբանական տեսանկյունից սա նշանակում է, որ նման պատիժ չկա։ Ինչպիսի պատիժ էլ սահմանվի, մարդիկ չեն հանգստանա։
Բարոյական, զգայական հարթությունը հանրության ամենախոցելի, նուրբ կետն է։ Երբ այդ կետը ցավացնում են, խառնվում է մարդու հուզաշխարհը։ Հենց դա է պատճառը, որ մարդիկ գերզգայուն արձագանքեցին։
Երկու պարզ օրինակ։
Արցախյան պատերազմի ժամանակ Սյունիքի Կատարի բարձունքում, որտեղից վերահսկվում էր Գորիս քաղաքը, կամավորականներն էին։ Բանակ չունեինք։ Իմացանք, որ մեր երեխեքը ձմռան ցրտին անգամ նասկի չունեն հագնելու։ Գորիսի ռադիոյով հորդորեցինք մեր հայրենակիցներին՝ երկու օրվա ընթացքում ով քանի գուլպա կարող է՝ գործի ու բերի։ Երկու օրվա մեջ տասնյակ հազարավոր տաք գուլպաներ բերեցին։ Տեղափոխեցինք ես ու ռադիոյի խմբագիր Մերի Մաշուրյանը՝ հրամանատար Մեծ Սոսի, ով հիմա չկա, Գրադի Կամոյի և էլի մի զինվորականի հետ։ Գուլպաները դասավորելու ժամանակ, օգնում էին մեր հայրենակիցները։ Օգնողների առաջին շարքում նկատեցի «մազը երեսին չորացած», ցուրտ ձմռանը պատռված, «բերանը բացած կոշիկներով», տարիքն առած մի մարդու։ Բարակ նասկի էր հագել՝ կոշիկի քիթը պատռված, ոտքերի ծայրերը թաց։
-Քանի՞ զույգ գուլպա ես բերել,- հարցրի։
- Հենգ զույգ։ Հըրըվանիս խնդրալ եմ, վեր ինքը կյործի։ Ես մինակ եմ ապրում։
-Մեկը վերցրու ու հագի,- անսահման խվճահարությամբ ասաց կողքին կանգնածը։
- Տենց պյան կինի՞, այ քեր, զինվորի պայոկից յերոնեմ, դե ասի քինա մեռի էլի՜․․․
Մեկ էլ հիշում եմ , որ մի անգամ «ջոկատ կերակրող» մի խոշոր կաթսայով մսով ճաշ պիտի հասցնեինք դիրքեր։ Ճաշը խնդրել էինք եփել մի համով տատիի։ Եկանք, որ տանենք։ Անուշ հոտը մեզ սպանում էր։ Վատ տարիներ էին, բոլորս էլ քաղցած։ Տատին էլ էր անուշ հոտից գժվել․
-Մի տարի կինի, մես չեմ կերալ,- ասաց։
-Մի կտոր վերցրու, անուշ արա։
Տատին մռայլվեց՝ օզում ես թիքան պըկիս (կոկորդումս) մնա՞․․․
Զինվորի «պայոկը, փայը, բաժինը» հայի համար մատաղի նման է եղել։ Մատաղը ոչ մեկը չէր համարձակվի «հարամել»։
Զգայական, բարոյական հարթությունը սա է։ Սրա կողքին Մանվելի արածը։ Ոտքերը համարյա բոբիկ մարդը մի զույգ իր բերած գուլպայից չի վերցնում, մի տարի «մսի երես չտեսած» տատիկը սարսափում է, որ զինվորի բաժնից մի կտոր միս ուտի, բայց Մանվելը, որ ըստ պահանջի ապրում էր․․․
Ի՞նչ ասեմ, չեմ հասկանում։
Էլի նորից անդրադառնամ երեկվա լսածիս՝ ինչպիսի՞ պատիժ կսահմանվի Մանվել Գրիգորյանի համար ու պատասխանը․ Մանվելը դա պիտի որոշի։ Այսինքն այնքան ժամանակ, երբ մարդն ինքը չի զգա իր պատճառածի բարոյական ցավը՝ նյութականը մի կողմ թողնենք, ոչ մի պատիժ չի օգնի․․․ Երեկ իմ լավ ընկերներից մեկն ասաց, շատերը՝ ճառեր ասելու փոխարեն, երբ խորանան իրենց մեջ, կտեսնեն իրենց միջի Մանվելին․․․
Արցախյան պատերազմից հետո արժեքային համակարգ է փոխվել՝ բացասական առումով։ Տիղմի մեջ ենք խորանում։ Մի փոր հացի համար սրբություններ են ոտնատակ տրվում։ Արժեքային այդ համակարգը վերականգնելու համար դժվարանում եմ ասել ինչ պիտի անել․․․ Բայց որ դրա համար ոսկերչական ճշգրտությամբ գործողություններ են պետք․․․ Ամենատարրական բանը՝ մեկը մյուսին լսելու, մյուսի տեսակետը հարգելու կարողությունը վերականգնել է պետք ու նոր մտածել՝ ինչ անենք, որ այս տիղմից դուրս գանք։ Երբ իրար չենք լսում, այլ միայն հայհոյու՜մ ենք, ու՞ր ենք գնում կամ ինչ ենք ուզում․․․