
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ Մինսկում տեղի ունեցած հանդիպմանն ասել է, թե Բելառուսը Հայաստանի լավ բարեկամն է, ինչ էլ որ ասեն: Ըստ նրա, իրենք կատարում են իրենց պարտավորությունները թե ԵՏՄ-ում, թե ՀԱՊԿ-ում, եւ չնայած Հայաստանում կան տարբեր տեսակետներ, բայց Բելառուսը Հայաստանի լավ բարեկամն է:
Լուկաշենկոն եւ Սարգսյանը հանդիպել են Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքային խմբի Մինսկի հավաքի շրջանակում:
Բելառուսի բարեկամության մասին Լուկաշենկոյի հավաստիացումները իհարկե ժպիտ են առաջացնում Ադրբեջանին վաճառված Պոլոնեզների ֆոնին, կամ Ադրբեջանի ուղղությամբ կատարված այն քաղաքական ժեստերի, որ դրսեւորվել են ընդհուպ ապրիլյան քառօրյայի օրերին:
Մյուս կողմից, այսօր Բելառուսը գործ ունի բոլորովին այլ Հայաստանի, Հայաստանի բոլորովին այլ իշխանության հետ: Միեւնույն ժամանակ, Բելառուսը գործ ունի նաեւ Ռուսաստանի հետ, որն էլ իր հերթին գործ ունի նոր Հայաստանի հետ: Ըստ այդմ, եթե օրինակ Հայաստանի խնդիրները նախկին համակարգի պարագայում ԵՏՄ ու ՀԱՊԿ մյուս անդամների համար էին խաղաքարտ Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունում՝ իսկ Սերժ Սարգսյանն էլ այդպիսի դեպքերում լռում էր ու սպասում, որ Պուտինը «դուրս գա դրա տակից», ապա այժմ Հայաստանում տեղի ունեցած եւ շարունակվող վերափոխումների ֆոնին Հայաստանը կարող է Ռուսաստանին տալ մյուս անդամների հանդեպ առավելության հնարավորություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երեւանը մտադիր է դնել ինտեգրացիոն միություններում առավել սերտ եւ փոխադարձաբար պարտավորված հարաբերության հարցը: Եթե Հայաստանը սկսի հարցեր դնել ԵՏՄ, առավել եւս ՀԱՊԿ առաջ, այստեղ անդամ պետությունների համար կարող են առաջանալ խնդիրներ, որոնց լուծման համար նրանք պետք է դիմեն Ռուսաստանին: Մինչդեռ Մոսկվայում էլ մեծ անորոշություն ու շփոթություն է Հայաստանի հարցում, բացառությամբ թերեւս Պուտինի:
Այդ իրավիճակում, առնվազն կարճաժամկետ իմաստով այլ բան չի մնում, քան գոնե հայտարարել Հայաստանի հետ բարեկամության մասին, ինչն էլ անում է Լուկաշենկոն Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը, որը շաբաթներ առաջ անցել էր Վաշինգտոն-Փարիզ-Մոսկվա երթուղով:
Երեւանն այդ իմաստով սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարողացավ հմտորեն համադրել Փաշինյան-Սարգսյան ռեսուրսն արտաքին դինամիկ գործընթացի հետ, ներդաշնակեցնելով այն ներքին գործընթացներին եւ ապահովել կայունության շոշափելի մակարդակ: Ընդ որում, դինամիկ փուլը թերեւս շարունակվում է, եւ նոյեմբերի առաջին շաբաթը սպասվում է ՀԱՊԿ Վեհաժողովը, որտեղ օրակարգային հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստանի ներկայացուցչի հարցը:
Խաչատուրովի շուրջ հայտնի զարգացումներից հետո Երեւանն իրականացնում է փոփոխության ընթացակարգ, որի առնչությամբ կա ՀԱՊԿ որոշ անդամների դժկամությունը: Այդ թվում հատկանշական է Մինսկի դիրքորոշումը, որը այբբենական կարգով հաջորդն է եւ Բելառուսը կարող է եւ չսպասել մեկ տարի, դնելով Հայաստանի քարտուղարի եւ ընդհանրապես քվոտայի փոփոխության հարցը:
Արդյոք Սարգսյանի հետ հանդիպմանը Լուկաշենկոյի հայտարարությունը հուշում է, որ Արմեն Սարգսյանը լուծել է նրա հարցը եւ Բելառուսը մի քանի օր անց Վեհաժողովում խնդիր չի առաջացնի գլխավոր քարտուղարին փոխելու հայկական օրակարգի համար:
Թե՞ Հայաստանը գործնականում չի էլ ջանում փոխել քարտուղարին, ու Երեւանի համար ավելի կարեւոր է գործընթացը, քան բուն փոփոխությունը: Այդ առումով հետաքրքիր է, որ Խաչատուրովի նշանակումն էլ ձգվում էր մեկ տարի, եւ Սերժ Սարգսյանը կարծես թե առանձնապես մեծ աշխուժություն այդ հարցում չէր էլ ցուցաբերում:
Կա տեսակետ, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարեւոր է, մինչդեռ գործնականում այդ պաշտոնը Հայաստանի համար չի ավելացնում որեւէ սկզբունքային քաղաքական արդյունք: Ավելին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն օրերս հայտարարել էր, թե խնդիրը Երեւանը դիտարկում է ավելի լայն՝ ոչ թե զուտ Հայաստանի ներկայացուցչի փոփոխության, այլ ընդհանրապես գլխավոր քարտուղարի եւ ՀԱՊԿ գործունեության կարգավորումների համատեքստում: Այլ կերպ ասած, Երեւանը ՀԱՊԿ առաջ դնում է կազմակերպության արդյունավետության խնդիրը, ոչ թե գլխավոր քարտուղարի փոփոխության:
Փոփոխությունն ընդամենը առիթ է: Եվ այստեղ գուցե ՀԱՊԿ անդամները կանգնում են անսովոր իրավիճակի առաջ, համենայն դեպս որոշելով «ապահովության» համար հավատարմության «երդում» տալ Հայաստանին, մինչեւ կտեսնեն, թե ինչ է կատարվում, օրինակ, նոյեմբերի 11-ին Փարիզում տեղի ունենալիք Թրամփ-Պուտին հանդիպմանը, որից առաջ Սպիտակ տան առանցքային պաշտոնյաներից մեկը այցելել է Մոսկվա, իսկ դրանից հետո էլ Երեւան՝ անելով բավական բաց հայտարարություններ: