Ինչպես կպատասխանի վարչապետը Հրանտ Մարգարյանի տարօրինակ հայտարարություններին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրենք ոչ մեկին ուժով չեն պահում կառավարությունում, ասել է, թե Փաշինյանը ճիշտ է ասում, բայց իրենք նրա հրավերով են գնացել կառավարություն: Հրանտ Մարգարյանը հայտարարում է, թե գնացել են օգնելու, «փրկելու նրան, Հայաստանը փրկելու»: Հետաքրքիր է, ումի՞ց են նրանք փրկելու Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին, այն դեպքում, երբ հենց Դաշնակցությունն է ըստ էության «փրկվել» վերջին պահին՝ միանալով թավշյա հեղափոխությանն այն ժամանակ, երբ արդեն «ոզնուն էլ պարզ» էր, որ հեղափոխությունը հաղթել է: Իհարկե հայտնի է, որ եթե ՀՅԴ Բյուրոն հրամայի, ապա Դաշնակցությունը «կնստի նաև ոզնու վրա», բայց հրամանը կարծես թե ուշանում էր, և Դաշնակցությունը մինչև վերջին պահը նստած էր մնում ՀՀԿ-ի հետ իր կոալիցիոն տեղում, քանի դեռ այլևս պարզ էր, որ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանություն գոյություն չունի:

Այլ կերպ ասած՝ Դաշնակցությունը ինքն է փրկվել, լծվելով Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության «կառքին»: Հիմա ՀՅԴ-ն հայտարարում է, թե կառավարությունում է Նիկոլ Փաշինյանին փրկելու, Հայաստանը փրկելու համար: Սա հայաստանյան քաղաքական մտքին, հատկապես իշխանական շրջանակներում հասունացած մտքին բնորոշ երեսպաշտությո՞ւն է, թե՞ պարզապես քողարկված սպառնալիք Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանին, որ ՀՅԴ-ին կառավարությունում, իշխանությունում չպահելու դեպքում կարող են լինել այնպիսի խնդիրներ, որից Փաշինյանը չի փրկվի:

Համենայնդեպս, Հրանտ Մարգարյանի հայտարարությունները խիստ տարօրինակ են հնչում Ռոբերտ Քոչարյանի ակտիվության և նաև նրա հետ գործակցության հնարավորության մասին հայտարարությունների ֆոնին:

Մյուս կողմից, անշուշտ, բավականին հստակ է, որ Դաշնակցության լիդերը պարզապես փորձում է մտնել «մեծ սակարկության» մեջ, խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնցում Դաշնակցության ճակատագիրը, իհարկե, բավական մշուշոտ է, և գերազանցապես այդ լիդերի և կուսակցության ղեկավարության վերջին տարիների քաղաքականության ու պահվածքի հետևանքով: Ըստ երևույթին, օգոստոսի 17-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը կտա նաև Հրանտ Մարգարյանի պատասխանը, որը նաև դժգոհում է, թե չի կարողանում հանդիպել Փաշինյանի հետ և խոսել նրա հետ խնդիրների մասին, որովհետև ոչ թե մերժում են, այլ իշխանությունը անկազմակերպ է: Մարգարյանն ասում է, որ դրա պատճառով է խոսում հրապարակավ և արտահայտում մտահոգությունները: Թեև Հրանտ Մարգարյանը հրապարակավ ավելի շատ շանտաժով է զբաղված, քան առարկայական մտահոգություններ ներկայացնելով:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями: