«Անուղղակի հավաստում եք, որ դասի ընթացքում հանրակրթական դպրոցում տեղի է ունեցել օրգիա՞․․․». Վահրամ Թոքմաջյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն Գորգիսյան, այսօր, ԱԺ բարձրագույն ամբիոնից, արել եք հետևյալ հայտարարությունը. «Մենք կրթության ոլորտում ունենք ահռելի խնդիրներ: Բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տվել, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ»:

Մի կողմ դնենք, որ խախտել եք մարդու հիմնարար իրավունքներ: Մի կողմ դնենք, որ խախտել եք Սահմանադրական՝ անձի գաղտնիության իրավունք:

Մի կողմ դնենք, որ կրկնել եք էժանագին, պոռնիկ կայքերի տարածած նյութը, որով թիրախ են դարձրել այդ երեք աղջիկներին (16-18-տարեկան՝ տարբեր հրապարակումներով, տարիքի հետ կապված՝ գործի ընթացքը փոխվում է):

Հիմա, արել եք պնդում, որ դասի ընթացքում, կրկնում եմ՝ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ: Դասի ընթացքը ենթադրում է ակադեմիական 45 րոպե: Այսինքն, անուղղակի հավաստում եք տալիս առ այն, որ ՀՀ-ում, որևէ դասի ընթացքում, հանրակրթական դպրոցում, տեղի է ունեցել օրգիա:

Այլ բան, թե այդ հավաստիացումը Ձեզ որտեղից: Ոստիկանությունն իր չափաբաժին պատասխանն ունի տալու: Դուք հասկանու՞մ եք, որ օրեր շարունակ, երեք աղջիկների դեմ սանձազերծված ու ուղղորդված թիրախի անառողջ մաս եք կազմում:

Հիմա, կա՛մ հրապարակում եք այդ մանկավարժների ցուցմունքները, որոնք ըստ Ձեզ, հայտարարել են, թե՝ ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ(ուհի),

կա՛մ կրում եք ողջ քաղաքական պատասխանատվությունը, դրանից բխող էժանագին հնարքների համապարփակ բնութագրերով, որոնց կանդրադառնամ հաջորդիվ:
Հարգանյոք՝ ՀՀ քաղաքացի Վահրամ Թոքմաջյան»:

Մեկնաբանեք  նյութը և կիսվեք ընկերների հետ

Понравилась статья? Поделиться с друзьями: