![]()
Tert.am-ը գրում է․
Tert.am –ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է վարչապետ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցին։ Շարմազանովը նշում է, որ եթե Փաշինյանի ասածը համապատասխանում է իրականությանը, և ՀՀ–ՌԴ հարաբերությունները փայլուն են, ապա ստացվում է, որ ՌԴ-ն այլևս Ադրբեջանին ոչ մի փամփուշտ չի վաճառելու։
-Պարո՛ն Շարմազանով, մինչ հանրապետականներդ այս ողջ ընթացքում հայտարարում էիք, որ հայ –ռուսական հարաբերությունները Հայաստանի քաղաքական նոր իշխանությունների օրոք վատթարացել են, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով այցի արդյունքները, նշում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Ի՞նչ կարող եք ասել այս ամենի ու, առհասարակ, մոսկովյան այցի արդյունքների վերաբերյալ:
— Նախ, ոչ միայն Հանրապետական կուսակցության անդամներն են արձանագրել, որ Փաշինյանի արտաքին քաղաքականության մեջ որոշակի խնդրահարույց կետեր կան, այլև բազմաթիվ վերլուծաբաններ, որոնց դժվար է անվանել հանրապետականասեր:
Եվ պետք է նշեմ, որ «ռեալպոլիտիկի» մեջ հաջողությունն ու անհաջողությունն արձանագրվում են ոչ թե հայտարարությունների մակարդակով, այլ արդյունքներով: Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցին, ապա պետք է նշեմ, որ հենց Փաշինյանի ելույթների մեջ կար լուրջ հակասություն: Նախ, Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերություններում կան հարցեր, «Աստված չանի, որ չլինեն հարցեր, հարցերի բացակայությունը խոսում է հարաբերությունների բացակայության մասին»,և հանդիպումից հետո գրում է, որ այդ հարաբերությունները փայլուն են: Եթե փայլուն են, որևէ հարց չկա, նշանակում է, որ, համաձայն հայտարարության՝ որևէ հարաբերություն չկա՞: Սա նշանակում է, որ իր հայտարարության առաջին մասն իր գրառման հետ լրիվ հակասության մեջ է: Ինչ վերաբերում է «փայլուն»-ին:
Եթե մտածենք, որ Նիկոլ Փաշինյանի ասածն իրականություն է, և հայ –ռուսական հարաբերությունները այդքան փայլուն են, ապա ես իրավունք ունեմ ենթադրելու, որ.
1. ՌԴ-ն այլևս Ադրբեջանին զենք-զինամթերք և ոչ մի փամփուշտ չի վաճառելու:
2. ՀԱՊԿ-ում Գլխավոր քարտուղարի հարցը լուծված է. Կա՛մ որոշվել է, որ Խաչատուրովը պետք է պաշտոնավարի, կա՛մ, եթե չի պաշտոնավարելու, միանշանակ, մինչև ժամկետի ավարտը պետք է պաշտոնավարի Հայաստանը:
3. Միքայել Հարությունյանի հետ կապված՝ եկել են ընդհանուր հայտարարի: Այսինքն՝ կա՛մ Ռուսաստանը Միքայել Հարությունյանին արտահանվում է Հայաստանին, կա՛մ էլ ՀՀ իշխանություններն ընդունել են, որ սխալ են եղել, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել:
4. Լարվում առանձին անցակետ են բացելու Հայաստանի քաղաքացիների ու մեր երկրից արտահանվող ապրանքների համար, և որևէ խնդիր չի առաջանալու:
5. Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի թեման ամբողջությամբ փակվել է, և որևէ նման խնդիր չկա:
Եթե տեսնենք, որ այս ամենը և մի շարք նմանատիպ հարցեր այնպես են, ինչպես թվարկեցի, ուրեմն, այո, Փաշինյանի իրականացրած քաղաքականությունը փայլուն է: Իսկ եթե որևէ հարց չի լուծվելու՝ նշանակում է, որ Փաշինյանը ճիշտ չի գնահատում իր խոսքի արժեքը:
Շարունակությունը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝Tert.am