Աննախադեպ խոստովանություն. Պուտինը դիմեց հայ եւ ռուս ժողովուրդներին

Կիրգիզիայի նախագահ Սոորոնբայ Ժեերենբեկովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է խորհրդարանի արտահերթ ընտրությանը տարած հաղթանակի կապակցությամբ:  Կիրգիզիայի նախագահի շնորհավորական ուղերձը առաջինն է եվրասիական «ակումբից», որի անդամ է Հայաստանը: Դա ինքնին հետաքրքիր փաստ է, որ առաջինը Կիրգիզիան է՝ եվրասիական «ակումբի» այն պետությունը, որտեղ մի քանի անգամ եղել է իշխանության փոփոխություն, այն էլ հեղափոխական ճանապարհով, իհարկե ոչ թավշյա, եւ որտեղ այժմ էլ օրենսդրորեն սահմանափակում են նախկին ղեկավարների անձեռնմխելիության հնարավորությունը:

Իհարկե, Հայաստանի հանրության ուշադրությունն ամենից առաջ գրավում է այն, որ առ այսօր չի շնորհավորել ՌԴ նախագահ Պուտինը: Այստեղ ուշադրության կենտրոնացումը ունի հասկանալի պատճառներ, եւ չկա ավելորդ բացատրության կարիք:

Պուտինի շնորհավորանքի բացակայությունը Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը պայմանավորել է արարողակարգով: Արարողակարգի տեսանկյունից գուցե ամեն ինչ կարգին է, սակայն նախկինում օրինակ արարողակարգի պարտավորության բացակայությունը ՌԴ նախագահին չէր խանգարում շնորհավորել Սերժ Սարգսյանին:

Սակայն այստեղ իրավիճակին արժե իհարկե նայել մեկ այլ տեսանկյունից էլ: Պուտինի նախկին շնորհավորանքները տեղավորվում են նախկին հարաբերության, ավելի շուտ նախկին համակարգի բնույթից բխող հարաբերության տրամաբանության մեջ: Ռուսաստանն այդպիսով փաստացի իր խոսքն էր ասում Հայաստանի ներիշխանական ստատուս-քվոյի հարցում, որը կազմավորվում էր ներիշխանական փակ խմբի որոշումներով: Ըստ այդմ Ռուսաստանը անպայմանորեն «կնքում» էր այդ որոշումները բարձր շնորհավորանքով, որպես Հայաստանի համակարգի «գլխավոր հովանավոր»:

Նոր իրավիճակում Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն ձեւավորել է ժողովուրդը, ոչ թե համակարգային «սխոդկան»: Իսկ դա արդեն չունի Պուտինի կնիքի կարիքը: Իհարկե, բանը միայն դա չէ, այլ նաեւ հանգամանքը, որ ժողովրդի ձեւավորած ստատուս-քվոյի արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը դնում է հայ-ռուսական հարաբերության բնույթի վերանայման հարց: Բնույթի, ոչ թե բովանդակության, որովհետեւ բնույթը խանգարել է բովանդակությանը: Իսկ բովանդակության հարցում կա խոսելու շատ բան, իհարկե հարցերի մի մեծ խմբում փոխադարձ սերտ շահերի առկայության, իսկ մեկ այլ խմբում էլ անհամաձայնությունների եւ տարակարծությունների առկայության պայմաններում:

Բայց նախկին բնույթը թույլ չի տալիս կառուցել բովանդակային հարաբերություն, եւ այդ պայմաններում առանցքային դեր էին ստանում շնորհավորանքների բովանդակությունները, կամ օրինակ այն, որ 2008-ին նախագահ դարձած Սերժ Սարգսյանն այցելում էր Մոսկվա եւ Պուտինին հրապարակավ շնորհակալություն հայտնում ընտրությանն իրեն աջակցելու համար:Реклама 30

Բնույթի փոփոխության հարցն անկասկած նոր իրողության առաջ է դնում Ռուսաստանի նախագահին: Այստեղ խնդիրները բազմաշերտ են: Նա անշուշտ հասկանում է, որ փոփոխությունն անհրաժեշտ է: Դրա մասին էր վկայում Պուտինի օրերս տեղի ունեցած մեծ ասուլիսի ընթացքում հայ-ռուսական հարաբերության մասին արած հայտարարությունները, որ չկա որեւէ փլուզում եւ պետք է զարգացնել եղածը: Ու թեեւ Պուտինն արձանագրում էր «նախորդ սերնդի ղեկավարների» ժամանակաշրջանում կառուցածը զարգացնելու անհրաժեշտությունը, այդուհանդերձ նա մատնանշում էր նաեւ համաշխարհային ու ռեգիոնալ նոր իրողությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը՝ եղածը զարգացնելու առումով:

Միեւնույն ժամանակ, ՌԴ նախագահը կանգնած է խնդրի առաջ՝ իսկ ո՞վ պետք է բնույթի փոփոխությունը կրի Ռուսաստանի կողմում: Հայաստանում փոխվել է համակարգը եւ Հայաստանը կարող է դնել հարաբերության բնույթի փոփոխության հարց, բայց Ռուսաստանում համակարգ չի փոխվել: Իսկ Ռուսաստանի համակարգը չի պատկերացնում հայ-ռուսական հարաբերության այլ բնույթ, միաժամանակ էլ այդ հարաբերությունը դիտարկում է որպես Ռուսաստանի աշխարհքաղաքական դերի եւ ներուժի ինդիկատոր:

Եվ այստեղ ՌԴ նախագահի համար առաջանում է խնդիր, ու այդ խնդիրն է նաեւ, որ նրան ստիպում է մեծ ասուլիսի ընթացքում դիմել փաստացի հայ ժողովրդին, հայտարարելով, որ հայ ժողովուրդը ռուս ժողովրդի մերձավորագույն դաշնակիցն է Կովկասում, այդպես եղել է պատմականորեն, այդպես կա եւ «հուսով եմ այդպես կլինի հետագայում էլ», ասել էր Պուտինը:

Իհարկե, պատմությունն այդ առումով ունի բազմաթիվ հարցեր, կապված հատկապես հայկական շահերի հետ Ռուսաստանի «դաշնակցային» քայլերի հետ, սակայն հենց այդ առումով էլ հատկանշական է, որ Պուտինը խոսում է ժողովուրդների մասին՝ հայ ժողովրդի եւ ռուս ժողովրդի, փաստացի ակնարկելով, որ Ռուսաստանում ներկայիս եղած համակարգը ի զորու չէ լինել հայ ժողովրդի դաշնակից: Բայց միաժամանակ պատկերացնելի է, որ այդ համակարգի փոփոխությունը հատկապես այժմ ոչ միայն հայ ժողովրդի անվտանգության, ոչ միայն արդիական աշխարհի, այլ նաեւ հենց Պուտինի ու ռուս ժողովրդի ահռելի խնդիրն է՝ այնպիսի փոփոխությունը, որը չհանգեցնի փլուզման, պայթյունի եւ աշխարհի 1/6-րդ մասի կոլապսի կամ վակուումի, ու այդ խնդրի լուծումը լինելու է բավական բարդ ու ժամանակատար:

Ու այդ իրավիճակում առանձնապես կարեւոր է դառնում այն, որ հայ ժողովուրդը չհրաժարվի հայ-ռուսական հարաբերության բնույթը փոխելու եւ այդ հարաբերությունը բովանդակության դաշտ բերելու առաջնահերթությունից, դա պատվիրակելով նաեւ իր ձեւավորած իշխանությանը եւ չհրաժարվելով այդ պատվերից:

lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: