
«Եթե Փաշինյանը տարածք զիջի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում՝ դա կլինի իր դատավճիռը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Դավոսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «ոչ պաշտոնական» հանդիպումից հետո մամուլում որոշ փորձագետների ջանքերով ակտիվացած այն խոսակցություններին, թե Փաշինյանը պատրաստվում է ինչ-որ համաձայնագիր ստորագրել ադրբեջանական կողմի հետ, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքների հանձնում Ադրբեջանին։
Խրամչիխինն այս համատեքստում հիշեցրեց 1997-98 թթ․ Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները, երբ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակի կողմնակից Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ երկրի նախագահի պաշտոնից։

«Իմ կարծիքով՝ դա կլինի իր դատավճիռը։ Գուցե ներկայիս Հայաստանում իրավիճակն այնքան է փոխվել, որ նա (Նիկոլ Փաշինյանը) արդեն չի բացառում նման բան։ Հարցին ավելի համակողմանի պատասխան տալու համար ես նախ պետք է ավելի լավ պատկերացնեմ իրավիճակն այսօրվա Հայաստանում։ Բայց ես շատ լավ հիշում եմ, թե ինչ եղավ Տեր-Պետրոսյանի հետ, երբ ակնարկ եղավ այն մասին, որ հայկական կողմը կարող է տարածքներ զիջել Ադրբեջանին։ Հետևաբար՝ կարծում եմ, որ հետագայում էլ այս տրամաբանությունը կգործի: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ կարող եմ միայն կրկնել իմ այն տեսակետը, որը բազմիցս եմ նշել՝ հակամարտող կողմերի դիրքորոշումները փոխադարձաբար բացառող են, և ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է լուծել այս հարցը։ Հայաստանը չի կարող տալ նույնիսկ այն շրջանները, որոնք ֆորմալ առումով նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ չեն մտել, բայց ապահովում են ցամաքային կապը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, որովհետև դա կործանարար կլինի Ղարաբաղի համար։ Ուստի ես չեմ հասկանում, թե ինչ զիջումների կամ փոխզիջումների մասին է խոսքը։ Եթե հանձնել, ապա՝ Ղարաբաղն ամբողջությամբ։ Եվ ես չգիտեմ՝ ինչ կլինի այն մարդու հետ, որն այդպիսի քայլ կանի»,- մեկնաբանեց Ալեքսանդր Խրամչիխինը։
Ամեն դեպքում ինչո՞վ է բացատրվում Ադրբեջանի ղեկավարության բավական տարօրինակ վարքագիծը վերջին շրջանում, ագրեսիվ հռետորաբանության մեղմացումը, որն էլ կասկածներ է առաջացնում Հայաստանում, թե եթե Ադրբեջանը գոհ է բանակցային գործընթացից, ուրեմն «մի բան այն չէ»։
Մեր հարցին ի պատասխան փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն ասաց․ «Գուցե այն հանգամանքով, որ նրանք հույս ունեն, թե Հայաստանի նոր ղեկավարը՝ Փաշինյանը, կարող է ինչ-որ փոխզիջումներ անել։ Քանի որ տապալվել է նախկին իշխանությունը, որը չէր պատրաստվում փոխզիջումներ անել, ադրբեջանցիները կարծում են, որ նախկին վարչակարգն ամբողջությամբ մերժող նոր իշխանությունը կարող է փոխել հայկական կողմի մոտեցումներն այս հարցում»։
Հիշեցնենք՝ ռուսաստանցի փորձագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը հայկական «168 Ժամ» շաբաթաթերթին տված հարցազրույցում անդրադարձել էր Դավոսում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը՝ կարծիք հայտնելով, թե հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու, որով հայկական կողմը «մի քանի շրջան է զիջելու» Ադրբեջանին։