Այս հոկտեմբերին սպասվում են ե՛ւ նորմայից բարձր ջերմ ու տաք օրեր…..

Այս հոկտեմբերին սպասվում են ե՛ւ նորմայից բարձր ջերմ ու տաք օրեր, ե՛ւ համեմատաբար սառը, ինչն արդեն տվյալ ամսվա համար կլինի բնականոն:

«Ամբողջ ամսվա համար՝ միջին կտրվածքով, կանխատեսվող ջերմաստիճանը նորմայի սահմաններում է, տեղումների քանակը՝ նորմայից ավելի: Այսինքն՝ եթե ամիսը բաժանենք երեք տասնօրյակների եւ միջինացնենք, ապա ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում: Բայց տասնօրյակների բաժանելու դեպքում մի քիչ ավելի զանազան պատկեր է ստացվում: Առաջին տասը օրում ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով, որովհետեւ դեռեւս շարունակում ենք գտնվել արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Ներկա պահին՝ հոկտեմբերի 1-ին, կլիմայական նորմայից 5-6 աստիճան շեղում ունեք, ջերմաստիճանը բարձր է, առավելագույն ջերմաստիճանը հասել է 31 աստիճանի, որը, կարելի է ասել, մոտ է պատմական առավելագույնների շեմին»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Արդեն ամսի 5-ից, ըստ նրա, մեր երկիր կներթափանցեն սառը օդային հոսանքներ եւ ամսի 5-6-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը, այդ թվում Երեւանում, կնվազի 5-6 աստիճանով: Քանի որ սառը օդը գալու է հանրապետության հյուսիս-արեւելքից, դրա անմիջական ազդեցության գոտում կլինեն Լոռին, Տավուշը, Սյունիքը եւ Արցախը: Այնտեղ հոկտեմբերի 5-6-ն ընկած ժամանակահատվածում, ըստ կանխատեսումների, ջերմաստիճանի անկումը կլինի 8-10 աստիճանով:

Ինչ վերաբերում է տեղումներին, այս գիշեր եւ վաղը՝ հոկտեմբերի 2-ին, առանձին շրջաններում, այդ թվում Երեւանում, սպասվում են թույլ տեղումներ: 3-ին տեղումների գոտին կպահպանվի միայն հյուսիսային մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք: Մնացած տարածքներում կլինի առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 4-ին ընդհանրապես տեղումներ չեն կանխատեսվում, իսկ արդեն 5-6-ին հյուսիս-արեւելքից ներթափանցող մթնոլորտային ճակատը տեղումներ կբերի Լոռի, Տավուշ, Սյունիք, Արցախ հատվածներում: Մյուս գոտիներում տեղումներ չեն կանխատեսվում:

«Եթե ջերմաստիճանը նվազի, կմոտենա կլիմայական նորմային, բայց հիմնական անձրեւները եւ հիմնական ցիլկոնային գործունեությունը, որը սովորաբար բնորոշ է հոկտեմբերին, կսկսվի երկրորդ տասնօրյակից: Այսինքն՝ առաջին տասնօրյակը կլինի միջինացված տաք, իսկ արդեն երկրորդ եւ երրորդ տասնօրյակները կլինեն համեմատաբար սառը եւ կմոտենան կլիմայական նորմային»,- եզրափակեց Գագիկ Սուրենյանը:

arenanews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: