
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը
Պարոն Զոլյան, ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածընտրությունները։ Կուսակցությունների և դաշինքների ձայներիայսպիսի համամասնությունը ինչի՞ մասին է խոսում։ Ամենընտրատեղամասում «Իմ քայլը» 70-80 տոկոս հաղթանակ է ապահովել։
Նախ եկեք չմոռանանք, որ սա, ըստ էության, առաջին ազատ և ժողովրդավարական ընտրությունն էր Հայաստանում, համենայնդեպս, 21-րդ դարի ընթացքում: Երկրորդ, սա առաջին ընտրությունն էր հեղափոխությունից հետո և, ըստ էության, այս ընտրությունը շատ ավելին էր, քան Երևանի քաղաքային ընտրությունը: Սա, կարելի է ասել, հանրաքվե էր հեղափոխության արդյունքների հետ կապված: Հենց դրա հետ է կապված այն հսկայական ձայների տոկոսը, որ ստացավ «Իմ քայլը» դաշինքը, ինչպես նաև մնացած կուսակցությունների ստացած ձայները, որից երևում է, որ հայ հասարակությունն, ըստ էության, մերժում է հին քաղաքական ուժերին:
Այս իմաստով շատ խոսուն է ՀՅԴ-ի ստացած ձայների փոքր քանակը: Դա խոսում է այն մասին, որ Դաշնակցությունը պետք է շատ լուրջ փոփոխություններ մտցնի, եթե ուզում է պահպանվել որպես կուսակցություն: ԲՀԿ-ի ստացած ձայները կարծում եմ՝ վատ արդյունք չէ իրենց համար: Համենայնդեպս, դա բավարար է, որ ԲՀԿ-ն պահպանվի որպես քաղաքական ուժ: Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն նախորդ ռեժիմի օրոք բավական հաջող համագործակցում էր իշխող ուժի հետ, կոալիցիայի անդամ էր, ապա սա բավական լավ արդյունք է: ԲՀԿ-ն կարողացավ ինչ-որ չափով ազատվել այդ բեռից, բայց, իհարկե, ԲՀԿ-ն էլ պետք է լուրջ փոփոխություններ անի, եթե ուզում է ավելին ստանալ:
Կա տեսակետ, որ ընտրություններին մասնակցությունը ակտիվ չէր։
Ես համաձայն չեմ, որ մասնակցությունը ցածր էր: Սրանք քաղաքային ընտրություններ են, որոնց ժամանակ միշտ ավելի ցածր է լինում մասնակցությունը, քան համապետական ընտրությունների ժամանակ: Երկրորդ, նախորդ ընտրությունների ժամանակ եղել են բազմաթիվ գործոններ, որոնց միջոցով ուռճացվել է մասնակցությունը՝ կեղծիքներ, կրկնաքվեարկություն, մարդկանց բերել են «գազելներով», բաժանել են ընտրակաշառքներ: Եկեք չմոռանանք, որ այս անգամ մարդիկ քվեարկել են անվճար, մահացածները չեն քվեարկել, «գազելները» ոչ ոքի չեն բերել, վարչական ռեսուրսը չի օգտագործվել, ու չնայած այդ ամենին, մենք ունենք մասնակցության 2 տոկոս աճ: Այսինքն՝ իրականում այդ աճը շատ ավելի մեծ է: Այն փաստարկը, որ մարդկանց կեսը տանն է մնացել, հետևաբար, չի կարելի համարել, որ իրոք, «Իմ քայլը» ստացել է 80 տոկոս ձայն, այսինքն՝ նրանք ունեն ոչ թե 80 տոկոս, այլ 30-40 տոկոս ձայն, նույն տրամաբանությամբ մենք պետք է նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականների ձայները ևս բաժանենք երկուսի և ստանանք, որ ՀՀԿ-ն ստացել է ոչ թե 50, այլ 20-25 տոկոս ձայն: Կարծում եմ՝ այդ փաստարկը բերողների համար դա այնքան էլ հաճելի հետևություն չի լինի:
Կարո՞ղ ենք ասել, որ այս ընտրությունները քաղաքական ուժերիստուգատեսն էին։ Ինչ սպասել արտահերթ խորհրդարանականընտրությունների արդյունքներից այս դեպքում։
Իհարկե, սա կարելի է քաղաքական ուժերի համար ստուգատես և ԱԺ ընտրությունների նախապատրաստություն համարել: Այստեղ «Իմ քայլը» դաշինքի հաջողությունը ցույց է տալիս, որ հեղափոխական իշխանությանը ձեռնտու կլինի հնարավորինս շուտ անցկացնել ընտրությունները: Ընդ որում, եթե ԲՀԿ-ն էլ օբյեկտիվ գնահատի իր հնարավորությունները, նա էլ պետք է շահագրգռված լինի, որովհետև չեմ կարծում, որ ժամանակն անցնելուն պես ԲՀԿ-ն կարող է մեծապես իր ձայները շատացնել: «Լույս» դաշինքի համար սա միգուցե շատ ավելի վատ արդյունք էր, քան սպասելի էր, բայց էլի սա նշանակում է, որ եթե նրանք առանձին հանդես գան խորհրդարանական ընտրություններում, ևս կարող են անցնել Ազգային ժողով: Դաշնակցության համար սա, իհարկե, շատ վատ արդյունք էր և ՀՅԴ-ն կփորձի երկարաձգել Ազգային ժողովի ընտրությունները, որպեսզի ինչ-որ փոփոխություններ կատարի, բայց նաև այս արդյունքի պատճառով Դաշնակցության ռեսուրսը այս առումով փոքր է և կարծում եմ՝ ՀՅԴ-ն ստիպված կլինի գնալ այդ քայլին: Մնում է ՀՀԿ-ն, որն ըստ էության որևէ փաստարկից զուրկ մնաց, բացի մասնակցության խնդիրն արծարծելուց, ինչը այնքան էլ համոզիչ չէ, որի մասին նշեցի վերևում:
Ի՞նչ եք կարծում, գրանցված արդյունքներից հետո ՀՀԿ–ն էլ ավելի չի՞հետաձգի ընտրությունները՝ հաշվի առնելով իրենցտրամադրվածությունն ընտրություններին և նաև մտահոգվելով, որհնարավոր է ընդհանրապես չհայտնվեն խորհրդարանում։
Արդեն նշեցի, որ ՀՀԿ-ն փաստարկներ այս պահին չունի, բայց, իհարկե, նրանց դեպքում փաստարկների բացակայությունը երբեք նրանց չի կաշկանդել: Այո, կարծում եմ, որ նրանք կատաղի դիմադրություն ցույց կտան և կփորձեն ամեն գնով հետաձգել ընտրությունները, բայց այդ առումով նրանք մենակ կմնան: Արդեն ասացի, որ մյուս կուսակցությունների մեծ մասին, նաև ԲՀԿ-ի ու «Լույսի» համար չկան փաստարկներ, որ հետաձգեն ընտրությունները, իսկ Նիկոլ Փաշինյանի դիրքերը շատ ուժեղացան այս արդյունքով: Սա ջախջախիչ հաղթանակ էր, և ՀՀԿ-ի դիրքերը էլ ավելի թուլացան: Մենք հիմա դա կտեսնենք նաև տարբեր պաշտոններում գտնվողների դեպքում, այսինքն՝ այն պաշտոնյաները, որոնք դեռ մնում էին իրենց տեղերում, հիմա ստիպված կլինեն զիջել:
Կարո՞ղ են արդյոք խորհրդարանական ընտրությունները այլ պատկերարձանագրեն՝ հաշվի առնելով, որ միայն Երևանի բնակիչներին էինմասնակցում այս ընտրություններին։
Չեմ կարծում, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները շատ կտարբերվեն Երևանի ընտրության արդյունքներից: Իհարկե, Երևանում միշտ էլ ընդդիմությունը, որ հիմա դարձել է իշխանություն, ավելի շատ ձայներ է ունեցել, բայց կարծում եմ՝ հեղափոխությունը համահայկական գործընթաց էր, որին մասնակցում էին թե մեծ քաղաքները, թե փոքրերը, թե գյուղերը, որին մասնակցում էին տարբեր սոցիալական խավեր՝ միջին խավը, բանվոր դասակարգը, գյուղացիությունը, անգամ խոշոր բիզնեսմեններից շատերը, ոչ թե օլիգարխները, այլ իսկական բիզնեսը ևս դրանում շահագրգռված էր: Այնպես որ, չեմ կարծում, որ տարբերությունը շատ մեծ կլինի: Գուցե «Լույս»-ը շատ ավելի քիչ ձայներ կհավաքի համահայկական մասշտաբով, իսկ ԲՀԿ-ն ավելի շատ ձայներ հավաքի, բայց, համենայնդեպս, հաղթողների այս եռյակը չի փոխվի, եթե ընտրությունները հիմա տեղի ունենան: Իհարկե, ինչ էլ անեն, մինչև ընտրությունները կազմակերպեն, 1-2 ամիս առնվազն կանցնի և այդ ընթացքում տարբեր բաներ կարող են տեղի ունենալ, բայց ընդհանուր միտումը, որը ցույց տվեցին այս ընտրությունները, կպահպանվի նաև ԱԺ ընտրությունների ժամանակ:
աղբյուր՝ Lragir.am