Բաքվի աննախադեպ խոստովանությունը. Երեւանը փոխում է իրավիճակը

ԱՄՆ նախագահ Թրամփը հաստատել է, որ վերջին պահին է չեղարկել Իրանի մի քանի օբյեկտների հասցվելիք հարվածը, քանի որ հարվածից կարող էր զոհվել մոտ 150 մարդ: Փաստորեն, ամերիկա-իրանյան ուղղությամբ այդ հարվածային զարգացումը կարող էր զուգորդվել, կամ ծավալվում էր Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը զուգահեռ, որոնք առանձին հանդիպումներ ունեցան նաեւ Ջոն Բոլթոնի հետ, որը համարվում է իրանյան ուղղությամբ ամերիկյան ներկայիս քաղաքականության համակարգողը:

Վաշինգտոնում հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը վկայեց, որ քննարկումների առանցքը եղել է իրավիճակի կառավարումը: Բոլթոնը Վաշինգտոնի հանդիպումից առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ պատրաստակամ է շարունակել ռեգիոնում խաղաղության առաջխաղացման ջանքին նպաստելը:

Խաղաղության առաջխաղացման ջանքը պրակտիկ տեսանկյունից չի կարող պարունակել այլ հանգամանք, քան առկա իրավիճակի՝ ստատուս-քվոյի քաղաքական արդյունավետ կառավարման հասնելը: Դա իսկապես բարդ խնդիր է, բայց դրանից ավելի բարդ է ստատուս-քվոյի որեւէ փոփոխությամբ խաղաղության հասնելը: Համանախագահները անկասկած պատկերացնում են այդ հանգամանքը:

Գործնականում, ստատուս-քվոյի քաղաքական կառավարման հնարավորինս երկարաժամկետ մեխանիզմի գալու բարդ գործընթացի մասին էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ, Վաշինգտոնի հանդիպումից հետո:

Ադրբեջանը համառ դիմադրում է քաղաքական կառավարման մեխանիզմում հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման հարցին, որովհետեւ դա փաստացի ստիպելու է Ալիեւին խոստովանել իր հանրությանը, որ եթե ոչ ընդմիշտ, ապա շատ երկար ժամանակով փակվել է պատերազմի որեւէ ճանպարհ, եւ Ադրբեջանը առնվազն միջանկյալ առումով ճանաչել է ստատուս-քվոն:

Ալիեւը դա չի կարող խոստովանել: Սակայն նրա պաշտպանության նախարարը Վաշինգտոնի հանդիպումից առաջ հայտարարել էր, որ միջազգային իրադրությունը թույլ չի տալիս պատերազմ սկսել, իսկ Ադրբեջանի նախագահն էլ ամեն ինչ անում է հարցը բանակցությամբ լուծելու համար:

Ադրբեջանը փաստացի առաջին անգամ խոստովանել է, որ չունի պատերազմի վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու կարողություն: Դա նորություն չէ: Նորություն է այդ մասին խոստովանելը:

Միաժամանակ ակնառու է, որ համանախագահներն ու հայկական կողմը «քարտ-բլանշ» են տալիս Բաքվին այդ առումով, օգտագործելով մեխանիզմների հարցը նրան կառավարելու համար: Հարցը միարժեք չի դրվում Ալիեւին փակուղի չմտցնելու համար: Մյուս կողմից, ակնառու է, որ Աիեւը շահարկում է այդ հանգամանքը:

Որքա՞ն է այդ իրավիճակի ժամանակային սահմանը: Այստեղ իրավիճակը կախված է մի քանի հանգամանքներից: Գլխավորը սակայն այն է, որ մի կողմից Ադրբեջանին կոնսենսուսով արգելելով պատերազմել կամ լարել իրավիճակը մեծ ռիսկերի աստիճանի, մյուս կողմից համանախագահ երկրները կոնսենսուս ունեն Ալիեւին մեխանիզմներին դիմադրելու հարցում այդ խաղի հնարավորությունը թողնելու համար:

Դրանով լուծվում են մի շարք հարցեր, այդ թվում ավելի շատ թերեւս Արցախի հարցին չառնչվող:

Այստեղ Երեւանի քաղաքական խնդիրն է փոխել համանախագահների այդ կոնսենսուսը հակառակի՝ մեխանիզմների պարտադրման կոնսենսուսի: Դա բարդ եւ ժամանակատար խնդիր է, քանի որ գործ ունենք համաշխարհային ուժի ազդեցիկ կենտրոնների հետ, եւ լուծումը պահանջում է նոր քաղաքական իրավիճակի ձեւավորում լայն համատեքստում:

Այդ առումով, թավշյա հեղափոխությունից հետո Արցախի հարցում նոր նշաձող սահմանելուց հետո՝ Ստեփանակերտի սուբյեկտության իրավունքի եւ այդ հարցում հենց ԵԱՀԿ փաստաթղթերին հղումների տեսքով, Երեւանը ձեռնամուխ եղավ արտաքին քաղաքական լայն դիապազոնով աշխուժացման՝ Իրան, Մերձավոր Արեւելք, Աֆրիկա, Չինաստան, ՀԱՊԿ ռազմա-քաղաքական տրամաբանության հարցադրում, պատերազմի համար Ռուսաստանի պատասխանատվության կանխավ շեշտադրում, Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձեւաչափի նախաձեռնություն, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձեւաչափի սահմանում:

Հայաստանին անհրաժեշտ է փոխել արտաքին քաղաքական միջավայրը լայն իմաստով ամբողությամբ, Արցախի հարցում կուտակված 25-ամյա խնդրահարույց ժառանգության էջը շրջելու բազայի ամրապնդման համար: Այդ բազան բանակը ձեւավորեց ապրիլյան քառօրյայում, որը ներքին դաշտում ամբողջացավ թավշյա հեղափոխությամբ: Ներկայում ամբողջացում է պահանջում արտաքին միջավայրը

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: