
Մեր զրուցակիցն է տնտեսագետ Սուրեն Սահակյանը
Պարոն Սահակյան, տեսակետներ են հնչում, որ սխալ է Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալը, որովհետև հնարավոր է խորհրդարանական ուժերը նոր դավադրություն նյութեն: Նաև նշվում է, որ ճիշտը հանրաքվեի իրականացումն էր ստեղծված իրավիճակում: Կա՞ արդյոք վտանգ Փաշինյանի հրաժարականի դեպքում:
Նույնպիսի կարծիքներ էին հնչում թե Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ, թե դրանից հետո, թե մայիսի 1-ի քվեարկությունից առաջ, թե մայիսի 8-ի քվեարկությունից առաջ։ Կարծում եմ՝ ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես խորհրդարանի մեծամասնությունը, ժողովրդի ինչ-որ հատված նույնպես չի տիրապետում իրավիճակին։ Չկա այլևս Հայաստանի Հանրապետական կուսակցություն այնպիսին, ինչպես մենք սովոր ենք տեսնել։ Եթե ուշադիր լինեք, վերջին հայտարարության տակ ստորագրված է ոչ թե ՀՀԿ, այլ ՀՀԿ խորհրդարանական խմբակցություն։
Իրականում վերջին օրինագծի կողմ քվեարկությունը վերջնականապես քանդեց հին քաղաքական համակարգը։ Եթե մինչ այդ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հաջորդ խորհրդարան մտնելու հույսեր կարող էին փայփայել, հիմա դրանից էլ զրկվեցին։ ԲՀԿ-ն, կարծում եմ, կհայտնվի ՀՀԿ այժմյան վիճակում, եթե ՀՅԴ-ն չթարմացվի, այն նույնպես։ Ես չգիտեմ՝ նրանց ով էր խորհուրդ տվել այդպիսի պայմաններում այդպիսի որոշում կայացնել, բայց կարելի է պնդել, որ նա շարունակում է հեղափոխության գործը։
Ինչ վերաբերվում է հրաժարականին, ապա Սահմանադրությամբ արտահերթ ընտրությունների 2 տարբերակ է նշվում՝ վարչապետ չընտրելը և կառավարության ծրագրին հավանություն չտալը։ Եթե վարչապետի հրաժարականից հետո այլ թեկնածուի անուն շրջանառվի և, առավել ևս, ընտրվի, ապա դա կարձակի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև մեր՝ հանրության ձեռքերը։ Այժմ Նիկոլ Փաշինյանը կաշկանդված է իր պաշտոնով, հանրությունը՝ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով։ Այդ տարբերակում խորհրդարանական ուժերը ավելի արագ ու ցավոտ կկնքեն իրենց քաղաքական մահկանացուն։
Ի վերջո, դեկտեմբերին տեղի կունենա՞ն արտահերթ ընտրություններ:
Ես ձեռնպահ կմնամ նման կանխատեսումներ անել։ Անձամբ իմ կարծիքով, ավելի ռացիոնալ կլիներ մարտին կայացվող ընտրությունների մասին խոսել։ Սակայն գուցե կա մի ինֆորմացիա, որին ես չեմ տիրապետում, իսկ կառավարության համար դա անկյունաքարային հարց է։ Այդ դեպքում, հնարավոր է նաև դեկտեմբերին կայացնել ընտրությունները, ինչո՞ւ ոչ։
Հակահեղափոխությունը որքանո՞վ է լուրջ վտանգ այսօր: Ի՞նչ կարող են անել այդ ուժերը Փաշինյանի հրաժարականից հետո, կոալիցիա կազմել և թեկնածու առաջադրե՞լ: Արդյոք նման քայլի կդիմե՞ն:
Հակահեղափոխություն ասելով ամեն մեկը մի բան է հասկանում։ Այդ պատճառով դժվար է պատասխանել հարցին, մինչև վերջնական համաձայնություն չկա, թե ինչ նկատի ունեք։ Այս պահին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր է։ Ժողովուրդը նրան լիազորել է ցրել իրենց չներկայացնող Ազգային ժողովը, և չկա մի ուժ, չկա մի գործողություն, որը կարող է դիմակայել ժողովրդին ու նրան, ում ժողովուրդը լիազորել է իրականացնել այդ փոփոխությունները։ Կոալիցիա կկազմեն, կոալիցիա չեն կազմի, կքվեարկեն, չեն քվեարկի, դրանք էական չեն։ Խորհրդարանը հայտնվել է մի իրավիճակում, ինչպես ճահիճն ընկած մարդը՝ ամեն շարժում նրա վիճակն ավելի է բարդացնելու։ Ինչքան անկանոն շարժվեն, այնքան ավելի շուտ կխորտակվեն։ Ինչքան շուտ գիտակցեն իրավիճակը, այնքան լավ երկրի համար։
Արմեն Սարգսյանը կարող է չվավերացնել այդ փոփոխութունները և չեզոքանե՞լ ռիսկերը:
Արմեն Սարգսյանի խոսքից տպավորություն է ստեղծում, որ պատրաստ է իրականացնել ժողովրդի պահանջը՝ չստորագրել այդ օրենքը։ Ամեն դեպքում, եթե ստորագրի, ապա նրա պաշտոնավարման ժամկետը մոտավորապես կհամընկնի Ազգային ժողովի այս գումարման կյանքի հետ։ Ախր միայն թվում է, թե այդ մարդիկ կարող են որևէ բան որոշել, հակառակվել մեծամասնության կամքին։ Իրենց որոշումներից միայն իրենց ճակատագիրն է կախված, ուրիշ ոչ մի բան։
Դուք նոր կուսակցություն եք հիմնում՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն անվանմամբ: Կհասցնե՞ք պատրաստվել ընտրություններին: Քաղաքական ուժերը հենց ժամկետի կարճ լինելու մեջ են խնդիր տեսնում:
Անունը աշխատանքային է։ Այն կհաստատվի կամ կփոխվի համաժողովի ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 3-ին։ Մեզ համար ինքնանպատակ չէ ընտրություններին մասնակցությունը կամ ԱԺ անցնելը։ Նախաձեռնող խումբը տրամադրված է զբաղվել կուսակցաշինությամբ թե՛ խորհրդարանում իր ներկայության պայմաններում, թե՛ առանց դրա։ Ամեն դեպքում, պետական գրանցում ստանալուց հետո մենք պատրաստ կլինենք իրադարձությունների ցանկացած զարգացման։