
Երեկ տարբեր կայքերում տարածվեց տեղակատվություն այն մասին, որ կառավարությունը որոշել է բիզնես խլել՝ մեջբերելով «Աշտարակ կաթի» շուրջ տեղի ունեցող պատմությունը:

Խոսքը ՀՀ վարչապետի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի եւ «Աշտարակ կաթի» սեփականատեր «Պարգև» ՍՊԸ-ի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման մասին է, որի ժամանակ էլ, ըստ նույն ԶԼՄ-ների, Աճեմյանն իբր սպառնալիքներ է հնչեցրել՝ գործարանը նախկին սեփականատիրոջը վերադարձնելու նապատակով: Շրջանառվեց անգամ նրանց կրոնական պատկանելության հարցը՝ իբր «Կայնքի խոսք» եկեղեցու հետեւորդ Աճեմյանն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հրանահգով փորձում է բիզնես խլել հօգուտ Աշոտ Ափոյանի, որը «Աշտարակ կաթի» նախկին սեփականատերն է:
Հատկանշական է, որ այդ տեղեկատվության տարածումից հետո «Աշտարակ կաթի» Facebook-յան էջի միջոցով «Պարգև» ՍՊԸ-ն հաստատեց Աճեմյանի հետ հանդիպման փաստը՝ հերքելով սպառնալիքների մասին լուրերը: Ամենեւին չպնդելով, որ «սպառնալիքների մասին» լուրերը մամուլում հայտնվել էին «Աշտարակ կաթի» խողովակներով, միեւնույն ժամանակ պետք է նշել, որ բավականին հայտնի տեխնոլոգիա է, մի կողմից ապահովել «կառավարությունը բիզնես է խլում» երանգավորմամբ տեղեկատվության արտահոսք, մյուս կողմից պաշտոնապես մասամբ հաստատել այն՝ փորձելով նեղը դնել որոշում ընդունողներին:
Այս պատմությունը գոնե լրատվական դաշտում կարող էր ավարտվել, եթե «Հայկական ժամանակ»-ի տրամադրության տակ չհայտնվեր «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի դիմումը, որտեղ նա մանրամասն ներկայացնում է իր գործարանի «ռեյդերային զավթման» պատմությունը:
Դիմումի սկզբում Աշոտ Ափոյանը ներկայացնում է գործարանի ստեղծման պատմությունը, որը 15 աշխատակցից տարիների ընթացքում զարգացել եւ դարձել է մինչև 600 աշխատակից ունեցող ՀՀ տարածքում ամենախոշոր կաթնամթերք արտադրող ընկերությունը՝ հանդիսանալով որպես խոշոր հարկ վճարող կազմակերպություն: Նա նշում է, որ նախորդ իշխանությունների օրոք իր ընկերության նկատմամբ «պետական հովանավորությամբ» իրականացվել են «բազմաթիվ ապօրինի գործողություններ»:
Մասնավորապես, նրա խոսքով, «Պարգեւ» ՍՊԸ-ն, որի հետ տարիներ շարունակ համագործակցել է «Աշտարակ կաթ» ընկերությունը եւ որի, ըստ շրջանառվող լուրերի, ստվերային սեփականատերերից է նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «առանց իրավական հիմքի, առանց պայմանագրի, առանց հանձնման-ընդունման ակտի, ապօրինի կերպով մտել է «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի տարածք, ընկերության անունից իրականացրել տնտեսական գործունեություն` ապօրինի կերպով յուրացնելով և օգտագործելով «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի գույքը, շրջանառու միջոցները` նյութերը, ակցիզները, տեխնոլոգիաները և ապրանքային նշանները»:
Այս երկու ընկերությունների միջեւ, Ափոյանի խոսքով, չի եղել որևէ իրավական հիմք «Աշտարակ կաթի» անունից տնտեսական գործունեություն իրականացնելու մասին:
Այնուհետեւ նա պատմում է, որ 2016 թ-ի նոյեմբերի 16-ից «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն փաստացիորեն ֆիզիկապես դադարեցրել է իր տնտեսական գործունեությունը, իսկ «Պարգև» ՍՊԸ-ի աշխատակազմը անօրինական մուտք է գործել Դրոյի 13 հասցում գտնվող գործարանի տարածք, ընկերության տարածքից դուրս հանել բոլոր հին աշխատակիցներին: Այսպիսով՝ հայտնի ՍՊԸ-ն իր աշխատակիցների փաստացի տնօրինման տակ է վերցրել «Աշտարակ-կաթ»-ի հաշվապահությունը, դրամարկղը, արտադրական մասը, պահեստները, մարկետինգի ծառայությունը, ավտոմեքենաների պարկը և բոլոր այլ ծառայությունները:
«Սկսած 2016 թ-ի նոյեմբերի 16-ից «Պարգև» ՍՊԸ-ն ամբողջ ՀՀ տարածքից սկսել է հավաքագրել «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի կողմից մինչև 2016թ-ի նոյեմբերի 16-ն առաքված ամբողջ ապրանքատեսականու դիմաց դրամական միջոցները: Բոլոր խանութներից կանխիկ գումարները հավաքագրվել են և մուտք են արվել «Պարգև» ՍՊԸ-ի դրամարկղ: Կատարվել է դրամի հափշտակություն», — պնդում է Աշոտ Ափոյանը՝ հավելելով, որ չնայած ՊԵԿ-ի արգելանքին՝ «Աշտարակ-կաթ»-ի գործունեության դադարեցման մասին, «Պարգև» ՍՊԸ-ն 2016 թ-ի դեկտեմբերի 2-ից մինչև «իմ իմանալով դեկտեմբերի 18-ը ներառյալ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի անունից» նույն ՓԲԸ-ի ակցիզներով ՀՀ ողջ տարածքում իրացրել է գործարանի արտադրանքը եւ ստացված գումարները մուտքագրել «Պարգև» ՍՊԸ-ի դրամարկղ:
Նյութի աղբյուրը՝ Armtimes.com