
«Տեսնում եմ՝ Ադրբեջանի նախագահը ինչպիսի հրճվանք է ապրում՝ մեղադրանքի սլաքը ուղղելով ՀՀ-ի վրա, որ եթե խնդիր կա այդ կազմակերպության մեջ, ուրեմն ՀՀ-ից է», նոյեմբերի 19-ին Երեւանում ասում է լուծարված խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ երեւույթին, Արմեն Ռուստամյանն էլ հրճվում է Ադրբեջանից ոչ պակաս, որ կա այդ մասին խոսելու առիթ՝ թե Հայաստանը չպետք է առիթ տա Ադրբեջանին: Ընդ որում, այդ այսպես ասած մոտեցման մեջ Արմեն Ռուստամյանը մենակ չէ: Նրա հետ են ՀՀԿ տարբեր շրջանակներ, նախորդ իշխանությանն այս կամ այն կերպ առնչվող այլ խմբեր, որոց հետհեղափոխական զբաղմունը հենց այդօրինակ առիթներ փնտրելն է:
Օրինակ, իբրեւ քաղաքական եւ պետական գործիչ, Արմեն Ռուստամյանը կարող էր ասել, որ ՀԱՊԿ խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ Հայաստանի շահի ու անվտանգության հանդեպ առնվազն հետեւողական անտարբերությունը, կամ հետեւողականորեն ոտնահարումը, որ դրսեւորում են այդ կազմակերպության մի շարք անդամներ:
Բայց Արմեն Ռուստամյանը հղվում է ոչ թե Հայաստանից ոտնահարված շահից, այլ իր եւ իր կուսակցության կորցրած իշխանությունից: Դրա համար էլ հղում է անում ոչ թե տարիներ շարունակ ՀԱՊԿ փաստացի հակադաշնակցային բնույթին, այլ Ադրբեջանի հակահայկական հայտարարություններին:
Օրինակ, նույն տրամաբանությամբ Արմեն Ռուստամյանը կարող է նաեւ հայտարարել, որ տեսեք, Ադրբեջանը ասում է, որ Հայաստանն ագրեսոր է, պետք չէր Ադրբեջանին տալ այդպես խոսելու առիթ, պետք չէր հաղթել պատերազմն ու տարածք ազատագրել:
Թվում է, որ ծայրահեղություն է: Բայց ՀԱՊԿ մասին Ռուստամյանի հայտարարության տրամաբանությունը լիովին նույնն է՝ Ադրբեջանը Հայաստանին հանիրավի մեղադրել է, իսկ Ռուստամյանը ոչ թե ասում է, թե Նիկոլը ճիշտ էր, իսկ Ադրբեջանը՝ սխալ, այլ ասում է, թե Նիկոլը սխալ էր, որ Ադրբեջանին տվել է այդպես խոսելու առիթ: Հետեւաբար, Ռուստամյանի նույն տրամաբանությամբ էլ Ադրբեջանին տրված «առիթ» է դառնում Արցախի հաղթանակը, որովհետեւ Բաքուն հենվելով դրա վրա ասում է, թե հայկական կողմն «ագրեսոր» է:
Եվ այլեւս կապ չունի՝ Ռուստամյանը, կամ ՀԱՊԿ շուրջ ստեղծված իրավիճակի մասով նրա կերպ դատողները խոսում են հաղթանակի, տարածքների մասին այդ կերպ, թե ոչ (թեեւ, Սերժ Սարգսյանն օրինակ գրեթե նույն կերպ խոսում էր, երբ ուզում էր դառնալ նախագահ եւ թույլ չտալ, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահ դարձնի Վարդան Օսկանյանին):
Քաղաքականության մեջ հիմքում տրամաբանությունն ու մտածողությունն է, եւ, եթե Արմեն Ռուստամյանը եւ նրա կերպ մտածող շրջանակախումբը դիտարկում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում առիթ է տվել Ադրբեջանին եւ դա բացթողում է, դրանով նրանք Ադրբեջանին են տալիս լայն առիթներ, եւ ոչ միայն ՀԱՊԿ հարցում:
Ծանր բան է իշխանությունը կորցնելը, այն էլ հանկարծ, երբ թվում էր, թե այն եթե հավերժ էլ չէ, ապա առնվազն տեւելու է մինչեւ դրանից ձանձրանալը:
Իշխանության այդպիսի կորուստը իհարկե կարող է սպառնալ համարժեքության արդեն տարրական, ընդհուպ ենթագիտակցական, բնազդային աստիճանի կորստին: Պետությանն իհարկե դրանից չի սպառնում ոչինչ, քանի որ խոսքը խմբերի մասին է, որոնք այլեւս Հայաստանի համար չեն պարունակում քաղաքական որեւէ վճռորոշ դերակատարման ռիսկ:
Պարզապես ափսոս է ու ցավալի, որ Հայաստանին գոնե վերջում ծառայություն մատուցելու փոխարեն կամա, թե ակամա վերջին ծառայությունն է մատուցվում Ադրբեջանին: Իսկ առաջինը եղել կամ եղել են նրանք, որոնց հետեւանքով Հայաստանում արմատավորվել եւ բյուրեղացել է Արցախի հաղթանակի բարոյահոգեբանական ու նաեւ տնտեսա-քաղաքական լիցքը մսխած, յուրացրած, պատերազմի հաղթանակից հետո խաղաղությունը տանուլ տված եւ ապրիլյան քառօրյայի հասցրած համակարգի ձեւավորումը, որի իքս պահից կայուն մասնակիցների շարքում են եղել նաեւ ՀՅԴ մի խումբ առաջնորդներ: