
Armdaily.am-ն ահազանգ էր ստացել այն մասին, որ Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում գտնվող զինվորներին սնունդ չի հատկացվում։ Խմբագրություն ահազանգած տիկին Քրիստինե Հովհաննիսյանը պատմեց, որ իր տղան արդեն 5 օր է այս հիվանդանոցում է՝ ջրածղիկ ախտորոշմամբ։ «Ամեն օր նրան սնունդ եմ հասցնում, այսօր մի փոքր ուշացել էի, ու տղաս սոված էր մնացել։ Սա ինչ վերաբերմուն է զինվորի նկատմամբ։ Եթե զինվորը հիվանդ է, ուրեմն էլ հաց չի ուտում, ոնց է ստացվում, որ զորամասում կերակրում են, իսկ հիվանդանոցում սոված թողնում»,-ասաց նա։
Զինվորի ծնողի խոսքերով, սնունդն իրենք հասցնում են մինչև հիվանդանոց, սակայն պալատ մտնել չի թույլատրվում, հասկանալի պատճառներով։ Տղան ինքն է իջնում ներքև սնունդը վերցնելու ու վերև բարձրացնելու համար։ «Լավ, ես Երևանում եմ բնակվում, կարողանում եմ տղայիս ուտելիք հասցնել, բայց այնտեղ մարզերից, հետավոր գյուղերի ծառայողներ կան, բա նրանց ո՞վ է սնունդ բերելու։ Իմ երեխան կերավ, բա կողքի զինվո՞րը, ինձ համար այս վերաբերմունք ուղղակի անհասկանալի է»,- ասաց նա՝ հավելելով, որ պատրաստվում է դիմել պաշտպանության նախարարություն։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Armdaily.am-ի հետ զրույցում ասաց, որ չի հավատում, որ նման բան կարող է լինել։ «Սա զինվորական հոսպիտալ չէ, քաղաքային հիվանդանոց է և ենթադրվում է, որ այդ հիվանդանոցում սնունդը պետք է դիետիկ լինի։ Ենթադրում եմ, որ խնդիրը սրանում է, խոսքը ոչ թե սնունդ չտրամադրելու մեջ է, այլ նրանում, որ հատկացված սնունդը կարող է չբավարարել։ Ավելին, կարծում եմ, դրսից բերված սնունդը կարող է վնասել»,-ասաց նա։
Քրիստինե Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք որևէ սնունդ տրամադրվում է և արդյո՞ք հիվանդանոցից իրենց տեղեկացրել են, թե հատկապես ինչ սնունդ է կարելի բերել։ Տիկին Քրիստինեն նշեց, որ առհասարակ ոչինչ չեն տալիս ուտելու։ «Միայն մենք չենք, տեսակցության ժամերին գրեթե բոլորի ծնողներն էլ այնտեղ են ու բոլորի համար էլ իրավիճակն անհասկանալի է։ Ինչ վերաբերում է՝ թե ինչ տեսակի սնունդ է պետք բերել, ապա ոչ բժիշկները, ոչ քույրերը ոչինչ չեն ասել, իրենք գիտեն որ սնունդ մենք բերում ենք, եթե որևէ բան չի կարելի, ապա կարծում եմ՝ կտեղեկացնեին»,-նշեց նա։
Ինֆեկցիոն հիվանդանոցից պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց։