
Ժողովուրդ թերթը գրում է, որ հնարավոր է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հակառակ իր խոստման, ՀՀԿ-ին հանցագործների բանդա անվանելու համար դատական հայց չներկայացնի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դեմ: Պատճառը արձագանքներն էին, երբ մեծ թվով քաղաքացիներ պահանջում էին իրենց դեմ եւս դատական հայց ներկայացնել, քանի որ կիսում են ՀՀԿ-ի մասին փոխվարչապետի կարծիքը:
Մեր հրապարակումներից մեկում նշել էինք, որ դատական հայց ներկայացնելու դեպքում կառավարությունն արդեն ստիպված կլիներ համակարգային մոտենալ այդ խնդրին, ապացուցելու համար, որ ՀՀԿ-ն հանցագործների բանդա է:
Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարն առայժմ իրավիճակային բնույթ է կրում, ինչը որոշակի շահարկումների եւ կասկածների տեղիք է տալիս: ՀՀԿ-ի հայցի պարագայում արդեն պետք է տրվեր այդ կուսակցության գործունեության իրավա-քաղաքական ամբողջական գնահատական, ինչը լիովին կփոխեր իրավիճակը այդ թվում կառուպցիայի դեմ պայքարում:
Թերեւս, հենց այս նկատառում էլ ՀՀԿ-ն դատի չի տա Արարատ Միրզոյանին, քանի որ այդ դեպքում կուսակցությունը լիովին կարգելվեր:
Միեւնույն ժամանակ, կա մի հանգամանք եւս, որը երեւում է ՀՀԿ-ում չէին հաշվարկել ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելիս: ՀՀԿ-ականները հայտարարում են, որ Հայաստանն իրենց օրոք ժողովրդավարական երկիր է եղել, ԱԺ նախորդ ընտրությունն անցել է ազատ եւ ժողովրդավարական պայմաններում, իրենք ստացել են մոտ 800 հազար ձայն, եւ ոչ ոք, այդ թվում միջազգային հանրությունը չի վիճարկել ընտրության արդյունքը
Հիմա, ցանկացած ժողովրդավարական երկրում, երբ իշխող կուսակցությունը պարտվում է ընտրությունների ժամանակ, իր ստացած ձայների տարբերությունը նախորդ ընտրությունների հետ համեմատ շատ մեծ չի լինում: Այս պարագայում, եթե հաշվի առնենք մի շարք գործոններ ու տեղական առանձնահատկություններ եւ այլ «բոնուսներ», ինչպես նաեւ իշխանությունից ու վարչական ռեսուրսից զրկվելը, ՀՀԿ-ն պետք է ստանա գոնե նախորդ անգամ ստացած ձայների մեկ քառորդը, թեեւ դա էլ չափազանց մեծ տարբերություն է:
Ի դեպ, ՀՀԿ ցուցակի առաջին համարը հենց այս թիվն է նշել որպես ՀՀԿ-ի ստանալիք ձայն:
Եթե ՀՀԿ-ն չստանա այդքան ձայն, դա նշանակում է, որ նախորդ ընտրությունները կեղծվել են: Այլապես ՀՀԿ-ականների պնդումները, թե իրենք միակ կայացած ուժն են, կայուն ընտրազանգված ունեն եւ այլն, դառնում են դատարկախոսություն: