Երրորդ Հռոմի անկումը. Նոր ծանր հարված ռուսական կայսրության հիմքին

Պոլսի Տիեզերական Պատրիարքը որոշել է չեղարկել Ռուս ուղղափառ եկեղեցու արգելքը, որ դրվել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու եւ Ուկրաինական ավտոկեֆալ եկեղեցու վրա: Ուկրաինայի ուղղափառ այս երկու ճյուղերի միավորման դեպքում Ուկրաինական ուղղափառ եկեղեցին կստանա ավտոկեֆալիա:

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն այս կապակցությամբ հայտարաել է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան, կամ առանձին եկեղեցու ճանաչումը ազգային անվտանգության խնդիր է: Նրա խոսքով, դա նշանակում է «Երրորդ Հռոմի անկումը, որը համաշխարհային տիրապետության հասնելու Մոսկվայի հին կոնցեպտուալ հայտն է»:

Պոլսի Տիեզերական Պատրիարքության այս որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում: Ռուս Ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ դրանով Պոլսի պատրիարքը լեգալացնում է ուղղափառության պառակտումը: Միեւնույն ժամանակ, ՌՈՒԵ-ում չեն բացառում Մոսկվայի պատրիարքությանը ենթակա ուկրաինական կանոնիկ ուղղափառ եկեղեցիների զավթումը եւ ճնշումները:

Պոլսի պատրիարքի որոշմանն անդրադարձել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, որ պետությունը չի միջամտելու եկեղեցական վեճին, միեւնույն ժամանակ, Ուկրաինայում Մոսկվայի պատրիարքության հետեւորդների դեմ հալածանքների դեպքում Ռուսաստանը պաշտպանելու է ուղղափառներին, ինչպես պաշտպանում է ռուսալեզուներին, եթե իրադարձությունները հակաիրավական բնույթ կրեն:

Միեւնույն ժամանակ, ռուս քաղաքական գործիչներն ու փորձագետներն արդեն կանխատեսում են արյունալի բախումներ Ուկրաինայում, եկեղեցական բաժանման հողի վրա: Ժիրինովսկին, օրինակ, Պոլսի պատրիարքության որոշումը համեմատել է Բարդուղիմեոսյան գիշերվա հետ, որից հետո Եվրոպայում բռնկվեց 30-ամյա պատերազմը: Ուկրաինայում արյուն է հեղվելու, կրոնական հողի վրա մենք պատերազմ կստանանք, ասել է նա:

Կիեւյան Ռուսիայում ուղղափառ քրիստոնեությունը որպես պետական կրոն հաստատել է Արեւելյան Հռոմեական կայսրության իշխող հայկական դինաստիան, սկիզբ դնելով «Երրորդ Հռոմին»: Ուղղափառ քրիստոնեությունը Ռուսական կայսրության համար դարձել էր էքսպանսիոն քաղաքականության գաղափարական հիմքը տարբեր պատմական փուլերում:

Ներկայում ռուսական էքսպանսիայի տարբեր գաղափարական հիմքերը փլուզվում են, չկա կոմունիզմի գաղափարախոսությունը, տապալվեց ռուսական աշխարհի հայեցակարգը, Սիրիայում ռուսները հանձնում են դիրքերը Թուրքիային: Պրո-ռուսական բլոկները՝ ԱՊՀ, ԵՏՄ, ՀԱՊԿ, զուրկ են որեւէ բովանդակությունից ու միջազգային լեգիտիմությունից: Եվ ահա, Պոլսի Տիեզերական պատրիարքի որոշումից հետո ռուսները կորցնում են նաեւ «Երրորդ Հռոմի» կամ ուղղափառ աշխարհի առաջնորդի դերն ու հավակնությունը:

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան զգալիորեն թուլացնելու է Ռուս ուղղափառ եկեղեցին թե քանակական, թե որակական բաղադրիչներով: Ուկրաինայի արեւելյան շրջաններում պատերազմի հեռանկարը հնարավոր է «փրկություն» դառնա բարդ տնտեսական, քաղաքական ու բարոյահոգեբանական անկումների մեջ գտնվող ռուսական պետության համար, սակայն միայն կարճաժամկետ առումով եւ խիստ կասկածելի արդյունքով:

Ընդ որում, բավական վիճահարույց է խնդիրը նաեւ ներքին առումով, քանի որ Ռուս ուղղափառ եկեղեցու թույլացումն առաջացնելու է ներքին լուրջ խմորումներ թե կրոնական, թե էթնիկ հողի վրա: Մասնավորապես, նկատի առնելով թյուրքական էթնիկ գործոնի պոտենցիալ զորությունը Ռուսաստանում: Դա ռուսներին ավելի խորն է մղելու թուրքերի հետ «բարեկամության»:

lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: