Դա անօրինական որոշում էր․․․ մարդիկ մեզանից բոբոյի, հրեշի կերպար են սարքում ու սկսում են այդ հրեշից վախենալ․․․

Դա անօրինական որոշում էր․․․ մարդիկ մեզանից բոբոյի, հրեշի կերպար են սարքում ու սկսում են այդ հրեշից վախենալ․․․

Երեկ գիշերը մտածում էի գնալ այնտեղ որտեղ բնակվում է Նիկոլ Փաշինյանը, որ պարոն Փաշինյանին ու Աննային իմ ջերմ բարևները փոխանցեի։ Ուզում էի հսկող ոստիկաններին խնդրել, որ փոխանցեին, որ Ստեփան Գրիգորյանն ազատվել է։ Նրանց անչափ շնորհակալ եմ, որովհետև ամեն մարդ, ով մասնակցել է հեղափոխությանը՝ իր լուման է ունեցել նաև մեր ազատ արձակման գործում։ Հեղափոխությունն ամեն ցմահ դատապարտյալի մոտ հույս է արթնացրել, որովհետև արդեն 2 հիվանդ ցմահ դատապարտյալ ազատ է արձակվել, 3 վաղաժամկետ ազատ արձակվող ունենք։ Մենք այս հարցում էլ «գոլ» ենք խփել։ ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց 2 օր առաջ ազատ արձակված ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը։

Նա նշեց, որ փաթեթ է պատրաստել և առաջիկայում խորհրդակցություններ է ունենալու փաստաբանների հետ, որպեսզի տարիներ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշումը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ դատապարտմամբ վիճարկի։

«Դա անօրինական որոշում էր»,- ասաց նա։

Նա ընդգծեց, որ իր ազատ արձակումը միայն իր հարազատներին չէ, որ ուրախացրել է։

«Չեք պատկերացնի, թե ցմահների մոտ ինչ ցնծություն ու ուրախություն է։ Նաև այդ մարդկանց հարազատների մոտ է հույս արթնացել, նրանք էլ են մտածում, ոգևորվում։ Գիտեք, հիմա ամենաշատն ուզում եմ, որ կարծրատիպերը կոտրվի ազատազրկման վայրերում եղած մարդկանց մասին։ Հեռուտատեսությամբ ինչ են նայում մարդիկ, ցույց են տալիս ֆիլմեր, որտեղ մարդիկ դանակներով իրար հետից են ընկած, մեկը մեկին ուզում է բռնաբարի, մեկը մեկին ուզում է մորթի։ Այս քարոզը տարիներ շարունակ տարվում է, պատկերացրեք, եթե ես ձեր հարևանը լինեի։ Շատերը մտածում են, որ եթե կալանավոր եմ եղել՝ հիմա պետք է ուրիշ արտաքին կամ հագուկապ ունենամ, երբ ծանոթանում են, չեն էլ պատկերացնում, որ կոստյումով ու ճերմակ վերնաշապիկով մարդը կարող է կալանավոր լինել, այն էլ ցմահ դատապարտյալ։ Մարդկանց մոտ տպավորություն կա, որ մենք հրեշներ ենք, նման բան չկա, մենք էլ հարազատներ ունենք։ Ես դեպք գիտեմ, որ մարդը կնոջը վիրավորելու համար ինչ-որ մեկին ուղղակի մի հատ սիլլա էր տվել, նա էլ ընկել է՝ գլուխը խփել բորդյուրին ու մահացել, 10 տարի այդ մարդուն դատել են, հիմա նրան ասենք՝ վայ գիտեք ինչ վտանգավոր մարդ է, մարդասպան է, հրեշ։ Նայել ենք «02»-ը՝ ինչպես է ներկայացնում մարդկանց, շատերին պիտակավորում են, ասում են՝ «նախկինում դատապարտված», բայց չեն ասում ինչի համար է դատապարտվել, մարդիկ էլ մտածում են վերջ՝ էս մարդիկ անուղղելի հանցագործներ են, բայց մարդը կարող է առաջին անգամ նստած լինի հարևանին հայհոյելու համար, հիմա էլ ասենք՝ հարևանից պարտք՝ է վերցրել չի կարողացել վերադաձնի, հարևանն էլ բողոքել է։ Մարդիկ ինչ- որ կերպար են ստեղծում ու սկսում էդ կերպարին ավելի հրեշավոր դարձնել, մենք էլ փորձում ենք ամեն կերպ ապացուցել, որ հրեշներ չենք, սովորական մարդիկ ենք»։

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը ...

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթին՝ նա ընդգծեց, որ այստեղ էլ պատկերը չափազանցված է։

«Տարիներ շարունակ «գողական» բառն են օգտագործում մեզնից շատերի մասին խոսելիս, ես էդ բառը փոխարինել եմ, այլ բառով՝ ասում եմ «մարդկային»։ Անկախ նրանից տանն ես, թե գաղութում, աշխատավայրում, թե բակում, կան չէ գրված ու չգրված օրենքներ, որ օրինակ աշխատավայրում չի կարելի սիգարետը գցել գետնին, բակում չի կարելի հայհոյել կամ անտեղի մարդկանց վիրավորել, նույն «մարդկային» կանոններն ու հարաբերությունները նաև ճաղերից այն կողմ է։ Շատերը էդ «գողականներին» պատկերացնում են թզբեխով կամ պպզած ինչ-որ տեղ, որտեղի՞ց են նման բաներ վերցնում, ինչ-որ կինոներ են ցույց տալիս այդպիսի կերպարներով, բոբոյի, հրեշի կերպար են սարքում ու սկսում են այդ հրեշից վախենալ։ Հիմա էլ հարցնում են՝ կադապտացվե՞նք ազատությանը։ Դուք մարդու մասին եք, խոսում, ի՞նչ ադապտացվելու մասին է խոսքը, ինչին պետք է ադապտացվենք։ Ի՞նչ տարօրինակություններ պետք է լինեն մեզ մոտ, ինչո՞վ ենք տարօրինակ կամ վտանգավոր։ Վիշապ են սարքել մեզ․ հրեշ ու պայքարում են, ինչի դեմ են պայքարում, մի մասը դժբախտ պատահականության արդյունքում են այնպես հայտնվել, հիմա այնպես չէ, որ որևէ մեկին ուզում եմ պաշտպանել կամ սուրբ սարքել, ուզում եմ մարդիկ մեզնից հրեշներ կամ վիշապներ չսարքեն»,-ասաց Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ մոտ 10 օրից աշխատանքի կանցնի, արդեն առաջարկներ ունի, կազմակերպությունը բիզնես ոլորտում է։

«Կծանոթանամ աշխատանքին, հետո էլ կաշխատեմ։ Առայժմ վայելում եմ թոռնիկներիս ներկայությունը»,-ասաց Գրիգորյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: