Առանց Պուտինի համաձայնության Ալիեւն այդպիսի քայլի չի դիմի

Մեր զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Պարոն Չաքրյան, Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը չհամաձայնի Զանգեզուրի միջանցքի հարցում, Ադրբեջանը դա կանի ուժով: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

Ես չգիտեմ, թե նրանք Պուտինի հետ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել: Հավանաբար ԵԽԽՎ-ում ռազմագերիների հարցի քվեարկության ժամանակ ռուսական պատվիրակության հակահայկական դիրքորոշումը ոգևորել է Ալիևին, և նա Զանգեզուրի մասին այդպիսի հայտարարություն է արել: Առանց Պուտինի համաձայնության նա այդպիսի քայլի չի դիմի: Մեղրիի միջանցքն ունի տարածաշրջանային նշանակություն, և եթե նա միջանցք բացի, ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում էապես կխախտվի հօգուտ թուրք-ադրբեջանական թևի: Թուրքիայի դերն աննախադեպ կաճի: Դրան հակազդեցություն կցուցաբերեն տարածաշրջանի երկրները՝ Իրանի գլխավորությամբ, որին կմիանան Սիրիան և Իրաքը, ապա նաև տարածաշրջանի արաբական երկրները: Էլ չեմ ասում ԱՄՆ-ի մասին՝ Բայդենը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հայտարարել էր իրենց տարածաշրջան վերադառնալու մասին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե մենք Ադրբեջանին միջանցք տրամադրենք դեպի Նախիջևան, Իրանի հետ երկաթգիծ չենք ունենա: Խորհրդային տարիներին այդ երկաթգիծը գործում էր Ջուղայից, հետևաբար, դա բոլորովին կապ չունի դրա հետ: Երևի նա Պուտինին էր հաճոյանում: Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո բազմիցս հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը: Գուցե նրան է հաճոյանում: Այնուամենայնիվ, ում էլ հաճոյանա, որևէ երկրի համար միջազգայնորեն պարտավորեցնող են նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի հայտարարությունները: Ինքը գուցե  ունի Պուտինին ու Լավրովին կամ մյուս թափթփուկներին հաճոյանալու իրավունք, բայց Հայաստանին միջազգային պարտավորությունների տակ գցելու իրավունք նա չպետք է ունենա:

Երեկ Փաշինյանը նորից խոսել է Մեղրիի միջանցքի մասին և ասել, որ որևէ միջանցք էլ չի լինելու. «Եթե իրենք ասում են՝ Մեղրու միջանցք, մենք էլ ասում ենք՝ Նախիջևանի միջանցք, լինելո՞ւ է, թե՞ չի լինելու»: Ինչո՞ւ են հաճախացել Մեղրիի միջանցքի շուրջ խոսակցությունները:

Մեղրիի հարցի՝  հաճախակի արծարծելիս պետք է հասկանալ, որ այդ միջանցքը թուրքերին պետք է Ադրբեջանում ազդեցություն տարածելու համար, Միջին Ասիա ներթափանցելու, պանթուրքիստական ծրագրերի իրագործման հնարավորություն ձեռք բերելու համար: Այդ ծրագրերը կարելի է իրականացնել թուրքալեզու հանրապետությունների համագործակցություն ստեղծելու միջոցով, պարտադիր չէ մտնեն գրավեն: Դրա համար երբ Թուրքիան խոսում է Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին, օրինականացնում է թուրքական նկրտումները, ինչպես նաև պանթուրքիստական ծրագրերի իրագործման ձգտումները, Իլհամ Ալիևի՝ Զանգեզուրի հանդեպ հավակնություններն է օրինականացնում: Եվ հիմա անընդհատ մարզեր գնալ և խոսել այդ մասին, իմաստ չունի, պետք է զգույշ լինի իշխանությունը:

Սյունիքի մարզի հետ կապված Ռուսաստանը նո՞ւյնպես հավակնություններ  ունի՝ հաշվի առնելով այն, որ շրջանառվում է Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ տեղակայելու մասին:

Սյունիքի վրա աչք չունի, բայց Սյունիքի կորուստը ինչի կհանգեցնի: Տեսեք՝ Սյունիքում հայ-իրանական սահմանը հսկում են ռուս խաղաղապահները, Իրանից մեզ որևէ սպառնալիք չկա, թեև եթե լիներ էլ, ռուս զինվորը մեզ չէր պաշտպանելու, բայց այդ դեպքում տեղակայել է, որ պաշտպանի Հարավային Կովկասի Հարավայի սահմանները, իսկ Հարավային Կովկասը ավանդաբար համարվում է ռուսական գերազդեցության տարածք: Փաստորեն հայ-իրանական սահմանին տեղակայված ռուս զինվորը պաշտպանում է ուսական գերազդեցության տարածք համարվող Հարավային Կովկասի հարավային սահմանները: Եվ եթե Ադրբեջանը դա գրավի, կստացվի, որ Ռուսաստանը Հարավային Կովկասի հարավային սահմաններն է կորցնում:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: