Արթուր Վանեցյանը «թասիբի» է գցում Ռոբերտ Քոչարյանին

Ես վերցնելու եմ մանդատը, եթե կայացվի մանդատները վերցնելու որոշում, հայտարարել է ՀՀԿ-Հայրենիք «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը, շարունակելով, որ չի թողնի իր թիմին մենակ: «Բանալին» այստեղ թերեւս հենց այդ շարունակությունն է, որը բավականին ուշագրավ է հնչում նախօրեին Հայաստան դաշինքի առաջին համար, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության ֆոնին, որը ասել էր, որ չի վերցնի խորհրդարանի իր մանդատը: Արթուր Վանեցյանի ձեւակերպումը, որ չի թողնի իր թիմին մենակ եւ կվերցնի մանդատը, ըստ էության անուղղակի նշանակում է, որ մանդատը չվերցնելով, Ռոբերտ Քոչարյանն իր թիմին թողնում է մենակ: Կարձագանքի դրան երկրորդ նախագահը որեւէ կերպ, թե ոչ, պարզ չէ, սակայն բավականին շոշափելի է, որ ԱԱԾ նախկին պետն իր ձեւակերպումով կարծես թե խորհրդարանի մանդատը վերցնելու «թասիբի» է գցում երկրորդ նախագահին:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին խոսում էր ոչ միայն մանդատը չվերցնելու, այլ ըստ էության Սերժ Սարգսյանին հաղթելու մասին: Նա հայտարարեց, որ ընդդիմության դաշտում տեղի է ունեցել լուրջ վերադասավորում եւ իրենք այժմ երկրորդն են: Իսկ ովքե՞ր էին ընդդիմության դաշտում մինչ այդ առաջատարը կամ այսպես ասած երկրորդը: Իհարկե ՀՀԿ-ն, այլ ոչ թե խորհրդարանում բավականին «բուտաֆորիկ» ներկայացվածություն ունեցող ընդդիմադիր երկու ուժերը, կամ արմատական ընդդիմության մասին հայտարարած այլ ուժեր:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր ՀՀԿ նկատմամբ հաղթանակի մասին, ինչին ի պատասխան էլ փաստորեն հնչում է արձագանքը ՀՀԿ ճամբարից, այն տողատակով, որ հաղթողը չի թողնում իր թիմին մենակ: Բանն այն է, որ խորքային առումով երկրորդ նախագահը չի կարողացել հաղթել Սերժ Սարգսյանին, որովհետեւ քաղաքական իրողությունները չեն արտահայտվում միայն ստացած մանդատների կամ տոկոսների թվաբանությամբ: Պատահական չէ նաեւ, որ Արթուր Վանեցյանը խոսում է թիմի մասին, ակնարկելով այն, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն թիմին մենակ թողնող առաջնորդ է, այլ ըստ էության թիմ չունեցող առաջնորդ է, ինչի մասին էին գուցե նաեւ ընտրությունից առաջ համացանցում հայտնված ավիատոմսերի նկարները:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: