
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին չարտահանձնելով՝ Ռուսաստանը պարզապես ուժ է ցուցադրում: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով ռուսական մամուլի այն տեղեկությանը, թե Մոսկվան մերժելու է նրա արտահանձնումը, քանի որ Միքայել Հարությունյանը 2002 թվականից ունի ռուսական անձնագիր:

«Սա մտածելու տեղիք է տալիս՝ այդ ի՞նչ վաստակ ունի Միքայել Հարությունյանը Ռուսաստանի առաջ, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ լարել հարաբերությունները հանուն Միքայել Հարությունյանի: Ես ենթադրում եմ, որ նա ինչ-որ ծառայություն է մատուցել Ռուսաստանին, մենք նախադեպեր ունեցել ենք, երբ քաղաքացիներին փոխանցել են, բայց այստեղ կոնկրետ վերաբերմունք կա», ասաց Պապյանը:
Նա նշեց, որ իրավական տեսակետից հետևյալ իրավիճակն է՝ եթե մարդը երկքաղաքացի է, իր վրա տարածվում է այն երկրի օրենքները, որի տարածքում ինքը տվյալ պահին գտնվում է: Հետևաբար, եթե Միքայել Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է և գտնվում է Ռուսաստանում, նրա վրա տարածվում են Ռուսաստանի օրենքները: Իսկ Ռուսաստանի օրենքները բավական խիստ են իր քաղաքացուն ուրիշ երկրին հանձնելու հարցում:
«Այստեղ մենք ուրիշ հարցի պետք է անդրադառնանք: Հիմնական խնդիրն այն է, որ այն պահին, երբ Միքայել Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է եղել, միևնույն ժամանակ եղել է նաև ՀՀ քաղաքացի, ինչը օրենքով արգելված էր: Երբ նայում ենք ամսաթիվը, դրանից բավական հետո էր, երբ ՀՀ Սահմանադրությամբ ընդունվեց երկքաղաքացիությունը: Այսինքն՝ ինքն այն ժամանակ օրենք է խախտել: Եթե ինքն ընդունում էր ՀՀ քաղաքացիություն, այն ժամանակ պետք է հրաժարվեր ՌԴ քաղաքացիությունից: Երկրորդ, կան պաշտոններ, որոնց դեպքում պահանջվում է, որ մարդը պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի: Պաշտպանության նախարարի դեպքում այդպես է: Մենք նման նախադեպեր ենք ունեցել նաև նախկին արտգործնախարարների դեպքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, երբ դարձել են նախարար, հրաժարվել են իրենց քաղաքացիությունից»,- ասաց Պապյանը:
Իսկ ներկա Սահմանադրությունը, նրա խոսքով, այդ առումով ավելի խիստ է: Ըստ այդմ՝ եթե նախարարի կամ պատգամավորի պաշտոնին հավակնող անձը վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի չէ, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնները:
«Պարզ ասած, Միքայել Հարությունյանը խախտել է օրենքը, սա հերթական մեղադրանքն է, որը պետք է նրան առաջադրվի»,- հավելեց Պապյանը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am