Արցախը չի ստորագրել եռակողմ համաձայնագիրը. Դա փոխում է իրավիճակը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշանակումից հետո առաջին անգամ այցելել է Արցախ: Երեկ արտաքին գործերի նախարար նշանակված Դավիթ Բաբայանի հետ ստորագրվել է խորհրդակցությունների պլան:

Հայաստանի ու Արցախի ինստիտուցիոնալ հարաբերությունները շարունակում են մնալ առանցքային հարցերի մեկը 44 օրյա պատերազմից հետո: Երեւանը մտադի՞ր է Արցախի հետ անվտանգության ու համագործակցության պայմանագիր ստորագրել, Հայաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը: Հայաստանը պատասխանտու՞ է Արցախի գործողությունների համար՝ ըստ եռակողմ հայտարարության եւ որպես ի՞նչ:

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն օրերս հիշեցրել է, որ Արցախը չի ստորագրել եռակող համաձայնագիրը: Դա նշանակու՞մ է, որ Արցախն իրեն պարտավորված չի զգում կատարելու այն, ինչ ստորագրել է Հայաստանը:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախի խորհրդարանական խմբակցությունները հայտարարություն տարածեցին այն մասին, որ հայկական կողմի հետագա քաղաքականության գլխավոր կետը պետք է լինի Արցախի միջազգային ճանաչումը՝ որպես այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքների ապահովման պայման:

Պաշտոնական Երեւանը զերծ է մնում անկախության հարցի քննարկումից: Ավելին, Հայաստանի խորհրդարանը պատերազմից հետո չի քննարկել դրա արդյունքները, չի ընդունել քաղաքական հայտարարություն, որում կարձանագրվեր ստատուս քվոն:


Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցությունը Ղարաբաղի անկախության ճանաչման նախագծի մշակում է սկսել, դեկտեմբերի 11-ին հայտարարել էր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը նշել է, որ իրենք սկսել են գործընթացը, բայց հիմա իրականցնելը նպատակահարմար չէ: Եթե քաղաքական միավորը պատասխանատու միավոր է, պատասխանատվություն է կրում, չի կարող ձեռնարկել քայլեր, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել որեւէ մեկի կյանքը կամ որեւէ գործընթաց, բացատրել էր Մարուքյանը:

Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն էր. «Եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, Հայաստանի պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ինչու 2016 թվականին չճանաչվեց։ Պետք է հաշվի առնել, որ ռազմական գործողությունները դադարեցվեցին 3,5 օրվա ընթացքում։ Այն ժամանակ Հայաստանը բոլոր փաստաթղթերը պատրաստել էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար, բայց հրադադարի ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, ու եթե ձախողվեին, Հայաստանը կճանաչեր»։

ԱԳ նախկին նախարարի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս իրենց դիրքորոշումը հայտնել են, որ քանի դեռ ընթանում է բանակցային գործընթացը, ճանաչումը հարվածի տակ կդնի բանակցային գործընթացը, ահա թե ինչու 2016 թվականին չճանաչվեց։ Ինչ վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին, նրա խոսքով, երբ հրադադարի երեք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, բայց ամեն անգամ խախտվում էին, բոլոր հիմքերը կային Լեռնային Ղարաբաղը ճանաչելու համար, և դա կարող էր օգուտ բերել։

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը պնդում է, որ ապրիլյան պատերազմը կանգնեցվել է, որովհետեւ ամերիկացիները սպառնում էին ճանաչել Ղարաբաղը:

Եվրոպական երկրների ու ԱՄՆ խորհրդարաններում գործընթացներ են տեղի ունենում, որոնք Հայաստանից դրական ազդակների դեպքում կարող են բերել Արցախի անկախության ճանաչման: Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը քննարկե՞լ են այդ հնարավորությունը: Թե՞ Բաբայանը դեռ կարծում է, որ ստեղծված իրավիճակում ճանաչումը վտանգավոր է, իսկ արեւմտյան երկրների բանաձեւերը՝ Ռուսաստանի թշնամիների մեքենայությունները:

Աղբյուր՝ Lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: