Բարի, նվիրված ու մաքուր մարդ էր Հովհաննես Մելքումյանը, ով 3 պատերազմում կռվեց ու զոհվեց. նրա քույրը և կինը ևս զինծառայող են

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 1977 թվականին ծնված Հովհաննես Մելքումյանը ամուսնացած էր, ուներ երկու որդի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց զոհվածի քույրը՝ Ոսկի Մելքումյանը, ով ևս զինծառայող է, զինծառայող է նաև զոհվածի կինը:

Ոսկի Մելքումյանը նշեց, որ եղբայրը երկար տարիներ ճաշարանի պետ է եղել, մասնակցել է Ապրիլյան պատերազմին, այս տարվա Հուլիսյան պատերազմին և այս պատեազմին սեպտեմբերի 27-ից իր զորամասի հետ դուրս է եկել առաջնագիծ:

«Ես էլ կողքի զորամասում եմ ծառայում, ես ութ օր չեմ իջել դիտակետից, շատ դաժան պատերազմ էր, շատ ծանր մարտեր էին, մի փոքր վիրավորում էլ ես եմ ստացել, մարտի դաշտում բոլոր տղաներն էլ հերոսներ են: 19 օր եղբայրս եղել է այդ մարտի դաշտում, սնունդն էր ապահովում: Մի օր ուրախացած զանգեց ասեց երեխեքի բուշլաթները հասցրեցի, էլ երեխեքը չեն մրսի»,- պատմեց նա և նշեց, որ գիտի տղաներ, որոնք ապաքինվելուց անմիջապես հետո շտապել են նորից մարտի դաշտ:

Ոսկի Մելքումյանը նշեց, որ այդ օրերի մարտերն ինքն անվանել է մեր օրերի Ավարայրի ճակատամարտ: «Երկնքից մահվան կարկուտ էր թափվում այդ դաշտի վրա»,- ասաց նա, ապա նշեց, որ ականից եղբոր հետ զոհվեիցին նաև Արթուր Նիկողոսյանը և Նարեկ Մելիքսեթյանը:


«Շատ բարի էր, շատ նվիրված, շատ պարզ ու մաքուր մարդ էր, շատ բարի ու սիրուն աչքերով, իր ամբողջ էությունն էլ այդպիսին էր: Նրա մասին ասում էին՝ շատ հաց տվող մարդ է: Նա թիկունքի պետ էր, և կարող էր առաջնագիծ նույնիսկ չգնար, բայց առաջինն է գնացել: Ինքը հպարտանում էր, որ հիմա մենք մինչև Արաքս կգնանք և բոլորս միասին մեր հաղթանակը կնշենք, դա իր երազանքն էր, ինքը ամեն ինչ պլանավորում է: Նրան զինվորները շատ սիրում էին, նա նրանց համար նաև ընկեր էր»,- պատմեց քույրը, ապա թվարկեց ևս անուններ, որոնք հերոսական դրվագների մասնակից են եղել՝ Նարեկ Ասատրյան, Զորաբ Դոխոյան, Վարդան Գալստյան, Գարիկ Վանեցյան, Էդգար Մաթևեոսյան, Վալենտին Բուռնուսուդյան, Թևանյան Դավիթ:

Հովհաննես Մելքումյանը երեք քույր ունի: Քույրերից Նարինեն պատմեց, որ անընդհատ գալիս և եղբոր մարտական ծառայության հերոսություններից են պատմում: «Հայրս 80 տարեկան է ու այդ ամբողջ կյանքի ընթացքում իր ժառանգները եղել են առաջնագծում ու նա միայն մեկ բան էր ասում՝ պետք է առաջ գնալ»,- ասաց նա և նշեց, որ հայրն էլ  60 տարեկանում կամավոր բարձրացել էր թուրքի դեմ կռվելու:

«Հայրս ասում էր՝ ոչ մեկդ շրջանը չպետք է լքեք, պետք լինի դուք էլ պետք է բարձրանաք և կռվեք թուրքի դեմ»,- հավելեց նա:

Քույրերից Գայանե Մելքումյան էլ նշեց, որ այսօր էլ հայրը այս սուգը տեսնելով ասում է՝ բա ով պետք է կռվեր: «Ասում է՝ բա որ բոլորի տղաները գան, տանը նստեն, ո՞վ կպահի հայրենիքը և ճիշտ է արել տղաս, որ զինվորներին մենակ չի թողել, հո մենք թույլ չենք տա թուրքը մտնի մեր երկիր, հպարտանում եմ իմ տղայով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: