
Մոսկվան շարունակում է բացասական երանգի տեղական պրոպագանդան, խնամքով շրջանցելով 1921 թվականին Հայաստանի՝ ռուս-թուրքական ջախջախման խնդիրը
Դեռեւս հեղափոխության ապրիլյան այգաբացին անակնկալի եկած մոսկովյան պատկան մարմինները թույլ տվեցին Վլադիմիր Սոլովյովի հաղորդման տարօրինակ մի հեռարձակում [1] (1 ժամ 30 րոպեից): Գիշերվա ժամը երեքին եթեր էր սփռվում հայ հեղափոխությունը ժամ առաջ «ջրելու» մեթոդների շուրջ ծավալված աննախադեպ ազնիվ եւ անբռնազբոս զրույցը: Հայազգի եւ ռուս հանրահայտ որոշ վերլուծաբաններ հանգեցին այն կարծիքին, որ Ռուսաստանը Հայաստանում անդառնալի կորուստ է ունենալու եւ ուշացած պատժամիջոցների փոխարեն հարկ է շտապ զբաղվել «հայ երիտասարդության դաստիարակության աշխատանքով»: «Փափուկ ուժի» թեզի առավել ակտիվ պաշտպանն էր այդ օրերին հայերի վաղեմի եւ, անշուշտ, անկեղծ բարեկամ Կոնստանտին Զատուլինը, որը պնդում էր Հայաստանում ոչ ֆորմալ դեսպան ունենալու անհրաժեշտությունը:
Եւ ահա, 5 ամիս անց ականատես ենք քննական մտքի երեւելիների՝ «Լազարեվսկի կլուբ» անվամբ արգասիքին: Ուշագրավ է պատմության գիրկը շտապող «հին» ԱԺ նախագահի հետ անհապաղ հանդիպելու Զատուլինի պահանջը այս նախագծով: Լրագիրը արդեն նշել է, որ «Լազարեվսկին» նշանավորում է մեկ այլ կլուբի՝ Գրիբոեդովսկիի անփառունակ վախճանը: Գրիբոեդովյան կատակերգության ավարտական վարագույրը իջավ Դմիտրի Կիսելյովի եւ Վլադիմիր Սոլովյովի սկանդալային մամլո ասուլիսի ժամանակ Sputnik/Armenia գործակալությունում 2017-ի մարտին [2]: Հայ զինվորն ու սպան արդեն թաղել էին այդ խեղկատակ գաղափարը Մարտակերտի եւ Ջաբրաիլի խրամատների բլրակի տակ:
Կոնստանտին Զատուլինի երեւանյան այցը պայմանավորված է նոր գործադրի եւ հին օրենսդրի միջեւ անխուսափելի հակասության խաղաղ հանգուցալուծման հեռանկարով: Հայաստանյան դեպքերը լուսաբանող ռուսական մամուլը Փաշինյանի հեղափոխության այլընտրանքը որեւե կերպ չի նշում, համառորեն կերտելով հայկական որեւե բարեփոխիչ նախաձեռնության՝ ռուսական շահերին ի սկզբանե հակասելու կայուն պատկերը: Իբրեւ պատճառ բերվում են պարզ մարդու համար հասանելի կատեգորիաներ. հայ հեղափոխականները բնությունից հիմար են, բացի այդ՝ վարձով ծառայում են Արեւմուտքին:
Նկատենք, որ ռուս ԶԼՄ-երը բավականին ազատ են ներքին կյանքի նկարագրության հարցում: Որոշ միջոցներ արտոնված են կոշտ քննադատության ենթարկել երկրի առաջին դեմքերին: Ուրիշները կարող են խաբեբայությամբ խարանել նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին: Սակայն հնարավոր չէ գտնել գեթ մեկ քիչ թե շատ խոշոր ԶԼՄ հրապարակում, որ համարձակվի համակրանք հայտնել 2018 թվականի հայ հեղափոխության հանդեպ:
Այսպիսի դրությունը պատահական չէ: Այն կարող էր առաջանալ երկու պատճառով. նախ, հայ եւ ռուս քաղաքացիական հասարակությունների պատկերացումները զարգացման ուղիների վերաբերյալ կարող են բավական տարբեր լինել: Այլ կերպ ասած, այս վարկածով, «Նիկոլի ուղին» կատարելապես անմեկնելի է ռուս քննական մտքի համար: Մյուս պատճառը՝ հայ-ռուսական, Վլադիմիր Պուտինի խորախորունկ բնութագրմամբ, «սպեցիֆիկ» [3] հարաբերությունների լուսաբանման նկատմամբ տաբուների եւ կաղապարների մի ամբողջ համակարգի գոյությունն է:
Դրա մեջ են մտնում պատմական հսկայական միջակայքով անջատված այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Կիեւյան Ռուսիայի քրիստոնեացումը Արեւելյան Հռոմեական կայսրության հայ տիրակալների եւ հոգեւորականության կողմից X դարում, 1778-ին Ղրիմի բնիկ հայության արտաքսումը թերակղզու սլավոնացման նպատակով, հայկական մեծ արյան գնով ազատագրված Կարս քաղաքը 1856 թվականին Սեվաստոպոլի դիմաց օսմաններին ետ վերադարձնելու եւ, վերջապես, 1921 թվականի ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրի ազգակործան հանգամանքները:
Եթե նկատի ունենանք, որ 2018 թվականի հայ հեղափոխությունը ներդաշնակ է զարգացման միջազգային ընդհանուր ընկալմանը, ինչի մասին խոսեց ՄԱԿ ընհանուր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը, ապա պետք է համաձայնենք, որ հակահայ տրամադրությունների շարունակական տարածումը իրականացվում է ոչ միայն առկա ռուս-հայկական քաղաքակրթական զգալի տարբերության հետեւանքով, այլեւ ուղղորդվում քաղաքական ազդեցիկ մեկ կենտրոնից: Կրեմլն է դա, թե հայկական հարցերով մասնագիտացող գերազդեցիկ մեկ այլ պաշտոնական կամ անպաշտոն մարմին, այս պահին ստույգ ասել հնարավոր չէ:
Ինչեւէ, Մոսկվան անտարակույս ստիպված է դիմել անհապաղ միջոցառումների՝ կարկանդակի եւ մտրակի հայտնի տրամաբանությամբ: Ինչ տեսլականով են առաջնորդվում հայերի հանդեպ «խոհեմ» վերաբերմունքի ջատագովները: Հարկ է նշել, որ 2018-ին «հայտնաբերված» հայկական խնդիրը, այդուհանդերձ, դիտարկվում է Ռուսաստանի առջեւ ծառացած ընդհանուր խնդիրներից անբաժան: Անշուշտ, սա արժեքավոր մեթոդական մոտեցում է նախեւառաջ «ռուսական» խնդրի հակադարձ՝ երեւանյան դիտարկումների համար: Սակայն մոսկովյան ակադեմիական միջավայրը ավանդաբար պահպանողական մակարդակի վրա է եւ շարունակում է պաշտպանել արդեն տանուլ տրված դիրքերը: Ըստ այդմ էլ նրանց ազդեցությունը գնալով նվազում է:
Ինչ վերաբերում է գործող քաղաքական խավին՝ հատկանշական է, որ թյուրքամետ, ասիական մտայնության նոր, հուժկու քարոզչություն է իրականացվում հիմնականում քննականորեն տրամադրված մտավորականության շրջանում: Սա արվում է նեքին սոցիալ-տնտեսական հարաճուն խնդիրները արտաքին ծավալման եղանակով մեղմացնելու մարտավարության շրջանակներում: Մտածող մարդիք չպետք է խոչընդոտեն թուրքական եւ չինական արտաքին օրիենտացիաներին: Քարոզչության թեման համապատասխան է. «իսկ եղե՞լ է արդյոք միջնադարյան թաթարական զուլումը առհասարակ»:
Բնականաբար, այս հանգամանքներում հայ հեղափոխությունը այլ բան չէ, քան կոկորդին կանգնած մի ոսկոր: Սակայն իրադրությունը միանշանակ չէ: Կարելի է տեսնել, որ վիճակը համապատասխանում է 1919-1921-ի ծավալապաշտական եւ 1982-1988-ի հետնապահ վարքային մոդելների դինամիկ զուգորդմանը: Հիշենք, որ մինչ 80-ականների սկզբին սովետական բանակը մարտնչում էր Աֆղանստանում, իսկ կենտկոմական գաղափարախոսները շարունակում էին մարքս-լենինյան գիծը, անվտանգության փորձագետները Յուրի Անդրոպովի հանձնարարությամբ արդեն մշակում էին կայսրության սահուն կազմալուծման եւ նեոգաղութային մոդելին անցնելու հետնապահ, արիերգարդային թեզը: Հայկական գործոնը որքան ազդու, այնքան էլ վտանգավոր էր այս հակասական խնդրի լուծման համար: Որպես այդպիսին էլ օգտագործվեց, սակայն ազգի լավագույն զավակների անձնուրացությամբ ազատագրված Արցախով հանդերձ:
Վերադառնալով մեր օրերին, հարց տանք. ներգծվու՞մ է 2018 հեղափոխությունը Ռւսաստանի նոր վիճակին անցնելու ծրագրի մեջ, թե այն դեռեւս 1994-ին Անդրկովկասում հաստատված եւ 2016-ին պաշտպանված status quo տրամաբանական արտահայտությունն է: Սա տեսական հարց է, որ քննության կարիք ունի, սակայն հարկ է արձանագրել մեկ աներկբա անհրաժեշտություն: Ռուս-թուրքական մերձեցումը պետք է հայտնվի հայկական մտահոգությունների պաշտոնական ցանկի առջին դիրքում: Կամ՝ հայկական սպասումների, եթե նկատի ունենանք 1921-ի աղետաբեր իրողության շտկման հեռանկարը:
Ո՞րն է պարոն Զատուլինի մանդատի տեղը այս կոմբինացիայի մեջ: Այն դրակա՞ն է, թե բացասական: Կա շատ պարզ մի հայտանիշ: Հայ-ռուսական հարաբերությունների դրական զարգացման կորիզը 1921 թվականի Մոսկովյան պայմանագրի հետեւանքների շտկումն է: Ռուս-թուրքական այս պահի հարաբերությունները գտնվում են հարաճուն սիրո այնպիսի մի հանգրվանում, որ համեմատելի է միայն 100-ամյա վաղեմության բոլշեւիկ-քեմալական մթնոլորտի հետ, ինչը պայծառ հորիզոն է բացում հայ-ռուսական հազարամյա բարեկամությունը պատմական արդարության ոգով ամրապնդելու համար:
Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությունը, բացի «երկու երկրների պետական, գիտական, մշակութային եւ հանրային ոլորտներում ոչ ֆորմալ՝ առավել անմիջական բնույթի հաղորդակցության նոր հարթակ ստեղծելուց», ենթադրում է տնտեսական առավելությունների, մասնավորապես, գազի գնի նվազեցման միջոցով Ռուսաստանի նկատմամբ հայերի հավատարմության ավելացում: Սակայն, ենթադրել, թե հայերը հեղափոխություն են արել բնական գազի գինը 10, 20 կամ 100 ԱՄՆ դոլարով իջեցնելու նպատակով, կնշանակեր իմաստությամբ գերազանցել նույնիսկ «վազիր մուխթարի» արժանի ժառանգ Դմիտրի Կիսելյովին: