
Հայաստանն ու Արցախը հայտնում են ադրբեջանական ԶՈւ ակտիվության աճի մասին, որը դրսեւորվում է խոշորամասշտաբ ինժեներական աշխատանքներով եւ հրադադարի ռեժիմի խախտմամբ, հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:
«Ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստի վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից», – նշված է հաղորդագրությունում:
Վերջին օրերին հակառակորդի կրակոցներից վիրավորվել են հայ զինծառայողներ:
Մայիսի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին իր մտահոգություններն է հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ, որի արդյունքում վիրավորվել է հայ զինծառայող:
Եվ կողմերը, եւ համանախագահները նշում են, որ վերջին տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունն զգալի թուլացել է: Դա տեղի է ունեցել Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո, որտեղ «ոտքի վրա» չկրակելու պայմանավորվածություն է ձեռքբերվել:
Սակայն Ադրբեջանը նորից կրակում է, եւ դա խոսում է որոշակի քաղաքական հաշվարկների մասին: Կարելի՞ է համարել, որ Դուշանբեի պայմանավորվածությունները չեղարկվել են: Համանախագահները Դուշանբեի փոխարեն այլ մեխանիզմներ առաջարկու՞մ են:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ-ն Վիեննայում կողմերին առաջարկեց միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել սահմանին: Հայկական կողմը միանշանակ դրական պատասխան տվեց, բայց Ադրբեջանը Ռուսաստանի լուռ աջակցությամբ տորպեդահարեց պայմանավորվածությունները: Արդեն 2018 թվականին, ինչպես նշում են փորձագետները, Բաքուն Դուշանբեում համաձայնվել էր դադարեցնել կրակը, որովհետեւ միայն այդպես կարելի է կանխել զսպման մեխանիզմների ներդրումը:
Ի՞նչն է Բաքվին ստիպել «մոռանալ» Դուշանբեի մասին: Ալիեւը երաշխիքներ ստացե՞լ է, որ մեխանիզմների հարցը փակվել է, եւ ո՞վ կարող էր տալ այդպիսի երաշխիքներ՝ Մոսկվա՞ն, թե՞ Վաշինգտոնը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ապրիլի 15-ին Մոսկվայում հանդիպումից հետո հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է հայ գործընկերոջ հետ հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում: Կողմերը նշում են, որ հանդիպումը համաձայնեցված չէ, բայց պարզ չէ, թե ով է մեղավոր դրա համար: Հայկական կողմը չի հրաժարվում հանդիպումից, եւ չի բացառվում, որ հենց Բաքուն է փորձում ժամանակից շուտ հայտարարությամբ վիժեցնել հնարավոր հանդիպումը