Երբ ուժ չենք կիրառում, ասում են, որ փափուկ խաղալիք ենք. Ոստիկանապետը` աղմկահարույց տեսանյութի մասին

Այսօր համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են ոստիկանները փորձում բերման ենթարկել մի քաղաքացու: Տեսանյութը հրապարակողը նշում է, որ քաղաքացու նկատմամբ գործողությունները պայմանավորված են նրանով, որ վերջինս դիմակ չի ունեցել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ Ոստիկանապետ Արման Սարգսյանը հայտարարեց, որ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը կստուգվի.

«Բայց շատ իրավաչափ եմ համարում, որովհետև քաղաքացուն ընդամենն ասում են, որ պետք է կատարել պարետի որոշման պահանջները:

Այն քաղաքացին, որ համակեցության կանոններից, համընդհանուր նորմերից և մյուս պահանջներից սկսած փորձում է ընդվզել և, ոստիկանին հրահրելով, փորձել ներքաշել ինչ-որ բանի մեջ…կներեք, ես հիմա կանխակալ դուրս չգամ, որ առաջ ընկնելով ասում եմ իրավաչափ է… ճիշտ են անում:
Եթե այդ գործողությունն անեն մեկի նկատմամբ, ով որևէ բան չի արել, ոստիկանության այդ ծառայողը կպատժվի: Կարծում եմ, որ ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու լիազորություն: Ես որոշակի տվյալներ ունեմ այդ քաղաքացու մասին, սակայն ճիշտ չի լինի, եթե այստեղ բարձրաձայնեմ դրանք»:
Ոստիկանապետի խոսքերով, որտեղ օրենքով ուժ կիրառելու անհրաժեշտություն կա, պետք է դա անել. «Մենք երկու ծայրահեղության մեջ ենք ընկնում: Երբ ուժ չենք կիրառում, ասում են, որ մեղմ ենք, թավշյա ենք, փափուկ խաղալիք ենք, երբ կիրառում ենք, դա դիտարկում են որպես բռնություն»:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: