Թե բա՝ հրաժարական չեմ տա… Կտաս, խելոք ես

Hraparak-ը գրում է`

Փաշինյանի համար քաղաքականությունն ավարտվել է: Նա արդեն չունի կամ ամբողջությամբ սպառել է քաղաքականության մեջ մնալու ռեսուրսը՝ ո՛չ քաղաքական թիմ, ո՛չ քաղաքական համախոհ, ո՛չ քաղաքական աջակցություն դրսից, ո՛չ քաղաքական լուծումներ գտնելու սեփական ունակություն:

Նրա վիճակում հայտնված յուրաքանչյուր մարդ, թերեւս, կմտածեր մեկ բանի մասին՝ ինչպես հեռանալ աննկատ: Բայց նույնիսկ այս հնարավորությունը չունի Փաշինյանը: Եվ դա, իհարկե, ոչ այն պատճառով, որ նա ակնառու մեծություն է, այլ այն, որ նրան բաժին ընկած 3 տարին մեծ գործերի ժամանակ էր, ու նա տապալեց բոլոր գործերը:

Ողբերգական կերպար է Փաշինյանը: Նա հաջողակ չէ, որովհետեւ խելացի չէ, նա համախմբող չէ, որովհետեւ բնույթով պառակտիչ է, նա արդարամիտ չէ, որովհետեւ խառնակիչ (մուտիլովչիկ) է, նա ստախոս է, որովհետեւ ճշտախոսության արժեքը չի գիտակցում, նա ուղղություն չունի, որովհետեւ գաղափարական չէ: Կարդում եմ Վրաստանի արդեն նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի հայտարարությունը.

«Ես որոշում եմ ընդունել թողնել զբաղեցրածս պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ եւ ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնելու բեւեռացումը մեր երկրի քաղաքականության մեջ, քանի որ ես համոզված եմ, որ մեր միջեւ բեւեռացումն ու առճակատումը ամենամեծ ռիսկն են մեր երկրի տնտեսական զարգացման ապագայի եւ բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին»:

Նկատի ունենանք, որ Գախարիայի հրաժարականը ոչ ոք չէր պահանջում այնպես, ինչպես այսօր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որ Վրաստանը Գախարիայի օրոք չի անցել այն ամենի միջով, ինչի միջով անցավ «Նիկոլի» Հայաստանը, որ Վրաստանը չունի անվտանգության այն խնդիրները, որոնք Փաշինյանի վերոթվարկյալ հատկանիշների պատճառով ձեռք բերեց Հայաստանը: Եթե հրաժարականի այս տեքստն ինձ հրամցնեին՝ Փաշինյանի ստորագրությամբ, ես չէի հավատա:

Եվ, առհասարակ, որեւէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, որ Փաշինյանն այսպիսի տողեր գրի. «…մեր միջեւ բեւեռացումն ու առճակատումը ամենամեծ ռիսկն են մեր երկրի տնտեսական զարգացման ապագայի եւ բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին»:

Սա նոնսենս է, չէ՞, Փաշինյանի պարագայում: Հավելեմ՝ Գախարիայի հրաժարականը Վրաստանի պետական համալսարանն ու գիտամշակութային հաստատությունները չէին պահանջում, համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը չէր պահանջում, Վրաստանի նախագահը չէր պահանջում, քաղաքական ուժերը համախմբված չէին նրա դեմ, ժողովուրդը փողոցում չէր…

Картинки по запросу "nikol pashinyan"

Բայց Գախարիան հրաժարական տվեց, որովհետեւ խելացի է, որովհետեւ համախմբող է, որովհետեւ ազնիվ է, որովհետեւ արդարամիտ է, որովհետեւ գաղափարական է, որովհետեւ ուղղություն ունի: Փաշինյանն ասում էր՝ Գախարիան իմ ընկերն է: Լո՞ւրջ: Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու: Ինչպե՞ս կարող էր Գախարիան Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ընկեր ունենալ:

Գեորգի Գախարիայի հրաժարականն էլ չի կարող աննկատ մնալ: Այդ տեքստի վրա Վրաստանի հաջորդ ղեկավարները կսովորեն երկիր ու ժողովուրդ կառավարել: Հրաժարականի իր տեքստով Գախարիան երկար, շատ երկար կմնա Վրաստանի քաղաքականության մեջ:

Նրա համար քաղաքականությունն ավարտված չէ: Իսկ հետագայում քաղաքականությամբ զբաղվելու ի՞նչ շանսեր ունի Փաշինյանը, որ իշխանության է եկել հիմարություններ դուրս տալով եւ պատրաստվում է իշխանությունից հեռանալ այսքան անփառունակ ձեւով: Ինքն էլ մի առիթով ասել է, որ եթե ժողովրդին հիասթափեցնի, ապա կհեռանա քաղաքականությունից եւ կզբաղվի լրագրողական աշխատանքով: Այս կապակցությամբ ես նրան հարց էի ուղղել՝ իսկ ժողովրդին հիասթափեցրած լրագրող ժողովրդին պե՞տք է:

Մարդը չի գիտակցում, որ ժողովրդին հիասթափեցնել չի կարելի ոչ միայն վարչապետի պաշտոնում, այլեւ գործունեության որեւէ ոլորտում: Ի դեպ՝ Գախարիայի հրաժարականը վրացի լրագրողները չէին պահանջում: Մեր դեպքում միանգամայն այլ պատկեր է: Բոլոր հայ լրագրողների համար չեմ կարող երաշխավորել, բայց շատերս ենք այսօր պահանջում Փաշինյանի հրաժարականը:

Անձամբ ես ժամեժամ սպասում եմ այդ տեքստին, որ մի գեղեցիկ հոդված գրեմ այն մասին, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը մի սովորական բան, ինչպիսին վարչապետի հրաժարականն էր, դարձրել Հոռոմի էն իքը: Թե բա՝ հրաժարական չեմ տա… Կտաս, խելոք ես: Իսկ եթե խորհրդիս կարիքն ունես, ապա ասեմ՝ փորձիր հեռանալ աննկատ, որովհետեւ լավ գործերով փառաբանվելու ոչ մի շանս չունես:

Понравилась статья? Поделиться с друзьями: