
Մարտի 1-ի գործի լիարժեք և բազմակողմանի բացահայտումն անհրաժեշտ է ոչ միայն 10 զոհերի հարազատների վիշտը մեղմելու համար, այլ այն անհրաժեշտ է արդարությունը վերականգնելու նպատակով, որպեսզի այսուհետ երկրում չլինի վախի մթնոլորտի սերմանում, կեղծված ընտրությունների անցկացում, իշխանազանցություն, իշխանության զավթում, վերարտադրություն և վերջապես իշխանավորների կողմից չլինի թալան և այն ապահովագրելու հնարավորություններ:

Ներկայումս դատական համակարգը կանգնած է լուրջ փորձության առաջ: ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին երդում տված դատավորները այսօր իրավագիտությունից և բարոյագիտությունից քննություն են հանձնում ողջ հասարակության առաջ: Նրանց չի տրված լիկվիդ հանձնելու հնարավորություն…:
Օրեր առաջ առաջին ատյանի դատարանը մեղադրանք է առաջադրել ՀՀ 2-րդ, անձեռնամխելի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի իշխանության վերջին օրերին սպանվեց 10 մարդ: Ի դեպ վերաքննիչ դատարանը չբեկանեց մեղադրանքի վճիռը:
Բնականաբար հարց է ծագում` եթե երկրի առաջին դեմքը անձեռնամխելի է, քանի՞ մարդ կարող է սպանվել, որպեսզի իշխանության վերարտադրությունը չխաթարվի…, և նա անձեռնամխելիությունից չզրկվի:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Նյութի աղբյուրը՝ lragir.am