
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հետ համագործակցությամբ աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի բացման արարողության ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան վիրավորեց նրանց, ասաց, որ լրագրողներն են այս երկրի ամենամեծ չարիքը: «Դավայ, գնացեք ձեր գործին»,- լրագրողներին դիմեց Ծառուկյանը:
Ներքաղաքական հարցերին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը կրկնում էր, որ թող իրեն ներդրումներից հարցեր տան, այսքան ներդրողներ է բերել Հայաստան: «Ոնց եք Ծառուկյանի տրամադրությունը գցում: Ոնց որ պարոն վարչապետն ասեց՝ բարիկադները քանդել ենք, հիմա նոր բարիկադներ ենք կառուցում»,- նշեց նա:
Հարցին, թե ինքը բարիկադների որ կողմում է, Ծառուկյանը պատասխանեց. «Պարոն վարչապետը ձեզ տեղյակ ա պահել: Երբ որ մենք պարոն վարչապետի հետ հուշագիր ստորագրեցինք…»: Լրագրողները նկատեցին, որ մինչև ստորագրելը ԲՀԿ-ն կարծես բարիկադներից այն կողմ էր, քանի որ աջակցեց ՀՀԿ-ին՝ ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու համար: «Դա ո՞նց ա նշանակում այն կողմ, ինչ օրենք ա դա, օրենքից տեղյա՞կ ես: Ուրեմն ես ուզում եմ ասեմ, որ իմանաս՝ սաղ դուք եք անում, որ ժողովրդին թյուրիմացության մեջ եք դնում: Դա հիմնական պատգամավորի, ասենք թե, իրավունքի խնդիրն ա, որ պատգամավորը պետք է կարողանա գնա խորհրդարան, իր ձայնը տա: Դու հարց ես տալիս յոթ անկյունով, որ այդ հարցը հանձնաժողովում դրվել ա, քննարկվել ա: Բոլորն ասված ա, բոլորը ստորագրված ա, մենք նորմալ պարոն վարչապետի հետ հուշագիրը ստորագրել ենք, իրար կողք կողքի գնում ենք, այսօր բարիկադներ կառուցելու ժամանակն ա»,- ասաց նա:
Այնուհետև Գագիկ Ծառուկյանը հունից դուրս եկավ լրագրողների հարցերից: «Ես ինքնըստինքյան ուզում եմ, որ պիտանի լինեմ, որ բան փոխվի, բայց լրագրողները, նորից եմ ասում, էս երկիր քանդողները… Ոնց որ դուք էսօր եկել եք Ծառուկյանին հունից հանեք, չի կարելի չէ, ոչ մի հարցի էլ չեմ պատասխանում, գնացեք ձեր գործին: Անհարմար ա, գնացեք ձեր գործին, դավայ: Ոնց որ էս երկրի չարիքները լինեք: Էսքան մարդ ենք բերել, է ձեր վե՞ջն ա, մուտիլոկվա անեք, մի քանի բան փախցնեք: Դրա համար էլ ես կարամ ասեմ՝ ոչ զարգացում կըլնի, ոչ էլ մի լավ բան կըլնի: Հիմնական մեղավորը դուք եք, սաղին խառնեք, հագցնեք, ժողովրդին էլ թյուրիմացության մեջ դնեք: Մեղք են էդ մարդիկ, պայքարել են, հաղթել են: Ասում եք՝ դու բարիկադների մյուս կողմ ես: Նիկոլ Փաշինյանին, Սասունին, Արարատին որ ձերբակալեցին, էդ օրը ով հայտարարեց, որ ես իրանց կողքն եմ», վրդովված ասաց Ծառուկյանը:
Երբ լրագրողները նրան հարցրին, թե ո՞ւր էր այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից գալիս էր Երևան, նա պատասխանեց. “Ես իմ տեղը նստած էի, բայց քանի՞ հոգի էր Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից գալիս»:
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր առաջ է ընդամենը ԲՀԿ-ն հայտարարել, որ միանում է համաժողովրդական շարժմանը, Ծառուկյանը պատասխանեց. «Դու չես ամաչո՞ւմ, տղա ջան, արի էսքանի մոտ մարջ գանք»:
“Մեր լրագրողները խաչաձև մուտիլովկեք, ուզում եք ավելի հետաքրքիր լինի, ուզում եք բոմբ տրաքացնեք, բոմբը արդեն տրաքե, պրծել ա, արդեն կառուցելու ժամանակն ա: Դե վարչապետի ցավն էլ տանենք, մարդն արդեն ասում ա՝ բարիկադները քանդել ենք, հիմա պետք է կարողանանք ամեն մեկն իր գործը կատարի”,- հավելեց Ծառուկյանը: