
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով: Գերմանիայում Նիկոլ Փաշինբյանը կհանդիպի Մերկելին, Գերմանիայի նախագահին, Գերմանիայի խորհրդարանի նախագահին:
Անգելա Մերկելը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն արտահայտել էր դեռեւս դեկտեմբերի 10-ին, Փաշինյանին ուղղված շնորհավորական հեռագրում, որ հղել էր խորհրդարանի արտահերթ ընտրությանը հաղթանակի կապակցությամբ:
Գերմանիայի հետ հարաբերության կարեւորությունը անշուշտ բազմաշերտ է, թե երկկողմ, թե Հայաստան-ԵՄ, թե ընդհանրապես աշխարհքաղաքական եւ ռեգիոնալ համատեքստում: Ընդ որում, այստեղ Բեռլինի որոշակի դերակատարում նշմարվում է հատկանշական մի ժամանակաշրջանից՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյայից: Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին մեկնեց Բեռլին, որտեղ գործնականում դժգոհություն հայտնեց Մոսկվայի ուղղությամբ: Սերժ Սարգսյանը Բեռլինում Մերկելի հետ ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը չունի «հզոր հովանավորներ», կռվում է 80-ականների զենքով, բայց ուժեղ է ոգով:
Ակնառու էր, որ Սարգսյանը «հզոր հովանավոր» չունենալու առումով փաստացի խոսում էր դաշնակից չունենալու մասին, իսկ 80-ականների սպառազինության մասին հայտարարությունն էլ թափանցիկ ակնարկ էր Ադրբեջանին ՌԴ մատակարարած միլիարդավոր դոլարների արդիական սպառազինության մասին:
Սերժ Սարգսյանի այցը Գերմանիա ծրագրված էր ապրիլյան պատերազմից առաջ, սակայն քառօրյան լիովին այլ բնույթ հաղորդեց այցին, իսկ քառօրյայի ընթացքում հայկական բանակի դիմադրությունն ու հակագրոհն էլ Սերժ Սարգսյանին տվեցին Մոսկվայի հասցեին Բեռլինից տաք հետքով արված հայտարարությունների հնարավորություն:
Մյուս կողմից, այդ հանգամանքը առանձնահատուկ ուշադրության է արժանի ռուս-գերմանական հարաբերության առանձնահատկության ֆոնին, ընդհուպ ՌԴ նախագահ Պուտինի կենսագրության գերմանական շրջանի առկայությունը:
Միով բանիվ, հայ-գերմանական հարաբերությունը թե Հայաստանի անկախ պետականության, թե ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրադրության եւ անվտանգության համակարգի համար ճակատագրական շրջափուլից հագեցել է առանձնահատուկ բաղադրիչներով, եւ դրանց զարգացումը ուղղակիորեն բխում է Հայաստանի պետական արդիականացման եւ անվտանգության շահից, ըստ այդմ ռեգիոնալ անվտանգության ու կայունության շահից:
Մյուս կողմից, սակայն, այստեղ շատ կարեւոր է, թե ինչ օրակարգով է այդ հարաբերությանը մասնակցում Հայաստանը: Այդ իմաստով գուցե նշանային կարող է լինել Նիկոլ Փաշինյանի այցի կետերից մեկը՝ ելույթը գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում, որը Գերմանիայի հասարակական-քաղաքական կյանքի նշանակալի ինստիտուտներից է:
Միաժամանակ, այստեղ առկա է նաեւ մեկ այլ հետաքրքիր հանգամանք: Բանն այն է, որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը սերտ գործակցում է ՀՀԿ հետ: Ամիսներ առաջ հիմնադրամի ռեգիոնալ ներկայացուցիչը Սերժ Սարգսյանի հետ քննարկում էր ՀՀԿ արդիականացման համատեղ մշակվող ծրագիրը: Օրերս էլ Փաշինյանի Բեռլին այցին ընդառաջ մամուլում եղավ տեղեկություն, թե միաժամանակ Բեռլինում են լինելու Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը՝ հենց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հրավերով: Ընդ որում, ըստ այդ տեղեկության, այդ հրավերը կազմակերպվել է իբրեւ Նիկոլ Փաշինյանի այցի այսպես ասած հակակշիռ, միաժամանակ ցույց տալու համար, որ ՀՀԿ-ն է այդ իրական հակակշիռը:
Ի՞նչ է կազմակերպում Գերմանիան, կամ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը՝ նոր ու հին Հայաստանի, նոր ու հին իշխանության առերեսու՞մ: Թե՞ Բեռլինն անհրաժեշտ է համարում որոշակիորեն ներդաշնակեցնել նոր ու հին իրողությունները առնվազն այն խնդիրների ու անելիքների շրջանակում, որ հայկական պետականության ու ռեգիոնալ անվտանգության հեռանկարի առումով առկա են ապրիլյան քառօրյայից հետո՝ դրա ձեւավորած ռազմա-քաղաքական նոր իրավիճակում, այդ իրավիճակը սպասարկելու հայ-գերմանական արդյունավետ ռազմավարության համար: